Մատչելիության հղումներ

Առաջիկա ընտրություններում վերլուծաբանը քաղաքական պայքար չի ակնկալում


Քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանը հարցազրույց է տալիս «Ազատությանը», արխիվ
Քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանը հարցազրույց է տալիս «Ազատությանը», արխիվ

Դեկտեմբերի 9-ին անցկացվելիք արտահերթ խորհրդարանական ընտրություններում, դրանց քարոզարշավում քաղաքական պայքար քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանը չի ակնկալում:

«Ցավոք սրտի, որոշ առանցքային կուսակցություններ չեն մասնակցելու ընտրություններին, օրինակ՝ Հայ ազգային կոնգրեսը և «Ժառանգություն»-ը, ինչը շատ բացասական է լինելու այս ընտրությունների համար», - «Ազատության» հետ զրույցում ասաց Բաղդասարյանը՝ շարունակելով․ - «Ինչ վերաբերում է քարոզարշավին, ապա ես չեմ կարծում, թե շատ ընդգծված քաղաքական պայքար է լինելու, որովհետև սովորաբար այդ պայքարը ընթանում է կուսակցությունների ծրագրերի միջև, իսկ այս դեպքում, ես չեմ կարծում, թե լուրջ մրցակցություն կլինի ծրագրերի միջև: Որովհետև, օրինակ, ՀՀԿ-ն ի՞նչ ծրագիր պիտի ներկայացնի՝ եթե նույնիսկ ամենալավ ծրագիրը ներկայացնի, հասարակությունը այդ ծրագրին չի հավատալու, չի էլ կարդալու, ասելու է՝ «դե հիմա, անող էիք՝ անեիք մինչև հիմա»: Եվ նույնիսկ եթե «Քաղաքացիական պայմանագիր»-ը վատ ծրագիր ներկայացնի, ես չեմ կարծում, թե ընտրողները ասելու են՝ «վայ, էս ինչ վատ ծրագիր էր, բերեք չընտրենք, ուրիշին ընտրենք»:

«Այսինքն, սա մրցակցություն չի լինելու ծրագրերի միջև, և սա լավ չի: Եվ կարծում եմ, որ ընդդիմություն՝ իրական, լուրջ, ծանրակշիռ ընդդիմություն, որին ժողովուրդը կհավատա, չեմ կարծում, թե այդպիսի ընդդիմություն կձևավորվի այս ընտրությունների արդյունքում: Ավելի հավանական է, որ այդ ընդդիմությունը կձևավորվի ընտրություններից հետո», - ընդգծեց վերլուծաբանը:

Դիտարկմանը՝ «այսինքն, գաղափարական պայքար տեսնել, գաղափարական քարոզարշավ տեսնել չենք ակնկալում», Արմեն Բաղդասարյանը արձագանքեց․ - «Չենք ակնկալում, որովհետև պայքարը ընթանալու է այն ուժի միջև, որը պայքարում է հանցավորության դեմ, համակարգված հանցավորության դեմ, կոռուպցիայի դեմ, և այն ուժի, որը քաղաքական շիրմայի տակ փորձում է դիմադրել՝ խոսքը ՀՀԿ-ի մասին է: Դրա մեջ քաղաքականություն քիչ կա կամ ընդհանրապես չկա: Այսինքն՝ քաղաքական պայքար ես չեմ ակնկալում: Ի դեպ, դրան գումարվելու է նաև ռեյտինգային ընտրակարգը, ինչը նույնպես քաղաքական բաղադրիչի դերը նվազեցնում է»:

Հարցին էլ՝ «Հաշվի առնելով, որ ընտրապայքարին միանալու են, բացի Հանրապետական կուսակցությունից, նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, «Լուսավոր Հայաստան»-ը՝ այս ուժերը չե՞ն կարող հավասարակշռել, ըստ Ձեզ, ընտրապայքարը», քաղաքական վերլուծաբանը պատասխանեց․ - «Կարծում եմ՝ չեն կարող: Այդ ուժերը, ըստ իս, պիտի փորձեն հնարավորինս, այո, քաղաքականացնել ընտրապայքարը, որովհետև դա իրենց ձեռնտու է, բայց քանի որ մենք հասկանում ենք, որհիմնական պայքարը և հիմնական քարոզչությունը ընթանալու է «Քաղաքացիական պայմանագրի» և ՀՀԿ-ի միջև, ես կարծում եմ, որ դա է լինելու ընտրապայքարի առանցքը: Իսկ մյուս ուժերը, որոնք կփորձեն քաղաքականացնել, կարծում եմ՝ դա նրանց չի հաջողվի, և կարծում եմ՝ նրանք այս ընտրություններում հաջողության չեն հասնի»:

Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 11 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 9 կուսակցություն: Նախընտրական քարոզարշավը կմեկնարկի նոյեմբերի 26-ին և կավարտվի դեկտեմբերի 7-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG