Մատչելիության հղումներ

Վճռաբեկ դատարանը բեկանեց Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը վերացնելու որոշումը


Սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը դեռ կմնա ազատության մեջ: Վճռաբեկ դատարանն այսօր մասնակի բավարարեց գլխավոր դատախազության բողոքը՝ Քոչարյանի նկատմամբ կալանավորման վերաբերյալ որոշումը հասցեագրելով վերաքննիչ ատյանին:

Շուրջ երկու ժամ տևած դռնփակ նիստից հետո, որին սկզբում մասնակցում էր նաև ինքը՝ պաշտոնաթող նախագահը, դատարանը հրապարակեց վճիռը։

Վճռաբեկ դատարանից դատախազությունը պահանջել էր բեկանել Վերաքննիչի որոշումն ու ուժի մեջ թողնել առաջին ատյանի որոշումը։

Հուլիսի 27-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը Քոչարյանինկատմամբ խափանման միջոց էր ընտրել երկամսյա կալանավորումը, իսկ օգոստոսի 13-ին, Վերաքննիչը ազատ էր արձակել նրան կալանքից՝ հիմքում դնելով Սահմանադրությամբ նախագահին տրված անձեռնմխելիության իրավունքը: Երրորդ ատյանի այս որոշումը մեկնաբանեց Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը․ - «Առաջին տպավորությունս՝ բացասական։ Երբ որ որոշումը՝ ամբողջ տեքստը, կստանամ, ավելի մանրամասն կկարողանամ կարծիքս ասել»։

Ինքը՝ պաշտոնաթող նախագահը ներկա չէր վճռի հրապարակմանը, նա շենքից հեռացել էր դեռ այն ժամանակ, երբ դատարանը գնացել էր խորհրդակցական սենյակ։ Թե ինչ է խոսել Քոչարյանը դահլիճում, Ալումյանը չբացահայտեց․ - «Ինքը խոսեց այն հարցերից, որոնք որ շատ սպեցիֆիկ են, ես հիմա չէի ուզի հիմա լուսաբանել դրանք։ Այսինքն մեղադրանքի էությանը անդրադարձավ, մի շարք փաստարկներ բերեց։ Դրա համար էլ այս նիստերը դռնփակ են։ Իրավաբանական խնդիրները փաստաբաններն էին քննարկում, ինքը անդրադարձավ այն ժամանակվա իրավիճակին, իր գործողությունների որոշ մանրամասներին»։

Բացի դատախազության բողոքից, Վճռաբեկ դատարանը այսօր նաև լսում էր Քոչարյանի պաշտպանական թիմի բողոքը։ Երկորդ նախագահի փաստաբանական խումբը պահանջում էր Վճռաբեկ դատարանում քննարկման առարկա դարձնել նախկին նախագահի կալանավորման դեմ բերած փաստարկներից ևս երկուսը, որոնք ներկայացրել էին դեռ Վերաքննիչ դատարանում, սակայն երկրորդ ատյանը դրանք առանց քննության էր թողել։ Վճռաբեկն այսօր, սակայն, մերժեց պաշտպանների բողոքը։

«Հիմա, երբ որ գործը գնաց Վերաքննիչ դատարան, մենք, կարծում եմ, կհասնենք նրան, որ Վերաքննիչ դատարանը այս անգամ քննելիս մեր մնացած փաստարկներն էլ դիտարկի», - նշեց փաստաբանը՝ մանրամասնելով․ - «Մեղադրանքի մեջ կա այսպիսի ձևակերպում, որ՝ Հանրապետության նախագահը արտակարգ դրություն է հայտարարել Սահմանադրության խախտմամբ։ Մենք ասում ենք, որ Սահմանադրությամբ Հանրապետության նախագահի հրամանագրերի սահմանադրականության որոշումը դա բացառապես Սահմանադրական դատարանի լիազորությունն է։ Այսինքն՝ ո՛չ քննիչը, ո՛չ առաջին ատյանի դատարանը, վերաքննիչ կամ վճռաբեկ դատարանները չեն կարող ենթադրություններ անել, թե նախագահի հրամանագիրը եղել է հակասահմանադրական»։

Իսկ երկրորդ փաստարկը, ըստ պաշտպանի, այն է, որ մեղադրանքի մեջ կա մի դրույթ, թե այդ օրերին փաստացի ռազմական դրություն է հաստատված եղել։ Ալումյանն ասում է՝ ներկայացրել են բոլոր հակափաստարկները․ - «Նաև մեղադրանքի մեջ այնպիսի ձևակերպումներ կան, որ՝ ցուցարարները եղել են բացառապես խաղաղ տրամադրված և բոլորովին անզեն։ Մենք ասում ենք, որ առկա են տասնյակ և տասնյակ դատավճիռներ, որտեղ գրված է, որ ցուցարարները եղել են զինված, կոնկրետ մարդկանց անուններ են նշված, կոնկրետ զենքի տեսակներ։ Այսինքն՝ մենք ասում ենք չեն կարող մեղադրանքի մեջ ձևակերպումներ լինել, որոնք հակասում են օրինական ուժի մեջ մտած դատավճիռներին»։

Ալումյանն անդրադարձավ նաև ՀՔԾ-ի տարածած այն հայտարարությանը, որ Քոչարյանի մեղադրանքը լրացվել է։ Ըստ նրա՝ ավելացվել են բացառապես բառեր, որոնք չեն ծանրացնում, կամ թեթևացնում մեղադրանքի էությունը։ Իսկ ինչ վերաբերում է այն հարցին, թե երբ Վերաքննիչը կվերսկսի գործի քննությունը, ըստ պաշտպանի՝ դրա համար օրենքը հստակ ժամկետներ չի նախատեսում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG