Մատչելիության հղումներ

Փաշինյանի մասնակցությամբ քննարկվեցին հրատապ տնտեսական խնդիրները


«Տնտեսության համար կարևորն օրինականությունն է, օրենքի առաջ բոլորի հավասարությունը, կարևոր արդարության միջավայրի ձևավորումն է», - այսօր տնտեսական գիտաժողովի ժամանակ հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

Խոսելով տնտեսության առջև ծառացած խնդիրներից՝ Փաշինյանը հայտարարեց, որ կարևորությամբ հաջորդը պետական կառավարման համակարգի ծայրահեղ անարդյունավետությունն է․ - «Դա ձևակերպել ենք որպես քաղաքական խնդիր, որը մենք անխուսափելիորեն 2019 թվականի ընթացքում այդ խնդրին անդրադառնալու ենք: Այսինքն, ընտրություններում, հույս ունեմ, մենք կստանանք վստահության քվե և դրանից հետո անպայման այդ թեմային անդրադառնալու ենք»:

Ըստ վարչապետի պաշտոնակատարի, կարևոր է, որպեսզի խնդիրների լուծման պատասխանատվությունը ոչ միայն կառավարությանը լինի, այլև հանրային տարբեր շերտերինը․ - «Որովհետև եթե իշխանությունը ամեն ինչ, բոլոր լծակները և բոլոր հարցերի լուծումը վերցնում ա իր ձեռքը, բնականաբար ամեն չարածի համար պատասխանատուն ինքն է»:

Նիկոլ Փաշինյանի ներկայացմամբ՝ ներկայումս Հայաստանի առջև ծառացած ամենակարևոր խնդիրը ժողովրդագրական իրավիճակն է․ - «Էս առումով իսկապես շատ կարևորում ենք էն ներգաղթի գաղափարը, որը շատ կարևոր գաղափար է: Եվ մենք ներգաղթը նկատի չունենք զուտ մարդկանց ֆիզիկական տեղափոխություն: Էստեղ մենք հույս ունենք, որ ներգաղթ ասելով նկատի կունենանք, իրականության մեջ կտեսնենք նաև կապիտալի ներգաղթ, կտեսնենք նաև նոր կուլտուրայի ներգաղթ, որովհետև մենք աշխարհասփյուռ ժողովուրդ ենք»:

Գիտաժողովին ելույթ ունեցած Կենտրոնական բանկի նախկին ղեկավար Բագրատ Ասատրյանը նույնպես ժողովրդագրական խնդիրը առանցքային համարեց Հայաստանի համար․ - «Առաջիկայում մահացության թվի աճը, ծնելիության անկումը մի իրավիճակ են ստեղծելու, որ մենք դեպոպուլյացիայի խնդրի առաջ ենք կանգնելու: Ընդամենը երկու, երեք, չորս տարի հետո ա սա լինելու: Ես չեմ ուզում շարունակել էստեղ ամուսնությունների վիճակը, ամուսնալուծությունների: Կարող եմ ասել, որ մենք ունենք մարզ, որտեղ ամեն երկրորդ ամուսնությունը ավարտվում է ամուսնալուծությամբ: Դա Լոռվա մարզն ա: Դուք հասկանում եք, թե ինչն ա պատճառը»:

Տնտեսագետ, Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Վահագան Խաչատրյանը բերեց Չինաստանի օրինակը, ուր վերջին 25 տարվա ընթացքում կարողացել են 250 միլիոն մարդու հանել աղքատության ճիրաններից․ - «Ես ուզում եմ, որ մենք ունենանք մեր հայկական մոդելը զարգացման: Ես համոզված եմ, որ մենք այդ ունենալու հնարավորությունը, պոտենցիալը ունենք՝ հանձինս Ձեզ, հանձինս մեր գիտական մտքի, հանձինս էսօրվա կառավարության, որ այդպիսի խնդիրներ ունի: Ուղղակի սպասել, որ դա պետք ա լինի․․․ վաղը չի կարող լինել, որովհետև մենք իրականում չգիտենք էլ ինչ ունենք այսօր: Սա էլ շատ կարևոր է՝ ի՞նչ տնտեսություն ունենք: Այն թվանկարչությունը, որ կատարվել է տարիներ շարունակ, իրական պատկերը խեղաթյուրել է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG