«Իրազեկ քաղաքացիների միավորումում» հկ-ում երեկվանից չեն կարողանում հասկանալ՝ ինչպես է ստացվել, որ Քննչական կոմիտեն գործ է հարուցել իրենց դեմ։
Կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը զարմացած է՝ երբ նախաքննական մարմինը գործ հարուցեց FIP.am կայքի լրագրող Ռաֆայել Աֆրիկյանի և Հրազդանի 5-րդ դպրոցի տնօրենի խոսակցության ձայնագրության հիման վրա, ակնկալվում էր, որ խոսքը վերաբերելու է վարչական ռեսուրսի չարաշահման փորձին։ Բայց արի ու տես, որ տնօրենի փոխարեն, ըստ էության, մեղավորի կարգավիճակում է հայտնվել հետաքննություն կատարած լրագրողը։
20 առաջ FIP.am կայքը հրապարակեց ձայնագրություն, ըստ որի, Հրազդանի 5-րդ դպրոցի տնօրեն Տիգրան Բակլաչյանը պատրաստակամություն էր հայտնում «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի որդու՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Սևակ Միքայելյանի նախընտրական քարոզարշավին 100 հոգու ներկայություն ապահովել՝ այդ թվում դպրոցականների: Կայքի լրագրողը ներկայացել էր որպես ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի օգնական և զրուցել տնօրենի հետ։
«Մենք նախապես ունեինք տեղեկություններ, որ տվյալ տնօրենը զբաղվում է նման գործունեությամբ և փորձել էինք, նման իրավիճակ ստեղծելով, պարզել՝ իրո՞ք զբաղվում է, թե ոչ», - «Ազատության» հետ զրույցում պատմեց Ռաֆայել Աֆրիկյանը։ - «Այլ, ավելի հարմար մեթոդ բարդ էր, որպեսզի պարզեինք։ Եվ մենք պարզապես զանգահարեցինք և հետաքրքրվեցինք նրանից, թե ինքը քանի հոգի է պատրաստ։ Այսինքն, մենք չենք սադրել, չենք խնդրել, որպեսզի ինքը մարդկանց բերի, մենք հարցրել ենք, թե քանի մարդու է ինքը պատրաստ բերի և ինքը ասել է՝ քանի հոգի է ձեզ պետք»։
Ձայնագրության հեղինակը՝ Ռաֆայել Աֆրիկյանը պնդում է՝ իր արածը լրագրողական հետաքննություն է եղել, որի մասին երեկ հայտնել է նաև քննիչին։ Այս գործում վկայի կարգավիճակ ունեցող Աֆրիկյանն այսօր զերծ մնաց մեկնաբանություններից։ Փոխարենը՝ վարույթն իրականացնող մարմնի աշխատանքին գնահատական տվեց Դանիել Իոաննիսյանը։ Վերջինս վստահ է՝ հեռախոսային խոսակցության գաղտնիության խախտման հոդվածով գործ հարուցելու հիմք չկար․ - «Ես ընդամենը ուզում եմ մատնացույց անել այն փաստը, որ անգամ անցած տարի, երբ մենք 114 տնօրենների ձայնագրություններ հրապարակեցինք, երբ նաև այլ լրագրողները, օրինակ՝ «Հայկական ժամանակը» նման բաներ արեցին ավելի փոքր ծավալի, որևիցե մեկի մտքով չանցավ քրեական գործ հարուցել հեռախոսային խոսակցության գաղտնիության խախտման հոդվածով։ Այլ անձ ներկայանալով մարդուն զանգելը հանցակազմ չի պարունակում»։
Մինչդեռ Քննչական կոմիտեից հակադարձում են՝ գործ հարուցելու համար հիմք է դարձել Ազգային ժողովի պատգամավոր Սասուն Միքայելյանի օգնականի՝ Հրայր Մելքոնյանի դիմումը Կոտայքի մարզի դատախազին։ Դեռ հոկտեմբերի 19-ին նա հայտնել էր, որ անհայտ անձը, իր անունից ներկայանալով, սադրել ու ընտրական օրենսգրքին հակասող առաջարկներ է ներկայացրել դպրոցի տնօրենին։
«Նշված անձը խախտել է հեռախոսային խոսակցության գաղտնիությունը՝ ձայնագրությունը տեղադրելով համացանցում, այդ իսկ պատճառով էլ քրեական գործը հարուցվել է 146-րդ հոդվածի առաջին մասով», - ասում է կոմիտեի տեղեկատվության բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։ - «Չնայած իրավիճակները, միգուցե, նույնն էն, բայց ուզում եմ նշել, որ նախորդ դեպքով, եթե չեմ սխալվում, հաղորդում չի եղել որևէ քաղաքացու կողմից, չի հայտնվել, որ իրենց անունից ներկայացել են, ցուցակներ պահանջել և այլն։ Այդ իսկ պատճառով քրեականգ գործ չի հարուցվել»։
Գաղտնի ձայնագրության հեղինակները, սակայն, հիշեցնում են՝ լրագրողը ներկայացել է իր անունով՝ Ռաֆայել, այլ ոչ թե իրական օգնականի՝ Հրայրի։
Իոաննիսյանը վստահ է՝ վարչական ռեսուրսի չարաշահումն այստեղ ակնհայտ է, բայց ողջ իրողությունը պարզելու համար իրավապահներն այս հարցով իրենց հետ անգամ համագործակցել չփորձեցին․ - «Իրավապահները մեզ չեն առաջարկել, որ մենք մեր ունեցած տեղեկությունները հայտնենք իրենց, որ իրենք էլ ստուգեն՝ վարչական ռեսուրսի չարաշահում եղե՞լ է, թե չի եղել։ Տնօրենին կանչել են, հարցրել են՝ իսկ դու վարչական ռեսուրս չարաշահե՞լ ես։ Տնօրենն ասել է՝ ոչ, ասել են՝ դե չէ, ուրեմն վարչական ռեսուրսի չարաշահում չկա։ Կամ ոմանք որոշել են Սասուն Միքայելյանին լավություն անել, կամ ուղղակի կոմպետենտության պակաս ունեն»։
Ի պատասխան այս մեղադրանքի՝ Քննչական կոմիտեի խոսնակը «Ազատությանը» փոխանցեց՝ նախաքննական մարմինը ոչ մի դրվագ չի անտեսել, նախընտրական շրջանում վարչական ռեսուրսի հնարավոր չարաշահումը պարզելու նպատակով ևս քննություն է իրականացրել։
«Հարցաքննվել են Հրազդանի թիվ 5 դպրոցի տնօրենը, հարցաքննվել են դպրոցի շուրջ 20 ուսուցիչներ, որոնք հայտնել են նախաքննական մարմին, որ երբևէ որևէ նախընտրական քարոզչության մեջ ներգրավված չեն եղել», - մատնանշեց Նաիրա Հարությունյանը։
Այս պահին գործի նախաքննությունը շարունակվում է։ «Իրազեկ քաղաքացիների միավորումում» հետևում են ընթացքին, իսկ Քննչական կոմիտեից առայժմ չեն մանրամասնում՝ արդյոք լրագրողը վկայից կարող է մեղադրյալ դառնալ։