Մատչելիության հղումներ

Արթուր Մեսչյան․ «Երևանում այլևս ոչ մի հուշարձան չի քանդվելու»


«Երևանում այլևս ոչ մի հուշարձան չի քանդվելու, քանի դեռ ես քաղաքի գլխավոր ճարտարապետն եմ», - իր առաջին ասուլիսում պաշտոնապես հայտարարեց մայրաքաղաքի գլխավոր ճարտարապետը:

Մեսչյանն ասաց, որ կանգուն են մնալու նաև այն շենքերը, որոնք ընդգրկված են «Հին Երևան» ծրագրում․ - «Դա վերաբերում է և՛ Արամի 23-ին, և՛ վերաբերում է բոլոր այն հուշարձաններին, որոնք գտնվում են այդ տարածքում։ Անհրաժեշտության համար պետք է փոխել նախագծային որոշակի լուծումներ, որպեսզի պահպանվեն այդ շենքերը։ Ճարտարապետի հետ ես արդեն պայմանավորվել եմ: Այնպես որ այդ թեման՝ պատմական հուշարձանների քանդման թեման, եկեք համարենք սպառված»:

Կանգուն հուշարձանները կմնան իրենց տեղում, իսկ արդեն քանդվածները կվերականգնվեն։ Մեսչյանը, սակայն, նկատում է, որ «Հին Երևան» նախագծում ընդգրկված հուշարձան-շենքերի մեծ մասը ժամանակին ապամոնտաժվել են բարբարոսաբար։ Նախագծի հեղինակից ճշտել է, որ քարերի ընդամենը 30 տոկոսն է օգտագործման ենթական։

Աֆրիկյանների տունը, օրինակ, ամենապահպանվածներից մեկն է․ - «Աֆրիկյանների տունը հարյուր տոկոսով ամենաբարձր մակարդակով կարելի է վերակառուցել, որովհետև մանրամասն ամեն մի քարը հատ-հատ․․․ կարողացել են այդ քարերը փրկել»:

Հնից անցում նորին․ 11 օր Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնում աշխատող Արթուր Մեսչյանն այսօրվանից վերջ է դնում նաև քաղաքի, իր բնորոշմամբ, ամենագլխավոր խնդիրներից մեկին՝ ապօրինի շինարարությանը։

Ինչ-որ մարդկանց անձնական շահերով ու քմահաճույքով այլևս քաղաք չենք կառուցելու․ Մեսչյանի կոչը բոլորին է ուղղված․ - «Ապօրինի շինարարությանը վե՛րջ: Հողազավթմանը վե՛րջ: Չի՛ լինելու օրինականացում: Մի՛ ստեղծեք ձեզ համար պրոբլեմներ, մի՛ ստեղծեք խնդիրներ: Դրա փոխարեն ես խոստանում եմ ձեզ, որ եթե դուք որոշեք կատարել ձեր շինարարական ծրագրերը օրինական ճանապարհով, բոլոր հնարավորություններով մենք կաշխատենք հնարավորին չափ հեշտացնել ձեր կյանքը: Ոչ մի պրոբլեմ չեք ունենա»:

Քաղաքի ճարտարապետական դիմագծի համար պատասխանատու կառույցները մինչև այսօր, Մեսչյանի ձևակերպմամբ՝ «պուճախային» աշխատանքով էին զբաղված։ Ինչ վերաբերում է գլխավոր ճարտարապետի իրավասություններին, դրանք էլ, ըստ նրա, «կարվում էին» գործող քաղաքապետի քմահաճույքներին համապատասխան։ Նոր իշխանության օրոք իր գործը լինելու է նաև գլխավոր ճարտարապետի ինստիտուտի ձևավորումը, որ պարտականությունների ու պատասխանատվությունների սահմանները հստակ լինեն։

Իր նախորդ պաշտոնակցին՝ Նարեկ Սարգսյանին մեղադրողներին էլ Մեսչյանը հիշեցնում է. - «Եթե քաղաքապետը ասում էր՝ էսինչ տեղը էսինչ տղուն մի հատ հողահատկացում արեք, ինքը այդտեղ շենք ա կառուցում, այդտեղ գլխավոր ճարտարապետը անելիք չունի: Այդ իրավասությունները, որ վերագրում եք Նարեկ Սարգսյանին, այդքան չէին: Դուք հիշեք որ քաղաքապետների ժամանակ է ինքը աշխատել, ինչ իշխանությունների ժամանակ է աշխատել․․․ երբ որ ամեն ինչ լուծվում էր հեռախոսով»:

Այստեղ Արթուր Մեսչյանը հիշում է իր առաջին փորձը։ Դեռ 1996-ին, երբ նշանակվեց Երևանի գլխավոր ճարտարապետ, չցանկացավ երկար աշխատել այդ պաշտոնում։ Զանգով հարց լուծելն իր համար անընդունելի էր․ - «Մեր նախագահի ախրանայի պետը կյանքս կերավ բառիս բուն իմաստով, իմ կաբինետից դուրս չէր գալիս: Եվ ասում էր՝ պըտի տաս, ասում էի՝ չեմ տալի․․․ Եվ նա գնում էր, բողոքում էր բոլոր ատյաններում, հետո ինձ զանգ էին տալիս, ասում՝ պարոն Մեսչյան, Դուք գիտե՞ք ում եք ասել ոչ: Ասում էի՝ ով ուզում է լինի, ի՞նչ տարբերություն: Իմ գլխին Աստվածն ա, իմ գլխին իմ քաղաքն ա»:

Նարեկ Սարգսյանի հասցեին քննադատությունը սկսվեց հնչել Հյուսիսային պողոտայի կառուցումից հետո, բայց Մեսչյանի խոսքով, պետք է խոստովանել, այն այժմ Երևանի ամենասիրված վայրերից մեկն է դարձել։ Սա արդեն իրողություն է։

Ինչ վերաբերում է կենտրոնում գերծանրաբեռնված կառուցապատմանը, ապա գլխավոր ճարտարապետի խոսքով՝ եղածը փոխել չի կարող, լիազորություններ չունի։ Բայց իր նշանակումից հետո, մի քանի շինարարություն արդեն ժամանակավորապես կասեցրել է․ - «Երևանի կենտրոնում կան բավականին քանակի էդպիսի ծրագրեր, կան արդեն փորված հիմքեր, կան արդեն կատարված հողային աշխատանքներ: Ես դա բոլորը կանգնացրել եմ, մինչև գանք որոշակի տրամաբանական լուծումների: Ես կարծում եմ, որ հնարավորին չափով կպակասեցնեմ այն ցավը, որ էսօր տանջում է բնակիչներին․․․ Դրանով ինչ-որ չափով կշահի և՛ քաղաքը, և՛ բնակիչները»:

Գլխավոր ճարտարապետն այսօր համոզմունք հայտնեց, որ քաղաքի կենտրոնը պետք է հատուկ կարգավիճակ ունենա և իրենք աշխատելու են այս հարցին լուծում տալու համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG