Դատարանը որոշեց բավարարել Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) միջնորդությունը և երկու ամսով կալանավորել 2008-ի «Մարտի 1»-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանին։
Հարությունյանի պաշտպան Միհրան Պողոսյանն «Ազատության» հետ զրույցում դատարանի որոշումն անհիմն որակեց։
«Կալանքի որոշումը կայացված է, մեզ նույնիսկ չեն տրամադրել որոշման օրինակը, ինչը պարտավոր էին կատարել հենց հրապարակումից հետո: Որոշումը կտրամադրեն այսօրվա ընթացքում՝ մի քանի ժամ հետո, սակայն, ներկայացված միջնորդության հիման վրա որևէ հիմք չկար Վահագն Հարությունյանին կալանավորելու։ Նշում էին, որ Վահագն Հարությունյանը կարող է թաքնվել վարույթն իրականացնող մարմնից, այդ պարագայում բացարձակապես հիմնավորված չէ միջնորդությունը, որովհետև այն անձն, ում ասում էին, որ կարող է թաքնվել, ինքն անձամբ է՝ որևէ պարտականություն չունենալով, զանգում քննչական մարմնին, զրուցում քննիչների հետ, հայտնում իր բնակության վայրը, հեռախոսի համարները, ու էս պարագայում անձի նկատմամբ հայտարարում են հետախուզում և միջնորդություն են ներկայացնում կալանավորումը որպեսզ խափանման միջոց կիրառելու մասին», - ասաց փաստաբանը։
Հետախուզում հայտարարելու մասին որոշումը ևս «ապօրինի և անհիմն» որակելով՝ Պողոսյանն ասաց, որ այն արդեն բողոքարկել են Գլխավոր դատախազին։
«Այս ամեն ինչի մեջ իր խոսքը պետք է ասի Գլխավոր դատախազությունը, հակառակ պարագայում մենք զրկված ենք լինելու երբևէ արդար դատաքննություն ունենալու հնարավորությունից», - ասաց փաստաբանը։
Ըստ մեղադրանքի՝ Հարությունյանի ցուցումով մարտյան իրադարձությունների ժամանակ զինված ուժերի կողմից կրակված շուրջ 1000 պարկուճները փոխարինվել են Ոստիկանության զորքերի սպառազինության մեջ մտնող նույն տեսակի այլ հրազեններից կրակված պարկուճներով։ Մինչդեռ Պողոսյանը պնդում է՝ առաջադրված մեղադրանքը հիմավորող որևէ ապացույց իրենց չի տրամադրվել։ Այն էլ ինչ կա՝ վիճարկելի է, բայց նախաքննական գաղտնիքից ելնելով հրապարակման ենթակա չէ՝ նշում է նա։ Պաշտպանի պնդմամբ՝ Հատուկ քննչական ծառայությունը հստակ մարտավարություն է ընտրել, հրապարակում է մեղադրանքի այն հատվածը, որն իրեն է շահավետ՝ ստեղծելով իր իսկ կողմից ցանկալի տպավորությունը։
«Մարտի 1»-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը որպես մեղադրյալ է ներգրավվել «առանձնապես ծանր հանցագործության վերաբերյալ քրեական գործով ապացույցներ կեղծելու» համար, նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել։
Հատուկ քննչական ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, պարզվել է, որ Վահագն Հարությունյանը, 2007-2011 թվականներին զբաղեցնելով ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի ավագ քննիչի պաշտոնը, կազմակերպել է ապացույցների կեղծումը, մասնավորապես՝ նպատակ ունենալով թաքցնել 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ «ՀՀ զինված ուժերի հակասահմանադրական օգտագործման, այդ թվում՝ զինված ուժերի ծառայողների կողմից հրազենի ապօրինի գործադրման իրական հանգամանքները»:
Վահագն Հարությունյանն «անհիմն, ապօրինի, շինծու» է որակում իրեն առաջադրված մեղադրանքը։ Նա նաև ապօրինի է համարում իր նկատմամբ հայտարարված հետախուզումը: