Մատչելիության հղումներ

Երևան - Գյումրի մայրուղին փակած շինարարները պահանջում են իրենց աշխատավարձը


«Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու Թալին-Գյումրի հատվածի վրա աշխատող տասնյակ շինարարներ այսօր փակեցին Գյումրի-Երևան միջպետական ճանապարհը:

Չինական «Սինոհիդրո Քորփորեյշն» ընկերության ենթակապալառու «Սթոունս» ընկերության աշխատակիցներ պահանջում էին իրենց 3 ամսվա աշխատավարձը:

Անիի ոստիկանապետ Ասքանազ Դավթյանը փորձում էր համոզել բացել ճանապարհը, մինչև կազմակերպության ղեկավարները կհասնեն ու կբանակցեն աշխատակիցների հետ:

Թեժ վիճաբանությունից հետո ճանապարհը բացեցին ու մեկ ժամ ժամանակ տվեցին, որ «Սթոունս» ընկերության ղեկավար Սուրեն Ավագյանը գա ու աշխատավարձերը վճարի:

Ասում են, որ այլևս խաբվել չեն ուզում․ - «Իրեք ամիս խաբեցին․․․ վաղը կտանք, մյուս օրը կտանք․․․ Վերջը որոշեցինք, որ ճամփեն պտի փակենք: Մենք մեր քրտինքն ենք պահանջում»:

Մեկ ժամ անց եկավ ընկերության անվտանգության պատասխանատուն, ցուցարարների ներկայությամբ զանգեց «Սթոունս»-ի ղեկավար Սուրեն Ավագյանին, ով ասաց, թե բանկ է գնում գումար վերցնի ու ժամը 16-ին Մարալիկ կգա՝ աշխատավարձերը վճարելու:

Բողոքող աշխատակիցներին լուրեր են հասել, որ «Սթոունս» ընկերությունը պարտքեր ունի և սնանկացման եզրին է: Նրանք մտավախություն ունեն, որ իրենց կարող են խաբել ու այդպես էլ աշխատավարձ չվճարել:

Ժամը 16-ին «Սթոունս» ընկերության ղեկավար Սուրեն Ավագյանը եկել էր հանդիպման: Աշխատակիցները փոխանցեցին, որ ընդամենը 3 մլն դրամ էր բերել, որը աշխատավարձի պարտքն ամբողջովին չէր փակի: Աշխատակիցները հրաժարվել են մասնակի պարտքը մարելու տարբերակին ու կարճ ժամանակով կրկին փակել են Գյումրի - Երևան ճանապարհը:

«Սթոունս» ընկերության ղեկավար Սուրեն Ավագյանը խոստացել է ուրբաթ օրը ամբողջությամբ փակել աշխատավարձի պարտքը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG