Մատչելիության հղումներ

Նշանակվեցին Գեղարքունիքի, Լոռու և Վայոց ձորի մարզերի նոր ղեկավարները


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախագահում է կառավարության նիստը, 10-ը հոկտեմբերի, 2018 թ․
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախագահում է կառավարության նիստը, 10-ը հոկտեմբերի, 2018 թ․

Գեղարքունիքի, Լոռու և Վայոց ձորի մարզերն այսօրվանից նոր մարզպետեր ունեն, երեքն էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ են։

Կառավարության որոշմամբ Բնապահպանության նախարարի տեղակալ Գնել Սանոսյանը կղեկավարի Գեղարքունիքի մարզը, Անդրեյ Ղուկասյանը՝ Լոռու, իսկ Վայոց ձորը՝ Տրդատ Սարգսյանը։

Վերջինս Երևանի նորընտիր ավագանու անդամ էր, լրագրողների հետ զրույցում ասաց ընդունել է մարզպետ դառնալու առաջարկը, քանի որ ծնունդով Վայոց ձորից է ու կարծում է, որ հեղափոխությունը ամբողջությամբ դեռ չի հասել մարզ․ - «Միշտ Վայոց ձորի բնակչությունը իր դժգոհություններն են հայտնում, որ հեղափոխությունը չի հասել Վայոց ձոր, և երբ առաջարկը ստացա մարզպետ լինելու, առանց երկար մտածելու, միանգամից համաձայնվել եմ, որպեսզի հեղափոխության շունչը և հեղափոխությունը հասնի Վայոց ձոր, և բնակիչներն իրենց կյանքի վրա զգան այդ փոփոխությունը»:

Գեղարքունիքի նորանշանակ մարզպետ Գնել Սանոսյանի օրակարգում մարզից արտագնա աշխատանքի մեկնողների թիվը նվազեցնելն է։

Սանոսյանն ասաց, որ որպես Բնապահպանության փոխնախարար, հասցրել է ծանոթանալ մարզի հիմնական խնդիրներին։

Լոռու նորանշանակ մարզպետ Անդրեյ Ղուկասյանն, որը մինչ այս զբաղեցնում էր մարզպետի տեղակալի պաշտոնը, նշեց, որ նպատակն է զարգացնել զբոսաշրջությունը մարզում․ - «Արտագնա աշխատանքը երկակի ազդեցություն ունի․ տնտեսական առումով ձեռնտու է, բայց մյուս կողմից ամիսներ շարունակ մարդիկ կտրվում են իրենց ընտանիքներից: Մենք ունենք մարզի համաչափ զարգացման խնդիր և դա կփորձենք լուծել»:

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, որը մինչև նոր նշանակումը զբաղեցնում էր մարզպետի տեղակալի պաշտոնը, նշեց, որ իր նպատակներից է մարզում զբոսաշրջությունը զարգացնելը․ - «Մարզը ունի զբոսաշրջության ահռելի պոտենցիալ, և մենք օգտագործում ենք ընդամենը մի չնչին մասը: Պետք է տարվեն մեծ աշխատանքներ, որպեսզի այդ պրոցեսը տեղի ունենա, և Լոռու մարզը մեր զբոսաշրջության քարտեզում գրավի շատ պատվավոր տեղ»:

Մայիսին տեղի ունեցած հեղափոխությունից հետո Հայաստանի մարզերից վեցը ղեկավարում էին Դաշնակցական և «Ծառուկյան» դաշինքը ներկայացնող մարզպետներ։ Նախորդ շաբաթ, սակայն, վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջակությամբ կառավարությունը նրանց ազատեց աշխատանքից: Պատճառը Դաշնակցության և «Ծառուկյան» դաշինքի օժանդակությամբ խորհրդարանում ընդունված օրենքի նախագիծն էր, որը փողոց դուրս բերեց տասնյակ հազարավոր մարդկանց։

Առայժմ թափուր են մնում Սյունիքի, Արագածոտնի և Արմավիրի մարզպետի պաշտոնները: Կառավարության ասյօրվա նիստում այդ հարցին անդրադարձ չեղավ։

Տարածքային կառավարման նախարար Արայիկ Պապիկյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ թեկնածուներ առայժմ չկան․ - «Օրենքով կաշկանդված չենք, ժամկետով կաշկանդված չենք: Պիտի լավագույն ընտրությունը լինի, այնպես որ, շտապելու ոչինչ չկա, մանավանդ որ փոխմարզպետ պաշտոնակատար ունենք, աշխատանքները որպես այդպիսին շարունակվում են»:

Այսօր նշանակված երեք մարզպետներն էլ պնդեցին, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների դեպքում վարչական լծակները չեն օգտագործվելու, վարչապետից այս թեմայի վերաբերյալ որևէ հանձնարարական չեն ստացել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG