Մատչելիության հղումներ

Փաշինյանի պնդմամբ «գործարար դաշտում դրական մթնոլորտ է»


Տեքստիլ գործարան Գյումրիում, արխիվ
Տեքստիլ գործարան Գյումրիում, արխիվ

Վարչապետի պաշտոնակատարը, այսօր ելույթ ունենալով Ազգային ժողովում, խոսեց տնտեսության մասին, պնդելով, որ այս ոլորտում բացասական որևէ բան տեղի չի ունեցել։ Ըստ Նիկոլ Փաշինյանի Հայաստանն այսօր հանքարդյունաբերող, ընդերքը քանդող և արտահանող, ինչպես նաև խաղադրույքներ կատարող երկիր է, ինչն «անընդունելի է»։

«Տեղի էր ունենում Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը, և պարզվում էր, որ մեր ժողովուրդը, երիտասարդությունը զանգվածաբար զբաղված էր խաղադրույքներ կատարելով և այս ցուցանիշները արձանագրվեցին, որպես ծառայությունների շեշտակի աճ և մեկ ամսվա ընթացքում 5 տոկոսի տնտեսական ակտիվության ցուցանիշի աճ ունեցանք միայն խաղադրույքներ կատարելու հաշվին», - նշեց Փաշինյանը: - «Ընդ որում, ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ մեր հարկային գործող օրենսդրությամբ, պետական եկամուտները սրանից չաճեցին, որովհետև այս ոլորտը՝ շահումով խաղերի ոլորտը, ըստ էության հարկվում է հաստատագրված վճարներով, այսինքն միանվագ վճարում է կատարում և կապ չունի ինչքանով են աճում կամ նվազում ցուցանիշները»:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ գործարար դաշտում դրական մթնոլորտ է, բիզնես ներդրումները ավելացել են, վարկային տոկոսադրույքները նվազել։ Վարչապետի պաշտոնակատարը պնդեց՝ նոր իշխանությունները որևէ մեկի ձեռքից բիզնես չեն խլելու, հարկադրանքի միջոցով սեփականության վերաբաշխում տեղի չի ունենալու։

«Մենք չպետք է գնանք, այս առիթը օգտագործելով, սեփականության վերաբաշխում անելով, այս մեկից վերցնելով էն մեկին տալով․․․ մենք այդ ճանապարհով չպիտի գնանք», - ընդգծեց նա:

Փաշինյանի խոսքով՝ ՊԵԿ-ն ու գործարարները այսօր հասել են փոխըմբռնման նոր որակի, իշխանության կողմից, այսպես ասած «դաբռոյով» աշխատող տնտեսվարողներ չկան։

«Այս երկու սուբյեկտները ոչ թե բարիկադների տարբեր կողմերում են, այլ արձանագրում են, որ գտնվում են նույն դաշտում և պետք է այստեղ հակամարտության ռեժիմը փոխարինել համագործակցության ռեժիմի», - նշեց վարչապետի պաշտոնակատարը: - «Ուզում եմ հաստատել, որ եթե նույնիսկ որևէ մեկը կգա և ինչ֊որ պայմանում կասի՝ ես այս քայլը անում եմ, պիտի փայ մտնեմ և դա համաձայնեցված է, մի հատ էլ աչքով տալով, ուրեմն իմացեք, որ ինքը սուտ է ասում: Մի տատանվեք դիմել իրավապահ մարմիններին և դուք կտեսնեք, որ այդ մարդը այդ գործողության համար կենթարկվի խստագույն պատասխանատվության»:

Ներկայացնելով հարկային մարմինների վերջին 6 ամսվա հարկերի հավաքման տվյալները, Փաշինյանը շեշտեց՝ արձանագրվել է ռեկորդային ցուցանիշ։ Ըստ նրա, դրան զուգահեռ մոտ 200 միլիոն դոլարի յուրացման և չարաշահումների վերաբերյալ քրեական գործեր են հարուցվել։

Նա շեշտեց, 2019 բյուջեն իներցիոն է, գրվել է նախկին իշխանությունների գործունեությունն ու ցուցանիշները հաշվի առնելով, այդուհանդերձ նոր կառավարությունը եկող տարվա հունվարի 1-ից տասը հազար դրամով կբարձրացնի ավելի քան 80 հազար քաղաքացու թոշակն ու նպաստը․ - «Որպեսզի նրանք պարենային գծից ներքև չլինեն, այսինքն մենք համոզված լինենք, որ Հայաստանի Հանրապետությունում, կներեք կոպիտ բառի համար՝ սովալլուկ թոշակառու կամ նպաստառու չկա»:

Իր ելույթում, Փաշինյանն անդրադարձավ նաև փոքր ՀԵԿ-երի խնդրին՝ նշելով, որ դրանք չարաշահումներ են թույլ տալիս․ - «95 տոկոսում ջրաչափ տեղադրված չէ: Սա խայտառակ երևույթ է: Երկար տարիներ շարունակ ուղղակի լուրջ դեմքով արձանագրում ենք, որ մեր ջրային համակարգում ընդհուպ մինչև 80 տոկոս կորուստ կա: Պատկերացնո՞ւմ եք՝ մեր որևէ ջրամբարից դուրս եկող ամեն 100 լիտր ջրից 80 լիտրը կորում է: Ու մենք չգիտենք, թե որտեղ է կորում, անունը դնելով, որ մաշված է համակարգը և այլն, և այլն: Բայց մենք գիտենք, որ այդտեղ մենք ունենք լուրջ պրոբլեմներ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG