Վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանն այսօր քարոզարշավ անցկացրեց Կոտայքի մարզում: Թիմի հետ միասին վարչապետի պաշտոնակատարը եղավ Հրազդանում, Եղվարդում, Նոր Հաճնում, Չարենցավանում:
Չարենցավանի բնակիչները հանրահավաքի ընթացքում Նիկոլ Փաշինյանի մոտ բարձրաձայնեցին Չարենցավանի թիվ 3 դպրոցի խնդիրը: Այնտեղ տեղի են ունեցել դպրոցի տնօրենի ընտրություններ, սակայն աշակերտների ծնողները դժգոհ են տնօրենի փոփոխությունից: Նրանք հանրահավաքի էին մասնակցում և հայտարարեցին, որ արդեն երրորդ օրն է՝ դասադուլ են իրականացնում: Նրանք, մասնավորապես, մարզպետի պատասխանատվությունն էին տեսնում և հանրահավաքի ընթացքում նույնիսկ «Մարզպետ, հեռացիր» կոչեր հնչեցրին:
«Էդ նամակը կփոխանցեք, ես կուսումնասիրեմ, կլուծեմ», - խոստացավ Փաշինյանը:
Չարենցավանից հետո Նիկոլ Փաշինյանի հաջորդ կանգառը Եղվարդում էր: Այստեղ նա անդրադարձավ նաև Հանրապետական կուսակցության քարոզչական տեսանյութերին:
«Նոր փիառ՝ հակափիառ․․․ շատ հանճարեղ բան են գտել: Ինչ են անում՝ վերցնում են իմ ելույթների այն հատվածները, որտեղ ես ջղայնացած, կրքոտ խոսում եմ, և ասում են՝ ահա, տեսեք, ուզում եք ի՞նքը լինի վարչապետը: Որովհետև իրենց համար ստանդարտ կա՝ իրանց վարչպետերը ոչ տխրում են, ոչ ուրախանում, ոչ ջղայնանում են, ոչ ոգևորվում են», - կարծիք հայտնեց վարչապետի պաշտոնակատարը: - «Էն դդումը ո՞նց ա ռեակցիան․․․ ինչ անես՝ ինքը էն լուրջ դեմքով, իբր իրանք ըտենց խելոք են, լուրջ դեմքով սենց նստած են: Մեկ էլ մի հատ առանձնահատկություն՝ էն Սովետական Միության ժամանակ հիշում եք չէ՞, էն խանութներում մի հատ ապարատ կար, որ սենց քաշում էիր՝ բերանը բացում էր՝ զնգում էր մեջի կոպեկները։ Իրանց պատկերացմամբ՝ վարչապետը պետքա տենց ըլնի՝ ռիչագը քաշես, բերանը բացի, հիսուն տոկոսը դնեմ մեջը՝ բերանը փակի։ Էդ ա իրանց պատկերացրած վարչապետը»։
Փաշինյանը Աբովյանի հանրահավաքի ընթացքում անդրադարձավ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Նաիրա Զոհրաբյանի այն հայտարարությանը, որ եթե քաղաքացիները ընտրեն «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, կուսակցության առաջնորդ, հայտնի գործարար Գագիկ Ծառուկյանը ներդրումներ կանի Հայաստանում։ Փաշինյանն ասաց՝ հայտարարությունը անընդունելի է, քանի որ այն բնորոշ չէ Նոր Հայաստանում ստեղծված քաղաքական իրավիճակին։ Վարչապետի պաշտոնակատարը հայտարարեց, որ ինչպես Գագիկ Ծառուկյանի, այնպես էլ ցանկացած ներդրողի միջոցներն ու ներդրումները պաշտպանված են լինելու պետության կողմից և դա որևէ առնչություն չպետք է ունենա այն փաստի հետ, թե «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը քանի ձայն կստանա ընտրություններին։
«Ներդրման և քվեի կապը նշելը դա ճիշտ չէ այն առումով, որ դա, մի տեսակ, հին Հայաստանի սիմվոլ է։ Որովհետև հին Հայաստանի տնտեսական համակարգի առանձնահատկությունն այն էր, որ Հայաստանում ներդրողների 90 տոկոսին կարելի էր տեսնել խորհրդարանում։ Մենք էս տրամաբանությունը փոխել ենք՝ ժողովուրդն է փոխել էդ տրամաբանությունը, և ես կարծում եմ, որ ուղղակի կոռեկտ չէ ձայն տվեք, որ ներդրում անենք, կամ ներդրում ենք անում, որ ձայն տաք տրամաբանությունը։ Մենք երաշխավարում ենք բոլորի ներդրումների անվտանգությունը», - խոստացավ Փաշինյանը։