Մատչելիության հղումներ

«Գտնում ենք, որ Ռոբերտ Քոչարյանը պետք է մնա կալանքի տակ». ՀՀ գլխավոր դատախազ


Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը գտնում է, որ «Մարտի 1»-ի գործով մի խումբ անձանց հետ սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պետք է մնա կալանքի տակ։

«Մենք գտնում ենք, որ՝ այո՛։ Մեր դիրքորոշումն այն է, որ պետք է մնա կալանքի տակ, և մենք բերում ենք այն հիմնավորումները, որոնք վկայում են, որ կա անհրաժեշտություն քննության այս փուլում, որպեսզի երկրորդ նախագահը մնա կալանքի տակ», - «Ազատության» հարցին ի պատասխան ասաց Դավթյանը։

Նշենք, որ Վերաքննիչ քրեական դատարանը երեկվանից քննում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու դեմ բողոքը։

«Հատկապես Ռոբերտ Քոչարյանին առնչվող առանձին իրավական հարցեր մասնագիտական լայն շրջանակներում քննարկման առարկա էր դարձել, և ես անձամբ վճռաբեկ բողոք ներկայացրեցի համապատասխան հիմնավորումներով, Վճռաբեկ դատարանը մասնակի բավարարեց, և գործն ուղարկվեց Վերաքննիչ դատարան՝ նոր քննության, և, դրանով պայմանավորված, ես նպատակահարմար համարեցի, որ ինքս այդ ամբողջ խնդիրները ներկայացնեմ Վերաքննիչ դատարանում։ Տեղյակ եք, նիստն ընդմիջվել է, այսօր կշարունակվի, կմասնակցեմ այսօրվա նիստին նաև և կներկայացնեմ նաև մեր դիրքորոշումը», - ասաց դատախազը։

«Ազատության» հարցին, թե կարողացե՞լ են հիմնավորել Քոչարյանի կալանքի անհրաժեշտությունը, Արթուր Դավթյանը պատասխանեց. - «Մենք այդ փուլին դեռ չենք հասել։ Այսօր, կարծում եմ, որ կանցնենք ըստ էության քննությանը և այդ ընթացքում կներկայացնենք ինչպես հիմնավոր կասկածին առնչվող մեր դիրքորոշումը, այնպես էլ կալանքին առնչվող մեր հիմնավորումը»։

Ավելի քան 10 օր առաջ Վճռաբեկ դատարանը մասնակի բավարարել էր Գլխավոր դատախազության բողոքը՝ Քոչարյանի նկատմամբ կալանավորման վերաբերյալ որոշումը կրկին հասցեագրելով վերաքննիչ ատյանին: Դատախազությունը Վճռաբեկ դատարանից պահանջել էր բեկանել Վերաքննիչի որոշումն ու ուժի մեջ թողնել առաջին ատյանի վճիռը, որը նախկին նախագահին կալանավորելու որոշում էր ընդունել:

Հուլիսի 27-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրել երկամսյա կալանավորումը: Օգոստոսի 13-ին, սակայն, Վերաքննիչ դատարանը վերացրել էր առաջին ատյանի այդ որոշումը՝ Սահմանադրությամբ նախագահին տրված անձեռնմխելիության հիմքով:

Քոչարյանի խափանման միջոցը վերացնելու՝ Վերաքննիչ դատարանի որոշումը բողոքարկելու համար վճռաբեկ ատյան էին դիմել թե՛ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները և թե՛ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG