Մատչելիության հղումներ

Անեցիները վերսկսել են բողոքի ակցիաները


Անիի համայնքապետարանի մուտքը արդեն հինգ օր է կրկին փակ է: Խոշորացված հայանքի բնակիչները վերսկսել են ՀՀԿ-ական համայնքապետ Արտակ Գևորգյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաները:

Ցուցարարներն այսօր փակել էին նաև Մշակույթի տան դուռը և թույլ չտվեցին, որ ընտրացուցակները փակցվեն:

Բողոքի ակցիաները դադարեցվել էին, երբ Պետական վերահսկողական ծառայությունը ստուգումներ սկսեց համայնքապետարանում: Ստուգումները ավարտվել են, և ծառայության պետ Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել էր, որ ուսումնասիրության փաթեթն ուղարկել են Քննչական կոմիտե:

Ըստ պաշտոնյայի, Անիում «քրեական հանցագործության ու այլ իրավախախտումների լուրջ տարրեր կան»։ Այս պահին հայտնի չէ, թե արդյոք քննչական մարմինները հարուցել են քրեական գործ Պետական վերհսկողական ծառայության ուղարկած նյութերով: Այս անորոշությունն է, որ անեցիներին կրկին փողոց է դուրս բերել:

Ցուցարարները պահանջում են, որ Գևորգյանը հրաժարական տա մինչև ընտրությունները:

«Մենք չէինք ուզենա, որ հանրապետական համայնքապետը իրենց կողմից առաջադրված թեկնածուներին աջակցելու նպատակով հերթական անգամ, լինելով վարպետ, օգտագործեն վարչական ռեսուրսը: Մենք մեր ակցիաները շարունակում ենք՝ փորձելով հասնել համայնքապետի հրաժարականին, քանի որ չենք ուզում, որ այս ընտրություններին հանրապետականները ևս մեկ անգամ թեկուզ մի քանի տոկոս ձայն ապահովեն», - «Ազատությանն» ասաց նրանցից մեկը:

Արտակ Գևորգյանը, մինչդեռ, հակադարձում է ու կրկին վերահաստատում, որ չի պատրաստվում հրաժարական տալ․ - «Ո՞վ է ասում, որ պետք է հրաժարական տամ: Հրաժարական տվողը ես եմ, ես նման բան չեմ ասել: Կողքից ասված խոսակցությունները իմ համար որևէ նշանակություն չունեն չունեցող խոսակցություններ են»:

Ցուցարարների տեղեկություններով, հանրապետական քաղաքապետը քաղաքական տարբեր ուժերի ձայներ է խոստանում: «Քաղաքականապես էս մարդը որբացել է, փնտրում է նոր քաղաքական հայր: Բնականաբար, կլինեն թեկնածուներ, որոնք իրենց ձայնի համար կխոստանան՝ արա, ես էլ քո համար կանեմ: Այսինքն, էդ մեխանիզմը կշարունակվի նորից»:

Բողոքող անեցիների խոսքով, Հանրապետականի թեկանածուն Անիում Արտակ Գևորգյանի վարորդն է:

Երբ Գևորգյանին փոխանցեցի, որ բողոքի ակցիայի մասնակիցները նրան մեղադրում են քաղաքական տարբեր ուժերի հետ բանակցելու ու ձայներ ապահովելու համար, ասաց, թե այդ մասին առաջին անգամ է լսում․ - «Ես էդ հղումը լսում եմ էս պահին Ձեզանից: Որևէ մեկը ինձ նման կարգի բան չի ասել, և ես ոչ մեկին հաշվետու չեմ այդ հարցով, թե իմ աշխատանքները ինչ եմ անում և ինչ եմ կազմակերպում»:

Ցուցարարները հայտարարում են, որ եթե մինչև արտահերթ խորհրդարանական ընտրությունները Գևորգյանը հրաժարական չտա, իրենք կբոյկոտեն դրանք:

Նրանցից մեկն «Ազատությանն» ասաց․ - «Ի վերջո, եթե էսպես շարունակվի, Մարալիկի երեք ընտրատեղամասերում միգուցե մարդիկ բոյկոտեն ընտրությունները, որովհետև վստահությունը, որը ձեռք էր բերվել հեղափոխության ամիսներին, կարծեք թե կորում է»:

XS
SM
MD
LG