Մատչելիության հղումներ

Ավարտվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը Հայաստան ու Լեռնային Ղարաբաղ


ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի հետ:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի հետ:

Համանախագահների այս այցի ընթացքում, քննարկումների առանցքում կրկին եղել է Ղարաբաղը բանակցային սեղան վերադարձնելու հարցը։

Հոկտեմբերի 29-ին Երևանում, իսկ երեկ ու այսօր արդեն Ղարաբաղում Իգոր Պոպովը, Էնդրյու Շոֆերն ու Ստեֆան Վիսկոնտին հանդիպել են երկու երկրների ղեկավարներին, քննարկումներ ունեցել Հայաստանի ու Ղարաբաղի արտաքին գործերի նախարարների հետ։

Թե՛ Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը, թե՛ արտգործնախարար Մայիս Մայիլյանը շեշտել են բանակցությունների եռակողմ ձևաչափի վերականգնման անհրաժեշտությունը։

Ըստ Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանի, հակամարտության կարգավորումը առանց Ղարաբաղի մասնակցության հնարավոր չէ, և դա գիտակցում են նաև համանախագահող երկրները․ - «Իրենք հասկանում են, որ առանց Արցախի մասնակցության հնարավոր չէ կարգավորել հակամարտությունը, և դրա մասին ասում են, որ, այո, ժամանակը կգա, կմասնակցեք և այլն։ Մենք էլ ասում ենք, որ պիտի անպայման վերականգնվի, և մենք պիտի մասնակցենք բոլոր փուլերին՝ սկսած հասարակ հանդիպումներից մինչև կարևոր հարցերի քննարկում, պայմանագրերի մշակում և ստորագրում, առավել ևս՝ դրանց կատարում»:

Բաբայանը նշեց, որ Ղարաբաղը բանակցային սեղանին կրկին տեսնելու համար ժամանակ և աշխատանք է պետք։ Բայց, նրա խոսքով, հայկական կողմից տեսանելի քայլերին զուգահեռ պաշտոնական Բաքուն առայժմ խոչընդոտում է լիարժեք ձևաչափի վերականգնմանը, մինչդեռ «կարգավորման գործընթացում Արցախի կարգավիճակը՝ որպես հակամարտության կողմի, լեգիտիմ է և անվիճելի, ինչն ամրագրված է բոլոր փաստաթղթերով»։

«Շարունակելու ենք դրա մասին խոսել։ Մենք տեսնում ենք, որ պաշտոնական Երևանն էլ շատ համառերեն էդ թեզը տանում է, գումարած համանախագահների կողմից, որ պետք է Ադրբեջանի վրա համապատասխան, նույն ձևի ազդեցություն, բանակցություններ և այլն։ Իհարկե, համանախագահները դատավորներ չեն, պարզ է, իրենք միշտ ասում են դրա մասին, բայց պետք է այդ գործընթացը զուգահեռ գնա», - նշեց նա։

Համանախագահների այս այցից մեկ ամիս առաջ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Դուշանբեում էր։ Հենց այդտեղ նա կարճ ու ոչ պաշտոնական զրույց ունեցավ Ադրբեջանի նախագահ Իհլամ Ալիևի հետ։ Արդյունքում՝ սահմանագծում լարվածությունը նվազեցնելու և միջադեպերը կանխելու պայմանավորվածություն ձեռք բերվեց։ Ու արդեն մեկ ամիս անց պաշտոնական Ստեփանակերտն արձանագրում է՝ դրական տեղաշարժ կա, այս մասին խոսել են նաև համանախագահների հետ։ Ալիև - Փաշինյան պայմանավորվածությունից ոգևորված է նաև Մինսկի խումբը։

«Մենք էլ ողջունեցինք, բայց կրկին շեշտեցինք, որ այո, ողջունում ենք այդ ամենը, դա լավ է անկասկած, քանակը էսպես խախտումների անկում է ապրում, բայց դա չի կարող լինել էսպես 100 տոկոսանոց երաշխիք, որ Ադրբեջանը վաղը չի խախտի զինադադարի ռեժիմը։ Այդպիսի շատ պայմանավորվածություններ է եղել, ոչ միայն եղել է էսպես բանավոր պայմանավորվածություններ՝ գրավոր, ստորագրված», - ընդգծեց Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալը։

Բանակցություններից զատ ԵԱՀԿ առաքելությունն այսօր նաև հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել ղարաբաղա-ադրբեջանական սահմանին՝ Ակնա-Հինդարխ հատվածում։

Ստեփանակերտից միջազգային միջնորդները մեկնել են Բաքու։

XS
SM
MD
LG