Վահագն Հարությունյանի շահերի պաշտպան Միհրան Պողոսյանը դիմել էր գլխավոր դատախազին՝ բողոքարկելով իր պաշտպանյալի նկատմամբ Հատուկ քննչական ծառայության կողմից հայտարարված հետախուզումը։
Դատախազության հանրային կապերի բաժնից «Ազատությանը» փոխանցեցին, որ սահմանված կարգով քննարկվել է Պողոսյանի բողոքը, և դատախազն այն մերժելու որոշում է կայացրել՝ անհիմն լինելու հիմքով:
«Մարտի 1»-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավարը մեղադրվում է «առանձնապես ծանր հանցագործության վերաբերյալ քրեական գործով ապացույցներ կեղծելու» մեջ։ Հարությունյանը, ով արդեն մի քանի ամսի է Հայաստանում չէ, «Ազատության» հետ զրույցում ավելի վաղ պնդել էր, որ մեղադրանքն անհիմն է։
Նոյեմբերի 2-ին Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանը որոշում կայացրեց բավարարել քննիչի միջնորդությունն ու կալանավորել Վահագն Հարությունյանին։