Մատչելիության հղումներ

«Մեծ է հավանականությունը, որ այս 14 օրվա ընթացքում առնվազն առաջին շրջափուլում որպես վարչապետի թեկնածու առաջադրվեմ»․ Փաշինյան


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ժամը 20-ին Հանրային հեռուստաընկերություն եթերում կհայտարարի իր հրաժարականի մասին:

Առավոտյան տեղի ունեցած կառավարության արտահերթ նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ պետք է ավարտին հասցնել հեղափոխությունը: - «Այսօր կարևոր օր է և Հայաստանի Հանրապետությունը թևակոխում է նոր մի պատմական շրջափուլ, որի հիմնական իմաստը կարող ենք ձևակերպել հետևյալ կերպ՝ այս շրջափուլի արդյունքներով մենք պետք է ավարտին հասցնենք գարնանը Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի թավշյա ժողովրդական հեղափոխությունը, բայց այդ մասին ես ավելի կոնկրետ հայտարարությամբ հանդես կգամ այսօր երեկոյան», - ասաց Փաշինյանը։

Մայիսին տեղի ունեցած հեղափոխությունը վերջնական ավարտին հասցնելու համար Փաշինյանի կառավարությունը, ինչպես խոստացել էր, ցանկանում է լուծարել Ազգային ժողովը և արտահերթ ընտրություններ անցկացնել: Դրա համար այս պահին անհրաժեշտ է, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա և խորհրդարանը 2 անգամ անընդմեջ, չընտրի նոր վարչապետ:

Սահմանադրության այս հոդվածը որոշ իրավաբանների մոտ տարընթերցման տեղիք է տվել: Մի մասը կարծում է, որ անհրաժեշտ է ոչ թե 2 անգամ ընդհանրապես չառաջադրել վարչապետի թեկնածու, այլ կիրառել առաջադրելու, բայց չընտրելու տարբերակը:

Քիչ առաջ «Ելք» խմբակցության հետ հանդիպման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես չի բացառել, որ գուցե այս տարբերակով հասնեն խորհրդարանի լուծարմանը:

«Մեծ է հավանականությունը, իրավաբանների խորհուրդն է նաև այդպիսին, որ այս 14 օրվա ընթացքում առնվազն առաջին շրջափուլում որպես վարչապետի թեկնածու առաջադրվեմ, որպեսզի պրոցեսն ամբողջությամբ համապատասխանի օրենքի տառին և ոգուն, իհարկե չընտրվելու կանխավարկածով: Եվ այդ հարցով նույնպես կուզենայի մենք քննարկենք, նախապես պայմանավորվածություններ ձեռք բերենք, և իհարկե ընթացիկ քաղաքական իրավիճակը քննարկենք»,- ասել է վարչապետը:

Հարցին՝ ի՞նչ երաշխիքներ ունի կառավարությունը, որ խորհրդարանը վարչապետի հրաժարականից հետո այլ թեկնածուի չի ընտրի՝ ըստ էության ձախողելով արտահերթ ընտրությունների գաղափարը, փոխվարչապետը պատասխանեց․ - «Եթե բացարձականացնենք, ապա երաշխիք երբևէ որևէ իրավիճակի համար չկա, բայց կան պայմանավորվածություններ, կա համաձայնություն և ամենակարևորը՝ կա հասարակական պահանջարկ, և եթե երաշխիք, ապա միայն ժողովրդի կողմից երաշխիք: Ի վերջո սա ժողովրդի կողմից նախընտրելի սցենարն է և չի կարող լինել այլ կերպ, քան ժողովրդի կողմից նախընտրելի սցենարի իրականացումը»:

Ըստ Միրզոյանի՝ կառավարությունը ցանկանում է անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացնել այս տարվա դեկտեմբերի 9-ին։ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն առայժմ հստակ որոշում չի կայացրել, ընտրություններին միայնակ, թե դաշինքով է պատրաստվում գնալ։

«Դեռ հստակ չի, բայց ես կարող եմ իմ անձնական տեսակետը և ենթադրությունը անել: Ես կարծում եմ, որ «Իմ քայլը» ձևաչափը պետք է պահպանվի», - ավելացրեց առաջին փոխվարչապետը:

Օրեր առաջ France24-ի հետ զրույցում վարչապետն ասել էր, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենալու դեկտեմբերի 9-ին, 10-ին։

Ըստ 2015 թվականին ընդունված Սահմանադրության՝ վարչապետի հրաժարականի դեպքում կառավարության հրաժարականն ընդունվելուց հետո` յոթնօրյա ժամկետում, Ազգային ժողովի խմբակցություններն իրավունք ունեն առաջադրելու վարչապետի թեկնածուներ:

Ազգային ժողովը վարչապետին ընտրում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Վարչապետ չընտրվելու դեպքում, քվեարկությունից յոթ օր հետո, անցկացվում է նոր ընտրություն, որին մասնակցելու իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի առաջադրած վարչապետի թեկնածուները:

Եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վարչապետ չի ընտրվում, ապա խորհրդարանն արձակվում է իրավունքի ուժով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG