Ժողովրդական ճնշմամբ իշխանությունից հեռացած հանրապետականները կարծում են, թե այսօր իրենք միակ իրական ընդդիմությունն են, և հավակնում են գալիք խորհրդարանում լինել մեծությամբ երկրորդ ուժը։ Երեկ Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ շուրջ հինգ ժամ տևած խորհրդի նիստից հետո պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը հայտարարեց՝ Հանրապետականը իր առաջնորդությամբ մասնակցելու է Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին։
«Ի վերջո, առաջիկա ընտրություններում չի որոշվում, թե ով է լինելու իշխանություն՝ այդ հարցը կարծես թե արդեն որոշված է, և կարծում եմ, որ այն վարչապետը, որին հրապարակում հավաքված մեր համաքաղաքացիները մատնանշեցին որպես ժողովրդի թեկնածու և որին Ազգային ժողովը տվեց այդպիսի հնարավորություն, պետք է շարունակի կատարել այն պարտականությունը, որը ստանձնել է: Ինքը ունի ապացուցելու բան, ինքը ունի աշխատանք կատարելու, և մենք պատրաստ ենք որպես ընդդիմություն ապագա խորհրդարանում հավասարակշռել դա», - ասաց Սարգսյանը:
Վիգեն Սարգսյանը երեկ ընտրվել է Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) նախագահի առաջին տեղակալ՝ այդ պաշտոնում փոխարինելով նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին: Վերջինս երեկ չէր էլ եկել ՀՀԿ խորհրդի նիստին, նրա հետագա ճակատագրի մասին կուսակիցները լռում են։
Վիգեն Սարգսյանի խոսքով՝ Հանրապետականը գրպանային ընդդիմություն չէ, Հայաստանը, ըստ նրա, այժմ Հանրապետականի կարիքն ունի: Ավելին՝ նա կարծում է, որ դեկտեմբերի 9-ին՝ ընտրությունների օրը, ՀՀԿ-ի օգտին պետք է քվեարկի նաև վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
«Ես կարծում եմ, որ եթե Նիկոլ Փաշինյանը ազնիվ է իր ձգտման մեջ՝ նոր Հայաստան կառուցելու, ինքը մենակ մնալով քվեախցիկում՝ քվեարկելու է Հանրապետական կուսակցության օգտին: Որովհետև նա անձամբ այլընտրանք պետք է որ չտեսնի իրեն որպես բանավեճի գործընկեր ապագա խորհրդարանում: Եթե նա դա չանի, ուրեմն՝ նա ուզում է ունենալ գրպանային ընդդիմություն: Այլ ուժերը հիմնականում կամ դուրս են եկած «Ելք» դաշինքի ծոցից, կամ էլ այս արանքում հասցրել են ստորագրել մի շարք փոխգործակցության պայմանագրեր և հայտարարություններ պարոն Փաշինյանի հետ, որը, կարծում եմ, թուլացնում է նրանց ընդդիմադիր կեցվածքի հնարավորությունը», - հայտարարեց հանրապետական գործիչը:
Թե ովքեր են լինելու Հանրապետականի մյուս թեկնածուները, Սարգսյանը առայժմ չմանրամասնեց, նշելով, որ չորեքշաբթի օրը ցուցակը կներկայացնեն Կենտրոնական ընտրական հանձնաժողով, ինքը և մյուս բոլոր թեկնածուները կառաջադրվեն նաև ռեյտինգային ցուցակներում։ Ըստ պաշտպանության նախկին նախարարի, Սերժ Սարգսյանը չի մասնակցելու ընտրություններին, ներգրավված չի լինի նաև քարոզարշավում։ Երրորդ նախագահը, սակայն, կշարունակի գլխավորել Հանրապետական կուսակցությունը։
«Սերժ Սարգսյանը հեռացավ, հրաժարական տվեց, հայտարարեց, որ ինքը սխալ էր, Փաշինյանը ճիշտ էր: Բայց հայտարարություն կարծես եղավ՝ կուսակցության նախագահի փոփոխության հարց պետք է լինի: Ինչո՞ւ Սերժ Սարգսյանը, այդուհանդերձ, չհեռացավ», - «Ազատության» այս հարցին Վիգեն Սարգսյանը արձագանքեց․ - «Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահի հարցը քննարկվում և լուծվում է կուսակցության համագումարում՝ ըստ կանոնադրության, և 19 թվականի գարնանը, այսպես թե այնպես, մենք պետք է ունենայինք համագումար: Այս պայմաններում համագումար կազմակերպելը չափազանց կարևոր գործընթաց է և որևէ ձևականություններից զուրկ պետք է լիներ, այսինքն՝ իրական, լուրջ քննարկումներ տեղերում, մեր պատկերացմամբ՝ շրջանային, մարզային մակարդակում, այնուհետև՝ ընդհանուր համագումարում, և այդ համագումարում պետք է ձևավորվի նաև կուսակցության ղեկավար կազմը: Ես կարծում եմ, որ այս ընտրությունները առաջ բերելու նպատակներից մեկը նաև կուսակցությանը՝ մեր կուսակցությանը նորմալ համագումար կազմակերպելու հնարավորությունից զրկելն էր»:
Երեկ ՀՀԿ խորհրդի նիստին մասնակցում էին նաև կուսակցության մի շարք օդիոզ ներկայացուցիչներ, այդ թվում՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը։ Նա նիստի ավարտից մոտ երեք ժամ առաջ փոքր-ինչ բարկացած լքեց կուսակցության շենքն ու հեռացավ մեքենայով՝ չպատասխանելով որևէ հարցի։