Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Դուշանբեում ունեցած հանդիպման արդյունքում մի շարք պայմանավորվածություններ է ձեռք բերել։
Փաշինյանը, ով Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբե էր մեկնել մասնակցելու ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին, ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ մանրամասներ է ներկայացրել Ալիևի հետ ունեցած իր քննարկումների մասին։
«Այս անգամ որոշակի առարկայական խոսակցություն ստացվեց և դրա արդյունքում մենք մի քանի կարևոր կետեր արձանագրեցինք», ֊ նշել է վարչապետը, հավելելով, որ Ալիևի հետ պայմանավորվել են, որպեսզի քայլեր ձեռնարկեն սահմանային լարվածությունը մեղմելու և հրադադարի խախտման դեպքերը կանխարգելելու վերաբերյալ, արձանագրել են, որ Ղարաբաղի հարցը բանակցությամբ պետք է կարգավորվի և պայմանավորվել են կողմերի միջև օպերատիվ կապ ստեղծել։