Մատչելիության հղումներ

«Ոստիկանությունը պատրաստ է գերազանց անցկացնել արտահերթ ընտրությունները». ՀՀ ոստիկանապետ


Վալերի Օսիպյան, արխիվ
Վալերի Օսիպյան, արխիվ

Ոստիկանաությունն աննախադեպ վերահսկողություն է իրականացնելու նաև արտահերթ խորհրդարանական ընտրություններին, այսօր կառավարության նիստից հետո, լրագրողների հետ ճեպազրույցում, ասաց Հայաստանի ոստիկանապետ Վալերի Օսիպյանը։

«Ոստիկանությունը պատրաստ է գերազանց անցկացնել Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները, և այստեղ մենք կօգտագործենք, հատկապես մարզերում, հիմա չեմ բարձրաձայնի, նոր մոտեցումներ։ Մենք երեկվանից սկսած տիրապետում ենք Հայաստանի Հանրապետությունում ողջ իրավիճակին՝ տեղեկացված ենք օպերատիվ իրավիճակից, տեղեկացված ենք ամեն ինչից, բոլորից և վստահեցնում եմ ձեզ՝ այս պահի դրությամբ որևէ անհանգստանալու, և ընտրության օրն էլ, որևէ անհանգստանալու խնդիր չեմ տեսնում», - ասաց Օսիպյանը։

Հարցին, թե հակահեղափոխական ուժերի ակտիվացում սպասելի՞ է, Հայաստանի ոստիկանապետը պատասխանեց. - «Ո՛չ, չի կարող լինել, մենք դրան էլ ենք տիրապետում, ամբողջությամբ տիրապետում ենք այն իրավիճակին, ինչ որ ներկայումս կա և կանխարգելիչ աշխատանքներ ենք իրականացնում»։

Հոկտեմբերի 16-ին Նիկոլ Փաշինյանը հրաժարական տվեց վարչապետի պաշտոնից։

Ըստ 2015 թվականին ընդունված Սահմանադրության, վարչապետի հրաժարականի դեպքում կառավարության հրաժարականն ընդունվելուց հետո` յոթնօրյա ժամկետում, Ազգային ժողովի խմբակցություններն իրավունք ունեն առաջադրելու վարչապետի թեկնածուներ:

Ազգային ժողովը վարչապետին ընտրում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Վարչապետ չընտրվելու դեպքում, քվեարկությունից յոթ օր հետո, անցկացվում է նոր ընտրություն, որին մասնակցելու իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի առաջադրած վարչապետի թեկնածուները:

Եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վարչապետ չի ընտրվում, ապա խորհրդարանն արձակվում է իրավունքի ուժով:

Ավելի վաղ France24-ի հետ զրույցում վարչապետն ասել էր, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենալու դեկտեմբերի 9-ին, 10-ին։

«Ընտրությունները, նախնական կարող եմ ասել, որ մոտավորապես դեկտեմբերի 9-ին, 10-ին, այդ հատվածում, պլյուս-մինուս մի քանի օր, այդ հատվածում տեղի կունենան: Եվ սրա համար, ըստ էության, ես պետք է հրաժարական տամ մինչև հոկտեմբերի 16-ն ընկած ժամանակահատվածը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG