Մատչելիության հղումներ

Վարչապետի հրաժարականի միջոցով խորհրդարանը ցրելու սցենարը դեռ վերջնական չէ


Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի միջոցով խորհրդարանը ցրելու սցենարը դեռ վերջնական չէ, բայց, ինչպես այսօր պնդեց Փաշինյանը, դեկտեմբերին արտահերթ ընտրություններ տեղի ունենալու են:

Պատասխանելով «Ազատության» հարցին՝ որոշե՞լ է, թե երբ է հրաժարական տալու, Հայաստանի ղեկավարը հայտարարեց, թե հաշվի է առնելու իր հնարավոր հրաժարականի շուրջ հանրային դժգոհությունը: «Եթե իմ որոշումով լիներ, արդեն պիտի տված լինեի, բայց քանի որ հանրության շրջանում շատ բուռն արձագանք կա, այդ սցենարի վրա ևս մեկ անգամ ավելի մանրամասն պետք է մտածենք, բայց դեկտեմբերին պետք է արտահերթ ընտրություններ տեղի ունենան», - ասաց Փաշինյանը:

«Երբ որ մենք խոսում ենք հրաժարական, մենք խոսում ենք այն իրավիճակի մասին, երբ որ զուտ իրավական ընթացակարգերն իրականացնելու համար դե յուրե հրաժարական է տրվում և դե ֆակտո հրաժարական չի տրվում», - ասաց վարչապետը՝ շարունակելով․ - «Էստեղ ինչն է նրբությունը՝ ես ուղղակի հիմա տեսնում եմ, որ շատ մեծ հանրային դժգոհություն կա դրա կապակցությամբ: Ես չեմ ուզում, որ մենք նմանվենք այն իշխանություններին, որ երկար տարիներ հանրությունը պահանջում է հրաժարական տալ, և նրանք համառորեն հրաժարական չեն տալիս, հիմա էլ եթե հանրությունը պահանջում է հրաժարական չտալ, և իշխանություն համառորեն հրաժարական է տալիս: Պետք է էնպես անենք, որ էս իրավիճակը լինի բոլորին հասկանալի՝ իր բոլոր նրբություններով»:

Վարչապետը նշեց, որ ոչ մի գործողություն չպետք է անի ժողովրդի իշխանությունը, թեկուզ տեականորեն, վտանգի տակ դնելու համար։

«Իհարկե, քավ լիցի, որևէ գործողություն, ես հասկանում եմ, որ չպետք է անեմ ժողովրդի իշխանությունը թեկուզ տեսականորեն վտանգի տակ դնելու համար, բայց մյուս կողմից՝ մենք պետք է անպայման արտահերթ ընտրություններ անենք, որպեսզի, ի վերջո, էս բարիկադային ռեժիմից անցնենք առօրյա աշխատանքային ռեժիմի», - հայտարարեց Փաշինյանը:

Այդուհանդերձ, վարչապետը չի մանրամասնում՝ ինչպես է պատկերացնում խորհրդարանի ցրումը, եթե հրաժարական չտա:

Այսօր Նիկոլ Փաշինյանը հանդիպելու է Ազգային ժողովում մեծությամբ երկրորդ խմբակցության ղեկավար, «Բարգավաճ Հայաստան»-ի առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ:

«Մենք պատրաստվում ենք անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ դեկտեմբերին: Բայց ես կարծում եմ, որ Փարիզում իմ գտնվելու ընթացքում որոշակի իրադարձություններ են տեղի ունեցել, որոնք անպայման մենք հաշվի կառնենք, և, մասնավորապես, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հարցազրույցը, և ըստ էության պաշտպանեց դեկտեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնելու գաղափարը: Ես պատրաստվում եմ այդ հարցազրույցի արդյունքներով նաև հանդիպել պարոն Ծառուկյանի հետ, որպեսզի մենք իրավիճակը և հանգուցալուծման սցենարների վերաբերյալ պատկերացումները քննարկենք», - ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով․ - «Կարծում եմ, Դաշնակցության հետ նույնպես կլինի հանդիպում, որովհետև նաև Փարիզում գտնվելու ընթացքում որոշակի շփումներ են եղել նաև Դաշնակցության սփյուռքի կառույցների ներկայացուցիչների հետ, և կարծում եմ, որ կլինի քննարկում»:

«Ազատության» դիտարկմանը՝ Գագիկ Ծառուկյանը դժգոհում էր, որ իր ղեկավարած ուժին հակահեղափոխական են անվանել, վարչապետն արձագանքեց․ - «Էսօր մենք հանդիպելու ենք, և կարծում եմ, որ խոսակցությունը կլինի պաշտոնական և կառուցողական: Երեկ մենք հանդիպել ենք, քննարկել ենք և արձանագրել ենք, որ կա ըմբռնում ընդհանուր և այդ ըմբռնման հիման վրա առաջ կգնանք, ոչ մի պրոբլեմ չկա»:

Վարչապետը քննարկելի է համարում պատգամավորների մանդատները վայր դնելու ճանապարհով արտահերթ ընտրությունների անցկացումը:

«Խորհրդարանն արդեն դե ֆակտո լուծարված է, մնում է դե յուրե», ասում էր Փաշինյանը՝ ընդգծելով, որ իրենց կոճակ սեղմողներ պետք չեն:

Նիկոլ Փաշինյանը նախագահին է հանդիպել Փարիզում, բայց չասաց՝ արդյո՞ք Արմեն Սարգսյանը մտադիր է ստորագրել Ազգային ժողովի կանոնակարգ օրենքում վիճահարույց փոփոխությունները, նախագահը Հայաստան է վերադառնալու վաղը:

Դիտարկմանը, որ եթե ամեն դեպքում խորհրդարանը լուծարելու համար Փաշինյանը հրաժարական տա, իսկ Հանրապետականն էլ որոշի սեփական թեկնածու առաջադրել ու արագ նոր վարչապետ ընտրեն, վարչապետն այսպես արձագանքեց. - «Ֆանտաստիկայի ժանրից է, որովհետև ժողովուրդը և մենք, որևէ մեկին նման հնարավորություն չենք տա, որովհետև ասում եմ, որ եթե որևէ մեկը որոշել է, որ պետք է մտնի հայ ժողովրդին խանգարողի և հայ ժողովրդի համար պրոբլեմներ ստեղծողի դերակատարման մեջ՝ ժողովուրդն այդ պրոբլեմը լիկվիդացնելու ձևը կգտնի: Սովորաբար, խոսում ենք պատմության աղբանոցի մասին, որը կարծում եմ ավելի վտանգավոր է քան «Սանիտեկ»-ի աղբանոցները. «Սանիտեկ»-ի աղբանոցներից կարելի է դուրս գալ, իսկ պատմության աղբանոցից ելք չկա»:

Վարչապետ Փաշինյանն այսօր կոշտ քննադատության ենթարկեց Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) Հայաստանի պատվիրակության գործունեությունը: Հանրապետական կուսակցությունն այստեղ ներկայացնում են Արփինե Հովհաննիսյանը, Սամվել Ֆարմանյանը, Կարինե Աճեմյանը և Ռուստամ Մախմուդյանը ու պարբերաբար հայտնում են, թե ժողովրդավարական ազատությունների հարցը բարձրաձայնում են այս կառույցում:

«Ես ինչքան շփվում եմ միջազգային ներկայացուցիչների հետ, ես առայժմ ոչ մի դժգոհություն չեմ լսել, երբ որ կլսեմ, կարծում եմ, մենք բավարար փաստարկներ կունենանք էդ ամեն ինչին հակադարձելու: Եվ ես կարծում եմ, որ մեր Ազգային ժողովը, եթե ոմանց մեղադրում էին ԵԽԽՎ-ում խավիարային դիվանագիտություն իրականացնելու համար, կարծում եմ, իրենք նույնպես պետք է նայեն իրենց և դադարեն ստեր տարածել Հայաստանի Հանրապետությունում ստեղծված իրավիճակի մասին», - ասաց վարչապետը՝ շարունակելով. - «Ես ասեմ, որ Հանրապետական պատգամավորներին և ԵԽԽՎ-ում մեր պատվիրակությանն ամենևին պատիվ չի բերում, որ նրանք առաջին օրից սկսած փորձում են Հայաստանում իրադարձություններն այլ լույսի ներքո ներկայացնել, և սա ևս մի փաստարկ է, որ պետք է արտահերթ խորհրդարանական ընտրություններ տեղի ունենան»։

Ըստ Փաշինյանի, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակությունն, ըստ էության, ներկայացնում է նախկին կոռուպցիոն համակարգը։

«ԵԽԽՎ-ում մեր պատվիրակությունը ըստ էության, ոչ մեկին չի ներկայացնում, ներկայացնում է նախկին կոռուպցիոն համակարգը, և նրանց ասածներին ընդհանրապես լուրջ վերաբերվել պետք չի: Համենայն դեպս համազեկուցողները, երբ որ կժամանեն Հայաստանի Հանրապետություն, մենք, կարծում ենք, որ իրենց շատ բան ասելու անհրաժեշտություն չենք ունենա: Կասենք՝ դուրս եկեք փողոց, շփվեք մարդկանց հետ, շփվեք լրագրողների հետ, շփվեք հասարակական կազմակերպությունների հետ: Մենք չենք պատրաստվում որևէ հակափաստարկ բերել, իրենք թող գան, մոնիթորինգ պետք է անեն, թող գան մոնիթորինգ անեն, ամեն ինչ Հայաստանի Հանրապետությունում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG