Դատարանը մերժել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Արա Մինասյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու քննիչի միջնորդությունը։ Այդ մասին «Ազատության»-ը փոխանցեց Մինասյանի փաստաբան Տիգրան Ղազարյան։
Փաստաբանն ասաց, որ քննիչին ներկայացրած միջնորդությունը մերժվել է՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ։
«Դատական ակտի եզրափակիչ մասն է հրապարակվել, այսինքն՝ քննիչի միջնորդությունը մերժել՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ։ Դատական ակտը դեռևս չենք ստացել, ակնկալվում է, որ դատական ակտը կստանանք այսօր, այս պահի դրությամբ չունենք դատական ակտը, որպեսզի բովանդակային տեսանկյունից ուսումնասիրենք», - ասաց Ղազարյանը։
Նշենք, որ Արա Մինասյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով խարդախության և մի խումբ անձանց հետ փաստաթղթեր կեղծելու համար: Ըստ Քննչական կոմիտեի, «Արա Մինասյանը թաքնվում է քննությունից և պարզ չէ նրա գտնվելու վայրը։ Նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում»։
Հարցին, թե որտե՞ղ է այս պահին Արա Մինասյանը, Ղազարյանը պատասխանեց. - «Այդ հարցի վերաբերյալ ես որևէ տեղեկություն չեմ կարող տալ»։