Մատչելիության հղումներ

Դանիել Իոաննիսյան․ Ընտրությունների մթնոլորտը որակապես կփոխվի


Արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ Կառավարությունն արդեն մշակել է Ընտրական օրենսգրքի փոփոխությունների հայեցակարգը, հաջորդ շաբաթ նախագիծը կներկայացվի խորհրդարան։

Հրապարակված փաստաթղթից մասնավորապես տեղեկանում ենք՝ տարածքային կամ ռեյտինգային ընտրակարգն այլևս չի գործելու, քաղաքացիները կընտրեն միայն իրենց նախընտրած կուսակցությանը կամ դաշինքին։

«Մեր համոզմամբ, ընտրությունների մթնոլորտը որակապես կփոխվի, ընտրությունները կդառնան ավելի ծրագրային, գաղափարական, թիմային»: (Դանիել Իոաննիսյան)

Վարչապետին առընթեր ընտրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանի փոխանցմամբ՝ քվեարկությունն այլևս գրիչով չի լինի, ընտրողները քվեախցիկին մոտենալուց առաջ կստանան ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերի քվեաթերթիկները և ծրարի մեջ կդնեն միայն այն կուսակցության կամ դաշինքի քվեաթերթիկը, որի օգտին ցանկանում են քվեարկել։

Առաջարկվող փոփոխությունը, ըստ հայեցակարգի հեղինակների, էականորեն կնվազեցնի անվավեր քվեաթերթիկների թիվը։ Միաժամանակ, այսպես կոչված կարուսելի մեխանիզմը բացառելու նպատակով, քվեախցիկում նույնպես կլինեն բոլոր ուժերի քվեաթերթիկները։ Քվեարկությունը կհամարվի անվավեր, եթե քվեաթերթիկի վրա լինի որևէ նշում կամ ծրարում այլ առարկաներ հայտնաբերվեն։

«Ընդ որում, մենք նույն քվեարկության կարգը սահմանում ենք նաև համայնքի ավագանու ընտրությունների համար», - հավելեց Իոաննիսյանը:

Նոր Ազգային ժողովում բազմակարծությունն ապահովելու համար, կնվազեցնի անցողիկ շեմը, ներկայիս 5 և 7 տոկոսի փոխարեն, կուսակցությունները խորհրդարանում կհայտնվեն 4, իսկ դաշինքները 6 տոկոս ձայներ ստանալու դեպքում։

Կառավարությունը էական փոփոխություններ է նախատեսել նաև զինվորականների քվեարկության և զորամասերում նախըտրական քարոզչության գործընթացում։ Ըստ հայեցակարգի, զորամասերում հնարավոր կլինի տեղադրել պաստառներ, զինծառայողներին կթույլատրվի հեռուստատեսությամբ հետևել քարոզչությանը։

Բացի այդ, ժամկետային զինծառայողների ընտրության նկատմամբ վերահսկողությունը կանխելու նպատակով, վերադաս սպաներին կարգելվի քվեարկության ընթացքում ներկա գտնվել ընտրատեղամասում։ Կհրապարակվի նաև այն տեղամասերի ցանկը, որտեղ քվեարկում են զինվորականները։

Առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է էապես մեծացնել հանրային հեռուստատեսությամբ և ռադիոյով անվճար եթերաժամերի քանակը, պարտադիր կլուսաբանվեն բոլոր կուսակցությունների նախընտրական ծրագրերը։ Օրենսդրորեն կամրագրվի հեռուստաբանավեճերի կազմակերպումը, այդ թվում՝ ցուցակների առաջին դեմքերի մասնակցությամբ։

Ընտրությունների օրը նշանակելու որոշումից անմիջապես հետո, կարգելվի ցակնացած բարեգործություն։ Թեկնածուների կամ կուսակցությունների կողմից ընտրողներին դրամ, սննդամթերք ու ապրանքներ տալը կամ ծառայություններ մատուցելը, անգամ դրանց վերաբերյալ խոստումը, վարչական տույժի փոխարեն կհամարվի քրեորեն պատժելի։ Քրեական օրենսգրքում կխստացվի նաև ընտրակաշառքի համար քրեական պատասխանատվության տեսակն ու պատժաչափը։

Վարչապետ Նիկոլ Փաշինանը երեկ հայտարարաեց, որ կառավարությունը ցանկանում է արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացնել մինչև տարեվերջ։

Ըստ Դանիել Իոաննեսյանի, Ընտրական օրենսգրում առաջարկվող բոլոր փոփոխությունները հնարավոր կլինի կիարռել այդ ընտրություններում․ - «Բավականին շատ բան է փոխվում, այդուհանդերձ մենք փորձել ենք փոփոխություններն այնպես անել, որ տեղամասային ընտրական հանձնաժողովների աշխատանքում շատ բան չփոխվի, որպեսզի իրենց վերապատրաստման վրա շատ ժամանակ չծախսվի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG