Մատչելիության հղումներ

Համաներման մասին նախագիծը ընդունվեց առաջին ընթերցմամբ


Հայաստան - Համաներման օրինագծի քվեարկության արդյունքները, Երևան, 31-ը հոկտեմբեր, 2018թ.
Հայաստան - Համաներման օրինագծի քվեարկության արդյունքները, Երևան, 31-ը հոկտեմբեր, 2018թ.

Ազգային ժողովն այսօր միաձայն կողմ քվեարկությամբ առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված համաներման մասին նախագիծը։

Համաներումն ընդհանուր առմամբ կտարածվի մոտ 6500 անձանց վրա, 650 դատապարտյալ ազատ կարձակվի, կկրճատվի մի քանի հարյուր դատապարտյալների պատժաչափը։ Վերջին տասը տարիների ընթացքում, սա արդեն չորրորդ համաներումն է։

Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանն այսօր հայտարարեց՝ խորհրդարան բերված նախագիծը կարելի է աննախադեպ համարել։

«Առկա է տեղեկանք, համեմատական վերլուծություն 2009, 11, 13 և այս նախագծի միջև և ամենաընդարձակ համաներումը սա է՝ 2018 թվականի նախագիծն է ամենաընդարձակ համաներումը նախատեսում», - ասաց նախարարի պաշտոնակատարը։

Համաներման նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ քվեարկության կդրվի վաղն առավոտյան։ Համաներմամբ պատժից կազատվեն 2015 թվականի ապրիլի 24-ին զանգվածային անկարգությունների համար դատապարտված Ժիրայր Սեֆիլյանն ու Գևորգ Սաֆարյանը, «Արժեքների հեղափոխության» գործով արդեն 5 տարի ազատությունից զրկված Շանթ Հարությունյանը։

Համաներման հատուկ հոդվածով քրեական հետապնդումից կազատվեն նաև 2016 թվականին ոստիկանության գունդը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբի բոլոր այն անդամները, որոնց գործողությունները անմիջականորեն չեն հանգեցրել մարդու մահվան։ Կալանավայրերը գերծանրաբեռնված չեն, նոր կառավարության այս նախաձեռնությունը բացառապես մարդասիրական նպատակներ ունի, հայտարարեց արդարադատության նախարարի պաշտոնակատարը։

«Այսօրվա դրությամբ քրեակատարողական հիմնարկներում կալանավորված և դատապարտված առկա է 2 հազար 888 անձ։ Տեղերի թիվն է՝ 5 հազար 346։ Սա ներկայացնում եմ այն նպատակով, որպիսի պարզ լինի, որ համաներումը քրեակատարողական հիմնարկները բեռնաթափելու նպատակ չի հետապնդում», - նշեց Զեյնալյանը։

Խորհրդարանում ներկա պատգամավորներն այսօր դրական էին գնահատում Նիկոլ Փաշինյանի կառավարության այս քայլը։ Նախկին գլխավոր դատախազ, հանրապետական խմբակցությունը լքած Գևորգ Կոստանյանը հայտարարեց. - «Այսօրվա համաներումը իրականում շատ լավն է համեմատած նախորդ համաներումների հետ, և ես ձեզ շատ անկեղծ ասեմ՝ համեմատած նաև շատ երկրներում հայտարարված համաներումների հետ»։

Համաներմամբ պատժից կազատվեն առավելագույնը 4 տարվա ազատազրկվածները, հանցագործությունը մինչև 18 տարին լրանալը կատարողները։ Առավելագույնը 5 կամ 10 տարով դատապարտվածները դուրս կգան կալանավայրերից, եթե կրած կլինեն պատժի համապատասխանաբար մեկ երրորդը կամ կեսը։

ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը նախագիծը չափազանց կարևոր ակտ որակեց, հավելելով. - «Այսպես ասենք, այս տրամաբանության շրջանակներում է՝ խավարին միշտ էլ հաջորդում է լույսը, խավարը խավարով չի հաղթահարվում։ Լույս պիտի լինի, որպիսի դրա միջոցով կարողանանք հաղթահարել ու վերականգնել նաև հանրային համերաշխությունը»։

Համաներումը չի տարածվի հեղափոխությունից հետո հարուցված մի շարք աղմկահարույց գործերի վրա։ Մասնավորապես, քրեական հետապնդումը չի դադարի 2008 թվականի մարտի 1-ի արյունալի իրադարձությունների ժամանակ սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի, ինչպես նաև ապօրինի զենք պահելու և բանակից յուրացումներ կատարելու համար կալանավորված գեներալ պատգամավոր Մանվել Գրիգորյանի նկատմամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG