Մատչելիության հղումներ

Հիմա կան կոնկրետ լծակներ հայտնաբերելու այդ չարաշահումները և վերականգնելու պետության կրած վնասները․ Արայիկ Հարությունյան


Կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանին չեն զարմացրել բուհերում վերջերս հայտնաբերված չարաշահումները: Պետական վերահսկողական ծառայությունն օրերս հայտարարեց Երևանի պետական ու Ագրարային համալսարաններում տեղ գտած չարաշահումների մասին՝ մեկում մոտ 700, մյուսում 350 միլիոն դրամի մասին է խոսքը:

«Այն չարաշահումները, որոնք հայտնաբերվել են, մասնավորապես Ագրարային համալսարանում, նման բաների մասին մենք խոսում էինք այն ժամանակ, երբ ընդդիմություն էինք: Հիմա կան կոնկրետ լծակներ հայտնաբերելու այդ չարաշահումները և վերականգնելու պետության կրած վնասները: ԵՊՀ֊ի մասով որևէ բան չեմ կարող ասել: Երբ կավարտվեն այդ ստուգումները և պաշտոնապես փաստաթղթերը կուղարկվեն, այն ժամանակ կարող եմ կարծիք հստակ հայտնել», - մեկնաբանեց Հարությունյանը:

Նախարարի պաշտոնակատարը ԵՊՀ-ի հետ կապված մի օրինակ բերեց․ - «Օրինակ՝ ԵՊՀ աշխատակազմի ղեկավար Ալիկ Ղարիբյան, եթե չեմ սխալվում: Նա մշտապես եղել է այդ պաշտոնին, բայց հանկարծ մեծ սեփականության տեր է դառնում կամ մեծ տուն է սարքում և մենք այն ժամանակ խնդրում էինք իշխանություններին, որպեսզի հետամուտ լինեն և ստուգեն, թե ինչպես կարող էր դա լինել: Գուցե անհիմն էին այդ կասկածները, բայց՝ ինչպե՞ս է պատահում, որ նման պաշտոնյան նման սեփականության տեր է դառնում»:

Հարությունյանն անդրադարձավ նաև դեկտեմբերին կայանալիք ԱԺ-ի արտահերթ ընտրություններին կրթական ոլորտը քաղաքական գործընթացներին չներքաշելու հարցին: FIP.am կայքը հոկտեմբերի 21-ի ՏԻՄ ընտրություններից առաջ մի ձայնագրություն էր հրապարակել, ըստ որի Հրազդանի դպրոցներից մեկի տնօրենը պատրաստակամություն էր հայտնել «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի որդու՝ Սևակ Միքայելյանի նախընտրական քարոզարշավին 100 հոգու ներկայություն ապահովել՝ այդ թվում դպրոցականների: Արդյոք չկա մտավախություն, որ տնօրենները կփորձեն արջի ծառայություն մատուցել թեկուզ գործող իշխանությանն համար ու մարդաքանակ ապահովել և՛ քարոզարշավներին, և՛ դեկտեմբերյան ընտրություններին:

«Չեմ կարծում, որ որևէ լուրջ խնդիր այս առումով լինի: Այդ տնօրենները, վստահ եմ, որ կաշխատեն օրենքի և իրավունքի դաշտում», - պարզաբանեց նախարարի պաշտոնակատարը՝ շարունակելով․ ֊ «Բոլոր այն տնօրենները, որոնք փորձեն խախտել օրենքը, ինչպես դա արձանագրվել է նախկինում, մինչև հեղափոխությունը, մեր ունեցած լիազորությունների և իրավասությունների շրջանակներում միջոցներ կձեռնարկենք, բայց ես վստահ եմ, և արդեն Երևանի ու մյուս քաղաքների ընտրությունները դա ցույց տվեցին, որ նրանց ներգրավվածությունը այս պրոցեսներում՝ քարոզչություն դպրոցներում, ցուցակագրումներ, ծնողների ուղղորդում, աշակերտների շրջանում քարոզչություն չի եղել, և սա փաստ է»:

Դպրոցների տնօրենների մեծ մասը դեռ Հանրապետական կուսակցությունն են ներկայացնում: Նրանց մեջ են նաև այն տնօրենները, որոնք Ազգային ժողովի նախորդ ընտրություններին հրապարակված ու մեծ աղմուկ բարձրացրած ձայնագրությունների մեջ պատմում էին, թե Հանրապետականի օգտին ինչպես ու որքան ձայներ են ապահովելու: Նրանցից մեկը Գյումրիի թիվ 37 դպրոցի տնօրենն էր՝ Աստղիկ Ավետիսյանը, ով վերջերս կայացած մրցույթում վերընտրվել է: Սակայն Դպրոցի կառավարման խորհրդի ութ անդամներից երեքը դժգոհ են մրցույթի արդյունքներից՝ գտնելով, որ այն անցկացվել է ընթացակարգային և այլ խախտումներով: Նախարարի պաշտոնակատարը տեղյակ էր խնդրին․ - «Ես որքան գիտեմ՝ տեսչական մարմինը ուսումնասիրություններ է անցկացնում հենց այդ բողոքների հիման վրա և դրա արդյունքում մենք եզրակացություն կանենք: Ես մի բան եմ ուզում բոլորիդ ասել՝ նույն տնօրենների մրցույթների ժամանակ մենք բախվում ենք մի խնդրի, երբ գործող, թայֆայական մտածելակերպ ունեցող տնօրենին փորձում են փոխարինել մեկ այլ թայֆայի ներկայացուցիչով: Երբեմն աղմուկը այդ պատճառով է շատ բարձրանում: Ես չեմ ասում սա 37 դպրոցի օրինակով, բայց նման երևույթներ կան: Հին նեղացվածություններ, նախկինում մի խումբը մերժվել է, հիմա ուզում է ռևանշ վերցնել»:

Ի դեպ, Գյումրիի մեկ այլ դպրոցում էլ մրցույթը հետաձգվել է: Նկատվում է մի երևույթ, որ դպրոցի տնօրենի աթոռն այլևս նախկինի պես գրավիչ չէ: Արայիկ Հարությունյանը կարծում է՝ պատճառն այն է, որ նրանք այսուհետ այլևս այսպես ասած «չոր ռոճիկով» են աշխատելու:

«Իհարկե չեն ուզում չոր ռոճիկով աշխատել: ԵՎ հիմա աշխատանքի կգնան իրական նվիրյալները», - մեկնաբանեց Արայիկ Հարությունյանը:

Նախարարի պաշտոնակատարն անդրադարձավ նաև Շիրակի պետական համալսարանին՝ նշելով, որ անառողջ մթնոլորտն այնտեղ դեռ պահպանվում է՝ դասախոսների այսպես ասած «թայֆայական մոտեցման» պատճառով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG