Մատչելիության հղումներ

Պարզվում է Մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահի ընտանիքին պատկանող հյուրանոցների կառուցման ֆինանսավորման աղբյուրները. ԱԱԾ


Արմեն Ավետիսյան, արխիվ
Արմեն Ավետիսյան, արխիվ

Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) տեղեկացնում է, որ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ Մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի կողմից ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու և հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գումարներն օրինականացնելու (փողերի լվացում) դեպքի առթիվ` նախատեսված Քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

ԱԱԾ-ն նշում է, որ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ստացված նախնական տվյալների համաձայն, Արմեն Ավետիսյանը, 2001 թվականից զբաղեցնելով Մաքսային պետական կոմիտեի նախագահի պաշտոնը, իր հետ գործնական կապերի մեջ գտնված անձանց հետ համատեղ ձեռնարկել և հիմնականում կանխիկ գումարներով ֆինանսավորել է Երևանի Ազատության պողոտայում գտնվող «Գոլդեն Փելես» հյուրանոցային համալիրի կառուցումը: Իր և մյուսների մասնակցությունը, ինչպես նաև ֆինանսավորման աղբյուրը քողարկելու նպատակով հյուրանոցի կառուցումը վերագրվել է Կիպրոսի օֆշորային գոտում հիմնադրված «Ռիվերհիլ Հոլդինգս» ՍՊ ընկերությանը` հանրությանը այդկերպ մոլորեցնելով, թե հյուրանոցի կառուցման համար ծախսված միլիոնավոր ԱՄՆ դոլարներն իբր Հայաստանում օտարեկրյա ներդրում են:

«Արմեն Ավետիսյանն անձամբ վերահսկելով շինարարական աշխատանքների ընթացքը, իր պաշտոնական դիրքն օգտագործելով, առանձին դեպքերում նաև նպաստել է հյուրանոցի կառուցման ընթացքում ծագած տարաբնույթ խնդիրների լուծմանը», - ասված է հաղորդագրությունում:

ԱԱԾ-ն նշում է, որ «օտարերկրյա ներդրումներով հյուրանոցը կառուցված լինելու փաստարկն ավելի համոզիչ դարձնելու համար 2005 թվականին հյուրանոցի բացման արարողության ժամանակ հանրությանը, որպես օտարերկրյա ներդրող ներկայացվել է իրականում այդ ընկերության գործունեության հետ որևէ կապ չունեցող Լիբանանի քաղաքացու, ով որոշ ժամանակ նույն հյուրանոցում աշխատել է ընդամենը որպես տնօրեն»:

«Այնուհետև, ընդլայնելով հյուրանոցային բիզնեսը` նույն կազմակերպության անունից 2010-2012 թթ. Ծաղկաձորում կառուցվել է «Գոլդեն Փելես» հյուրանոցը: 2012 թվականին վերը նշված երկու հյուրանոցների սեփականատեր դարձել է Անգլիայի Դուգլաս քաղաքում հիմնադրված «Գոլդեն գրուպ լիմիտեդ» ՓԲԸ-ն, որի 100 տոկոս բաժնետեր հանդիսացել է Արմեն Ավետիսյանի որդին՝ Արտաշես Ավետիսյանը», - ասված է հաղորդագրությունում:

Ըստ ԱԱԾ-ի, հետագայում` 2018 թվականին, Արմեն Ավետիսյանի և նրա որդու կողմից Երևանի Հյուսիսային պողոտայում հիմնադրվել է երրորդ` «Գոլդեն փելես բուտիկ» հյուրանոցը:

Ի դեպ, վերոնշյալ երեք հյուրանոցների շուկայական ընդհանուր արժեքն, ըստ ԱԱԾ-ի, 2016 թվականին գնահատվել է շուրջ 90 մլն ԱՄՆ դոլար:

«Կատարվում է նախաքննություն: Քրեական գործի շրջանակներում իրականացվում են լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ և անհետաձգելի քննչական գործողություններ` հյուրանոցների կառուցման համար ներդրված միլիոնավոր դոլարների ծագման իրական աղբյուրը, փաստացի ներդրողներին և հնարավոր մյուս սեփականատերերին պարզելու ուղղությամբ», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG