Մատչելիության հղումներ

Արտակ Զեյնալյան․ Մեծ համաներում է լինելու


Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, որ մեծ համաներում է լինելու:

Նախարարը, սակայն, ասել է, որ առայժմ չի նշի, թե քանի բանտարկյալ համաներմամբ ազատ կարձակվի։ Կառավարությունն արդեն հավանություն է տվել համաներում հայտարարելու մասին նախագծին:

«Մի քանի օրից Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովում կքննարկենք, և մի քանի օրից Ազգային ժողովում իմ ելույթում կհնչեցնեմ այդ թվերը», - խոստացավ Զեյնալյանը՝ շարունակելով․ - «Սա մարդասիրական ակտ է, մարդասիրական ակցիա է, որը իրականացվում է այս իրադարձությունների լույսի ներքո: Կառավարությունը հանրության անունից այս ժեստը անում է իր նկատմամբ ոտնձգություն իրականացրած մարդկանց համար»:

Հարցին, թե ինչու են համաներումն անում նախընտրական շրջանում, Զեյնալյանը պատասխանեց․ - «Բացառում եմ: Որովհետև ես արդեն իմ ֆեյսբուքյան էջում գրառում կատարել եմ․ նախարար նշանակվելուց տասը օր հետո նախագիծը արդեն պատրաստ եղել է․․․ Ամբողջը վերլուծվել է, քննարկվել է դրա նպատակահարմարության և իրագործելիության տեսակետից»:

Զեյնալյանը նաև անդրադարձել է ցմահ ազատազրկվածների խնդրին։ Օրերս դատարանի որոշմամբ պայմանական վաղաժամկետ ազատ էր արձակվել ցմահ բանտարկայլ Կարեն Օգանեսյանը։ Զեյնալյանը ֆեսբուքի իր էջում աննախադեպ էր որակել տեղի ունեցածը։

Օգանեսյանն առաջին ցմահ բանտարկյալն է, որ ազատ արձակվեց քրեակատարողական վարչության կողմից տրված դրական բնութագրի շնորհիվ։

Զեյնալյանը նաև խոսել է բանտերի գերբեռնվածության մասին՝ հիշեցնելով, որ նոր իշխանություններն անցած ամիսներին լուծում են տվել այս խնդրին․ - «Հայաստանում այսօր քրեակատարողական հիմնարկների ծանրաբեռնվածության խնդիր չկա: Այս կառավարությունը, Արդարադատության նախարարությունը, մենք այս խնդիրը լուծել ենք այլևս»:

Արդարադատության նախարարի պաշտոնակատարը նշեց, որ քրեակատարողական հիմնարկներում կալանավորների և դատապարտյալների թիվը հասնում է ավելի քան 2 հազար 900-ի։ Ամիսներ առաջ, սակայն, նրանց թիվը ավելի մեծ էր՝ ավելի քան 3 հազար 800։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG