Մատչելիության հղումներ

350 հազար մարդու աշխատավարձ բարձրանալու է. Փաշինյան


350 հազար մարդու աշխատավարձ բարձրանալու է եկամտահարկի իջեցման հետևանքով․ այս մասին այսօր անցկացվող երթի ժամանակ «Ազատության» հետ զրույցում հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

«Ազատություն». - Դավիթ Շահնազարյանը երեկ հայտարարեց, որ այս երթը նպատակ ունի տապալել ընտրությունները։ Ինչպես եք վերաբերվում այդ հայտարարությանը։

Նիկոլ Փաշինյան. - Դավիթ Շահնազարյանի և Հանրապետականի համար ոնց որ թե ընտրությունները վաղուց տապալված են։

«Ազատություն». - Երեկ «Սասնա ծռեր» կուսակցության անդամ, հիմնադիր Ժիրայր Սեֆիլյանը հայտարարեց, որ այն խորհրդարանը, որը ձևավորվելու է դեկտեմբերի 9-ին մեկ, 1,5 տարվա կյանք է ունենալու, քանի որ հեղափոխության հիմնական փոփոխությունները չեն կատարվել երկրում։ Ընտրական օրենսգիրքը չի փոխվել, Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը չեն պատժվել, Հանրապետականը չի հեռացվել քաղաքականությունից ըստ Ժիրայր Սեֆիլյանի։ Ի՞նչ եք կարծում իսկապես խորհրդարանը 1,5 տարվա կյանք կունենա։

Փաշինյան. - Ընդհանրապես ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում բոլորը երկար կյանք կունենան։ Ինչ վերաբերում է խորհրդարանին, խորհրդարանն ընտրվում է գործելու համար և պիտի գործի իր ամբողջ ժամկետով, եթե այլ անհրաժեշտություն չառաջանա։ Դա ժողովրդի որոշումն է, որևէ մեկը չի կարող ժողովրդի փոխարեն որոշել, և այս խորհրդարանը լինելու է լեգիտիմ, ժողովրդի վստահության մանդատը ունեցող և դրա հետ պետք է բոլորը հաշվի նստեն, որովհետև այս ընտրությունները լինելու են ազատ, արդար, թափանցիկ։ Հիմա նաև միջազգային կառույցները արձանագրում են, որ Հայաստանը արդեն իսկ հեղափոխությունից հետո ազատ համացանց ունեցող երկիր է և միջազգային բոլոր կառույցներն արձանագրում են, որ Հայաստանի խոսքի ազատությունը աննախադեպ բարձրագույն մակարդակի է։ Նույնիսկ եվրոպացի դեսպաններն են ասում։ Այս պայմաններում ընտրված խորհրդարանը բնականաբար լինելու է լեգիտիմ, ուժեղ և ժողովրդի մանդատով օժտված։

«Ազատություն». – Երեկ պարոն Սեֆիլյանը խոսեց Արցախի մասին, նշելով, որ այնտեղ էլ պետք է լինի հեղափոխություն, որպեսզի պայթյուն տեղի չունենա։ Այսինքն, 2020-ին նշանակված ընտրությունները, եթե սպասեն այդքան ժամանակ, պայթյուն տեղի կունենա։ Դուք տեսնում եք ընտրություններից առաջ Լեռնային Ղարաբաղում հեղափոխություն անցկացնելու անհրաժեշտություն։

Փաշինյան. - Ես ասել եմ արդեն, որ իմ լիարժեք աջակցությունն եմ արտահայտել Արցախի գործող իշխանություններին, և ես կարծում եմ և համոզված եմ, որ Արցախում տեղի կունենան հերթական ընտրություններ և հերթական ընտրություններով ժողովուրդը կձևավորի լեգիտիմ իշխանություն։ Իսկ ընդհանրապես Արցախի ներքաղաքական հարցերի վերաբերյալ կարծում եմ Արցախում որոշիչ ուժը Արցախի ժողովուրդն է, և մենք Արցախը հենց այդպես էլ ընկալում ենք։

«Ազատություն». - Պարոն Փաշինյան ի՞նչ պետք է ակնկալի հայաստանցին դեկտեմբերի 9-ից հետո։

Փաշինյան. - Ես արդեն ասացի՝ տնտեսական հեղափոխություն

«Ազատություն». - Ինչպե՞ս եք պատրաստվում կանխել արտագաղթը։ Երեկ խոսվեց, որ դրական բալանսով ենք փակելու տարին։

Փաշինյան. - Մինչև հիմա ինչպես ենք կանխել, նույն կերպ էլ շարունակում ենք կանխել։

«Ազատություն».- Այսինքն հեղափոխությո՞ւնն է պատճառը, որ այդ 10 հազար հոգին վերադարձել են։

Փաշինյան. - Դուք ուրիշ պատճառ գիտե՞ք։ Վերջին 20 տարվա ընթացքում կամ գուցե ես վստահ չեմ առաջին անգամ կամ գուցե ոչ առաջին անգամ, չգիտեմ, համենայն դեպս երկար տարիներից հետո առաջին անգամ նման վիճակագրություն է տեղի ունենում, դա դրա մասին վկայում է։ Հնարավոր է ես սխալվում եմ և գուցե էլի եղել են թվականներ, որ դրական ցուցանիշով է ավարտվել տարին, բայց հաստատ 2008-ից հետո առաջին անգամ է, որ նման ցուցանիշ է արձանագրվում։

«Ազատություն».- Դուք Արագածոտնի մարզում խոսեցիք 500 միլիոն դոլարի հասնող ներդրումների մասին դրանք կտեսնե՞նք դեկտեմբերի 9-ից հետո՝ 2019-ի ընթացքում։ Բացի դրանցից այլ ներդրումներ լինելո՞ւ են։

Փաշինյան. - Եթե ամեն ինչ նորմալ լինի, իսկ ամեն ինչ նորմալ կլինի, կարծում եմ կտեսնենք, այո։ Հիմա այդ ներդրումային ծրագրերը ընթացքի մեջ են, մենք աշխատում ենք, որպեսզի իրականություն դառնա։ Համենայն դեպս արդեն մի քանի քայլ անցել ենք և ոնց որ թե լրջանում է այդ ամեն ինչը, ինչը շատ ուրախալի է։

«Ազատություն». - Ի՞նչ գործարաններ են բացվելու։

Փաշինյան. - Թույլ տվեք չասեմ։ Իմիջիայլոց, առաջիկայում մենք պատրաստվում ենք, ես ասել էի, որ կենցաղային տեխնիկայի արտադրություն է բացվելու Մերձավանում: Հույս ունենք, որ հեռուստացույցների և կենցաղային տեխնիկայի հայկական բրենդր հաջողություն կունենա, մենք ամեն ինչով կաջակցենք, որ տեղի ունենա։ Շիրակի մարզում նոր տեքստիլ գործարանի բացման պետք է մասնակցենք։ Տեքստիլ ոլորտում շատ լուրջ աշխուժություն կա։ Իմիջիայլոց, երբ որ ասում են բա ուր է կախարդական փայտիկը, կախարդական փայտիկն այն է, որ անշարժ գույքի շուկայում աննախադեպ մեծ ակտիվություն է և միանշանակ է, որ այսպես շարունակվելու պարագայում մեր մոտ շինարարությունը նոր վերելք է սկսվելու, և այդ վերելքը արդեն կա և տեքստիլ ոլորտում, արտադրության, արդյունաբերության ոլորտում։ Երբ որ մենք հանքարդյունաբերություն կբերենք պատշաճ ստանդարտների և ընդունելի ձևերով կգործի հանքարդյունաբերությունը, մեր տնտեսությունն իսկապես հեղափոխական փուլ է մտնելու։

«Ազատություն»․ - Այսինքն դա՞ է Ձեր ասած տնտեսական հեղափոխությունը։

Փաշինյան. - Տնտեսական հեղափոխության ամենակարևոր կոմպոնենտը այն է, որ Հայաստանի քաղաքացիների համար բացված են տնտեսական գործունեություն ընդարձակ հնարավորություններ և մեր կոչը, մեր ուղերձը այն է, որ մեր հայրենակիցները անպայման այդ հնարավորություններից օգտվեն ինչպես խոշոր ներդրողները, այնպես էլ փոքր միջին ձեռներեցները, այնպես էլ միկրոբիզնեսով զբաղվողները։ Տեսեք, մենք մյուս տարի, երբ հասցնենք ընտրություններից հետո, կընդունենք հարկային նոր օրենսդրությունը, և այդ օրենսդրությամբ, ըստ էության, և՛ միկրոբիզնեսի համար, և՛ փոքր և միջին բիզնեսի համար, և՛ խոշոր բիզնեսի համար կստեղծենք , արդար, հավասար պայմաններ։ Մենք նրանց քաջալերում ենք, որպեսզի աշխատեն, մենք ասում ենք՝ հարստացեք և հարստացրեք։ Մենք չենք քաջալերելու աղքատությունը Հայաստանում։ Մենք մեր քաղաքացիներին քաջալերելու են, որպեսզի իրենք հուսահատության, խեղճության, դատապարտվածության այդ զգացումը հաղթահարեն և չկա աշխարհում այնպիսի մի խնդիր, որ լուծվի առանց աշխատանքի։ Չի կարող որևէ հարց լուծվել առանց աշխատանքի և հետևաբար բոլոր հարցերի լուծման մեր մեթոդը աշխատանքն է։

«Ազատություն». - 2019-ին աշխատավարձերը և թոշակները չեն բարձրանալու։

Փաշինյան. - Ով է ձեզ ասել։ Որտեղից այդ ինֆորմացիան ձեզ։ Ես չեմ հոգնում ասել, որ եկամտահարկը որ իջավ, ո՞նց չի բարձրանալու։ 350 հազար մարդու աշխատավարձ բարձրանալու է։ Հուլիսի 1-ից 206 հազար մարդու աշխատավարձ մենք արդեն բարձրացրել ենք։ Օրինակ երկու օր առաջ բնապահպանության նախարարը ինձ զեկուցեց, որ հատուկ պահպանվող տարածքներում արդյունավետության բարձրացման արդյունքում անտառապահների և պահպանությամբ զբաղվող անձնակազմի աշխատավարձը 30-50 տոկոս արդեն ավելացել է։ 85 հազար մարդու թոշակներ և նպաստներ ավելանում են։ 2019 թվականի այդ փոփոխությունների արդյունքում, մենք օրենքը հնարավորինս արագ կընդունենք, ալևս մենք աղքատության գծից ներքև թոշակառու և նպաստառու չենք ունենալու։ Միանգամից 85 հազար մարդու թոշակը 10 հազար դրամով բարձրացնում ենք։ Այս պրոցեսը շարունակվելու է։ Պետական հիմնարկներում արդյունավետության բարձրացման արդյունքում հսկայական միջոցներ են խնայվելու և այդ միջոցներով աշխատավարձը բարձրանալու է։

«Ազատություն». - Նոր կառավարության օպտիմալացումից է նաև խոսվում, գործազուրկներ չե՞ն լինի դրա արդյունքում։

Փաշինյան. - Դրա համար մենք ասում ենք՝ հնարավորություններ ենք ստեղծում։ Իմ ուղերձն այդ է։ Մարդիկ ինչո՞ւ են 80 հազար դրամանոց աշխատավարձի հույսին մնում, երբ որ երկրում կան հնարավորություններ։ Ասում են կախարդական փայտիկը ո՞րն է, կախարդական փայտիկը այն է, որ մեկ ամսում երկրում 37 հազարով գրանցված աշխատողների թիվը ավելանում է։ Բա այն, որ երկրում ընտրություններ չեն կեղծվում կախարդական փայտիկ չի՞։ Բոլոր այն գործատուներին, ովքեր այսպես ասած աշխատողներին բերել են գրանցման սպիտակ դաշտ, ես նրանց շնորհակալություն եմ հայտնում և ասում եմ, որ իրենց ամեն ինչով աջակցելու ենք։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG