Մատչելիության հղումներ

Մարուքյանի հաշվարկներով աղետի գոտու տնակներում ապրողների հարցը լուծելու համար 30 մլն դոլար կպահանջվի


Գյումրեցիների հետ հանդիպմանը «Լուսավոր Հայաստանի» ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանը կրկին ընդգծեց՝ արտահերթին մասնակցում են խորհրդարանում 2-րդ ուժը դառնալու նպատակով: Ասաց՝ հստակ ծրագիր ունեն մարդկանց կյանքը ավելի լուսավոր դարձնելու համար:

Ծնունդով վանաձորցի Մարուքյանը, ինքը լինելով աղետի գոտու բնակիչ, ընդգծեց՝ պետք է առաջնահերթ ու վերջնական լուծվի տնակներում ապրողների բնակարանների հարցը: Թեկնածուի հաշվարկներով՝ դրա համար 30 մլն դոլար կպահանջվի:

«Վարչապետի պաշտոնակատարը հայտարարեց, որ Սաշիկը իրա 30 միլիոն դոլարնա տալիս պետությանը», - հիշեցրեց Մարությանը՝ շարունակելով․ ֊ «Հիմա մտածում եմ, որ վերջին հաշվով, եթե այդ ամեն ինչը վերադարձվում ա երկրին, Գյումրիում տնակային ավանը կա մի բանի պատճառով, որ թալանվել ա երկիրը: Այսինքն՝ թալանվել ա, դրա համար կա տնակային ավան: Թալանը հետ ա բերվել, պետք ա տնակային ավան չլինի: Ես կարծում եմ, որ էն գումարնեը, որ հիմա վերադարձվելու են պետությանը, դրանք պետք է ուղղվեն Գյումրիի այս խնդիրը լուծելուն»:

«Լուսավոր Հայաստանում» կարևորում են նաև մարզերի համաչափ զարգացումը:

Համայնքներին տրամադրվող դոտացիան պետք է որոշվի ոչ թե ըստ բնակչության թվի, այլ ըստ աղքատության մակարդակի ընդգծեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Մանե Թանդիլյանը: Նա աղքատության վերաբերյալ վերջին պաշտոնական թվերը հրապարակեց․ - «Նախորդ տարվա 42 տոկոս աղքատության համեմատ Շիրակը 44 տոկոս աղքատությամբ չեմպիոնն է աղքատ երկրում: Վատ իմաստով չեմպիոն: Այն մարզը, որ տալիս է լավագույն սպորտային չեմպիոններին, ունի նաև այսպիսի ցուցանիշ»:

Թանդիլյանը շարունակեց՝ Շիրակի մարզում են նաև ամենաշատ աղքատության նպաստ ստացողները: Իրենք առաջարկում են Գյումրիին հարկային արտոնություններ տալ․ - «Գյումրիի օդանավակայանը լայն հնարավորություն է բացում, եթե այն դարձնենք ազատ տնտեսական գոտի, որտեղ կգրավենք ներդրումներ, որտեղ կզարգանա բիզնեսը, հետևաբար գյումրեցին կունենա աշխատանք, կայուն աշխատատեղ և իր բարեկեցությունը կավելանա»:

Հարկային օրենսգրքի փոփոխության անհրաժեշտությունից խոսեց նաև Էդմոն Մարուքյանը: Այն ինչ հիմա գործում է, չնայած բարեփոխումներին բիզնեսի համար լուրջ խնդիրներ է ստեղծում ու դժգոհություն կա ասաց թեկնածուն․ - «Հեղափոխությունից հետո հարկային օրենսգիրքը չի փոխվել, բայց մենք տնտեսությունը, բիզնեսը, գործարարությունը բերել ենք սպիտակ դաշտ: Բայց Հարկային օրենսգիրքը ընդունվել ա սև դաշտի համար, այսինքն՝ ստվերային: Հետևաբար մարդիկ հիմա բողոքում են, ասում են՝ ախպեր ջան, մենք էս օրենսգրքով այլ կերպ ենք աշխատել, այլ ռեժիմում: Հիմա սա վնաս ա մեզ: Եվ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, որպես հարկային այս արատավոր օրենսգրքի դեմ պայքարած ուժ՝ նաև մեր «Ելք»֊ի գործընկերների հետ բոլորով ենք պայքարել, ջատագովն է այս օրենսդրության փոփոխության»:

Մի օրինակ բերեց թե օրինակ Հայաստանում ինչու ոսկերչությունը չի զարգանում այն դեպքում, երբ հայ ոսկերիչները մեծ ճանաչում ունեն:

«Մեր իշխանությունները ոսկու գործի վրա, ոսկերչության վրա 20 տոկոս ԱԱՀ են մտցրել: Դրանից անարդար բան չէր կարող լինել: Ոսկերչություն անող ազգի մայրաքաղաքում չկան ոսկու խանութներ և բոլոր ոսկերիչները, ոսկու գործ անողները մի տեղ կենտրոնացված են, որովհետև էդտեղ պայմանավորվածություն կա, որովհետև ինչ֊որ ռեժիմով աշխատում են: Մինչդեռ, եթե չլիներ էս ԱԱՀ-ն, սա կզարգանար»

«Լուսավոր Հայաստանն» այսօր եղել էր նաև Մարալիկում ու Արթիկում: Մարզում կուսակցությունը ռեյտինգային 11 թեկնածու է առաջադրել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG