Մատչելիության հղումներ

Հայաստանում գործող փոքր ՀԷԿ-երի գերակշիռ մասը կոպիտ խախտումներով է աշխատել


Հայաստանում գործող փոքր ՀԷԿ-երի գերակշիռ մասը տարիներ շարունակ աշխատել է օրենքի կոպիտ խախտումներով, բայց Բնապահպանության նախարարության համապատասխան պաշտոնյաները միջոցներ չեն ձեռնարկել դրանք շտկելու ուղղությամբ։ Այս ամենի հետևանքով էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին։

Այսպիսի եզրահանգում է արել Գլխավոր դատախազությունը, որը, համադրելով առկա փաստերը, քրեական գործ է հարուցել, որի նախաքննությունը հանձնարարվել է Քննչական կոմիտեին։ Կառույցից «Ազատությանը» փոխանցեցին, որ գործով մանրամասներ առայժմ հայտնել չեն կարող, քանի որ այսօր ժամը 14-ի դրությամբ դեռևս Քննչական կոմիտեն չի ստացել դատախազությունից հարուցած քրեական գործը։

Ոլորտում առկա չարաշահումները բացահայտել էր նաև վարչապետի որոշմամբ ստեղծված աշխատանքային խումբը։ Գործող 188 փոքր ՀԷԿ-երում կատարված ուսումասիրության արդյունքում պարզվել էր, որ դրանցից 152-ում ջրաչափ տեղադրված չէ։ «Սա ամենատարածված խախտումն էր», - ասում է աշխատանքային խմբի ղեկավար Էդգար Փիրումյանն ու հավելում, որ ջրառի կետում չունենալ ջրաչափ, նշանակում է հակասել ջրօգտագործման թույլտվությամբ սահմանված պահանջներին։ Իսկ խախտումներն այսքանով չեն ավարտվում։

«Զգալի չափով ՀԷԿ-եր չէին ապահովում էկոլոգիական թողքը, էկոլոգիական թողքի մեծությունը։ ՀԷԿ-եր կային, որտեղ չկային ձկնապաշտպան անցուղիներ կամ դրանք գտնվում էին ոչ պատշաճ վիճակում», - նշեց Էդգար Փիրումյաննը։

Այն, ինչ արձանագրել են գործակալության աշխատակիցները, փոխանցել են տեսչական մարմնին։ Փիրումյանը սլաքներն ուղղում է դեպի Բնապահպանության և ընդերքի տեսչություն՝ նշելով, թե պատասխանտվության միջոցներ կիրառողը նրանք են։ Այնտեղից էլ փոխանցում են, որ սկսել են ստուգումները, արդեն իսկ տուգանքներ են կիրառել որոշ իրավախախտմերի նկատմամբ։

«Ջրաչափական սարքի տեղադրված լինել-չլինելու հարցը ամենաէականն է, որպեսզի մենք հասկանանք, թե տվյալ ՀԷԿ-ը ջուրը օգտագործել է իրեն տրված չափաքանակներից ավելի, թե պակաս», - ասաց Բնապահպանական և ընդերքի տեսչության պետ Արթուր Գրիգորյանը։

Էդգար Փիրումյանից նաև հետաքրքրվեցինք՝ այդ դեպքում ինչո՞ւ նախկինում չէր բացահայտվել, թե ինչպես են աշխատել փոքր ՀԷԿ-երը։ Նա էլ թե՝ ես օգոստոսի 2-ից եմ այս պաշտոնում. - «Ես չեմ եկել, որպեսզի բացահայտեմ նախորդների բացթողումները կամ, եթե ոչ ճիշտ աշխատանք եղել է՝ ոչ ճիշտ աշխատանքը։ Դա իմ գործը չի եղել։ Իմ գործը եղել է հնարավորնս շտկել առկա իրավիճակը»։

Փիրումյանն ասաց, որ անկախ հարուցված քրեական գործից՝ փոքր ՀԷԿ-երին այժմ ժամանակ է տրված, որպեսզի վերացնեն խախտումներն ու տեղադրեն ջրաչափերը։

Սակայն բնապահպան Ինգա Զառաֆյանը, ով 4 տարի շարունակ սեփական մոնիտորինգն է արել այս ոլորտում, նշում է, որ միայն ջրառի վրա ջրաչափ տեղադրելը բավարար չէ։ Տարիներ շարունակ ՀԷԿ-երի սեփականատերերը ջուրը վերցրել են այնքան, որքան ուզում են, բայց թե վերցրածից որքանն են գետ վերադարձրել՝ անհայտ է։ Բնապահպանը պնդում է՝ էկոլոգիական թողքը ևս պետք է վերահսկել։

«Փոքր ՀԷԿ-ի համար ջուրը վերցվում է, պետք է հետո դուրս գա գետ չէ՞, բայց ինքը դուրս չի գալիս գետ։ Մարդիկ միանգամից կառուցում են, օրինակ, ձկնաբուծարաններ, էս ջուրը օգտագործում են լրիվ ուրիշ նպատակներով, կամ ջուրը տանում են մի հատ ջրատար և [օգտագործում են] ոռոգման համար։ Որոտան գետի կառուցված մի քանի փոքր ՀԷԿ-եր ունեն այդպիսի ձկնաբուծարաններ», - ընդգծեց Ինգա Զառաֆյան։

Ոլորտում ստեղծված բարձիթողի վիճակը բնապահպանը մեկ հանգամանքով է բացատրում՝ այլընտրանքային էներգիայի այս փոքրիկ աղբյուրների սեփականատերերի անունները կապվում են բարձրաստիճան պաշտոնյաների հետ. - «Մենք ունենք այդպիսի սեփականտերեր, որոնք ունեն մինչև 20 փոքր ՀԷԿ իրենց տարբեր կոմպանիաների անվանումների տակ»։

Փոքր ՀԷԿ-երի խոշոր սեփականատերերի անունները լսել է ու գիտի նաև տնտեսագետ Վահագն Խաչատրյանը։ Այս բիզնեսի տեսակը, ըստ նրա շատ հրապուրիչ էր նախկին իշխանության ներկայացուցիչների համար, քանի որ ՀԷՑ-ը 1 կիլովատտ էներգիան փոքր ՀԷԿ-երից գնում էր բավականին բարձր գնով՝ 25 դրամով։ Տնտեսագետը նկատում է, որ նման առավելությունից ամեն մեկն օգտվել չէր կարող․ - «Ես համոզված եմ, որ եթե հավասար մրցակցային պայմաններ լիներ, օրինակ, ջրի գին, ջրի վճարումները կատարեին, բոլորը հավասար պայմաններում լինեին, այսինքն ծանոթ-բարեկամությունը, կաշառքը չաշխատեին մեր մոտ, փոքր ՀԷԿ-երի զարգացումը լրիվ այլ ուղղությամբ կլիներ։ Բնությանը վնաս չէր տրվի, էկոլոգիական խնդիրներ չէին առաջացնի»։

Փոքր ՀԷԿ-ի ոլորտը Նիկոլ Փաշինանը վերջերս բնորոշեց որպես՝ չարաշահումների հսկա տիրույթ։ Այս բնութագրման հետ համակարծիք պաշտոնյաները այսօր նշում են՝ օրենսդրական բարեփոխումներ են պետք։ Եթե նոր նախագիծը հաստատվի, ապա կարգելվի նոր ՀԷԿ կառուցել այն գետերի վրա, որոնց ջրերի 40 տոկոսն արդեն իսկ հոսում է խողովակներով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG