Մատչելիության հղումներ

ԱԱԾ-ում պատկերացնում են, թե ովքեր են աղմկահարույց գաղտնալսման պատվիրատուները


ԱԱԾ-ում, ծառայության պետ Արթուր Վանեցյանի խոսքով, արդեն պատկերացնում են, թե ովքեր են պատվիրել ու իրականացրել Ազգային անվտանգության ծառայության և Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) պետերի հեռախոսազրույցի գաղտնալսումը, բայց մեղադրանք առաջադրելու համար փաստական հիմքեր չունեն։

Վանեցյանը հավելեց, որ տարբեր դիրք զբաղեցնող անձանցից այդ թեմայի մասին ստանում են օպերատիվ տեղեկատվություն, որը, սակայն, չի փաստագրվում․ - «Կան մարդիկ, որոնք իրենց դիրքով, տեղով․․․ տեղեկացված են լինում: Տեղեկատվությունը ստացվում է, բայց, ցավոք սրտի, չի լինում փաստաթղթավորել այդ տեղեկատվությունը, փաստագրել, այսինքն՝ ունենալ հստակ տվյալներ, որոնք կարող ես տրամադրել քննչական մարմնին, որովհետև մարդիկ, ովքեր արել են այդ գործը, շատ լավ են պարտաստված եղել, և հետքեր չեն թողել, որով կարող ենք մեղադրանքներ ներկայացնել մարդկանց»:

Հարցին, թե արդյոք հնարավոր է գտնել ու պատժել այդ մարդկանց, Վանեցյանն արձագանքեց․ - «Ժամանակը ցույց կտա: Այս պահին չգիտեմ կկարողանա՞նք փաստագրել և պատասխանատվության ենթարկել այդ անձանց»:

Աղմկահարույց ձայնագրությունը հրապարակվել էր սեպտեմբերի 11-ին, սակայն, Վանեցյանի խոսքով, այն համացանցում տեղադրվել էր դեռ սեպտեմբերի 6-ին Իսպանիայից։ Ձայնագրության մեջ Արթուր Վանեցյանը Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանին հայտնում է, որ իրեն էր զանգել դատավոր Հրաչը, որը, իր տպավորությամբ, վախեցած էր, և ինքն էլ հորդորել է դուխով կալանքի որոշում կայացնել:

Ըստ մամուլի, խոսքը «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու որոշում կայացրած դատավոր Վաչե Մարգարյանի մասին էր։

ԱԱԾ տնօրենը այսօր նաև հավելեց, որ իրականացնողները շատ զգույշ են գործել, իրավապահները չեն կարողանում գտնել սկզբնաղբյուրն ու քանդել կծիկը․ - «Սեպտեմբերի 6-ից տեղադրվել ա, և տարբեր միջոցներով այլ երկրներից, գաղտնագրման տարբեր ծրագրեր օգտագործելով, այդ ձայնագրությունը տարածվել է, ինչը պատճառ է, որ չենք կարողանում գտնել սկզբնաղբյուրը»:

Պատվիրատուների մոտավոր շրջանակի անունը Վանեցյանն այսօր չտվեց, միայն ասաց, որ նրանք Հայաստանից են և «բոլորին էլ պարզ, է, թե ովքեր կարող են լինել»։

ԱԱԾ տնօրենն անդրադարձավ նաև ԱԺ արտահերթ ընտրության ընթացքում իրավախախտումները բացահայտելուն։ Նա նշեց, որ իրենց տեսադաշտում արդեն իսկ կան որոշակի խմբեր, որոնք փորձում են արջի ծառայություն մատուցել և ընտրակաշառք բաժանալու համար իրականացնել նախապատրաստական աշխատանքներ։

Բայց դրանք, ըստ Վանեցյանի, չեն ուղղորդվում որևէ կուսակցության կենտրոնական շտաբերից:

Հարցին, թե այդ դեպքում ում համար են աշխատում, Վանեցյանը պատասխանեց․ - «Տարբեր: Ասենք, ռեյտինգային թեկնածու ա, իրա ընկերներին հավաքել ա, մտածում են ոնց շատ ձեն հավաքեն: Գնում են մարդիկ են գտնում, ասում են՝ էսքան փող տանք, ընտրեք: Պայմանավորվածություններ են ձեռք բերում: Չկա հստակ թիվ․․․ Քրեական օրենսգիրքը ինչ ա ասում՝ խոստումը կամ պայմանավորվածությունը արդեն քրեորեն պատժելի արարք է: Այ, հենց կհասնենք էդ մասին, որ կլինի կոնկրետ առաջարկ, պայմանավորվածություն, խոստում, անմիջապես էդ մարդիկ կենթարկվեն պատասխանատվության, և բոլորդ դրա մասին կիմանաք»:

«Ազատության» հարցին, թե որ կուսակցության ռեյտինգային թեկնածուն է նման վարքագծով աչք ընկնում, Վանեցյանը արձագանքեց, որ կպատասխանի դեկտեմբերի 10-ին։

Իսկ նման մարդկանց նախազգուշացրեց․ - «Մեր ձեռքերը երկար են, մենք ամեն ինչ տեսնում ենք»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG