Ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը «սիրով ընդունել է» Սյունիքի մարզպետ դառնալու կառավարության առաջարկը, այսօր կառավարության արտահերթ նիստից առաջ՝ լրագրողների հետ ճեպազրույցում, ասաց Պողոսյանը։
«Ես այն պաշտոնում 8 տարի պաշտոնավարել եմ։ Ինձ կարճ դադար էր պետք, կարճ դադարը եղավ, ես հիմա մեծ սիրով ընդունել եմ այս առաջարկը», - ասաց Պողոսյանը։
Այն դիտարկումներին, թե ինքը «հին ռեժիմի ծառայողն է եղել», Պողոսյանն այսպես արձագանքեց. - «Ստրկամիտ մարդիկ կարող են այդպես մտածել։ Ես ծառայելով օրենքին միշտ ժողովրդին եմ ծառայել»։
Պողոսյանը նշեց, որ ինքը նոր Հայաստանի կողմնակից է. - «Ես նոր Հայաստանի կողմնակիցն եմ և ամեն ինչ անելու եմ, որ նոր Հայաստանում լավ լինի»։
Նշենք, որ կառավարության նիստի այսօրվա օրակարգում ընդգրկված է Պողոսյանին Սյունիքի մարզպետ նշանակելու հարցը։
Մայիսի 12-ին նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Հունան Պողոսյանն ազատվել է ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալի պաշտոնից։