«Սահմանադրությամբ խորհրդարանը ցրելու ընթացակարգի վրա այս նախագիծը չի կարող ազդեցություն ունենալ: Որովհետև Սահմանադրությունը 14 օր ժամանակ է տրամադրում խորհրդարանին նոր վարչապետ ընտրելու համար վարչապետի հրաժարականի պարագայում: Եթե խորհրդարանը 14 օրվա ընթացքում էական չէ, թե ինչի պատճառով, չի կարողանում ընտրել վարչապետ, դա նշանակում է, որ խորհրդարանը չի գործում, անգործունակ է: Հետևաբար, սահմանադրի տրամաբանությունը այն է եղել, որ եթե խորհրդարանը չի գործում, այն պետք է արձակվի իրավունքի ուժով և անցկացվեն խորհրդարանական արտահերթ ընտրություններ», - պարզաբանեց Մարուքյանը:
Ըստ Սահմանադրության, Ազգային ժողովն ազատ է արձակվում, եթե վարչապետի հրաժարականից հետո 2 շաբաթում 2 անգամ անընդմեջ չի ընտրում նոր վարչապետ։
Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ առաջիկա օրերին հրաժարական կտա, որպեսզի այդ սցենարով խորհրդարանը ազատ արձակվի և անցկացվեն նոր ընտրություններ։
Դեռևս գործող «ԱԺ կանոնակարգի» համաձայն, ընտրությունները կհամարվեն չկայացած, եթե պատգամավորները չեն ներկայացել նիստին՝ անկախ դրա պատճառներից։
Մինչդեռ, երեկ ընդունված փոփոխություններով, եթե խոչընդոտվում է պատգամավորների մասնակցությունը Ազգային ժողովի նիստին, այդ թվում՝ սպառնալիքի միջոցով, ապա Ազգային ժողովի նիստը համարվում է, ոչ թե չկայացած, այլ ընդհատված, քանի դեռ չեն վերացել այդ խոչընդոտները։ Այսինքն, եթե տեսականորեն Ազգային ժողովի մոտ բողոքի ակցիաները շարունակվեն անգամ ամիսներ, նիստը միևնույնն է կհամարվի ընդհատված։
Էդմոն Մարուքյանի կարծիքով՝ Հանրապետության նախագահը այս հարցով պետք է դիմի Սահմանադրական դատարան։