Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այսօր հրապարակեց 2008 թվականի մարտի 1-ի առավոտյան Երևանում տեղի ունեցած ցույցերի մասնակիցների նկատմամբ բռնությունների գործերով առաջին վճիռները։
Դրանցից մեկը կայացվել է առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի Շիրակի մարզի ներկայացուցիչ, կալանավայրերի վարչության նախկին պետ Մուշեղ Սաղաթելյանի, երկրորդը՝ ակտիվիստ Վարդգես Գասպարիի գործով։
Ստրասբուրգի դատարանը հաստատված է համարել, որ խախտվել են Գասպարիի՝ խոշտանգումներից զերծ մնալու և ազատության ու անձնական անձեռնմխելիության իրավունքները։ Եվրադատարանը պարտավորեցրել է Հայաստանի կառավարությանը 4 հազար եվրո վճարել տուժողին՝ բարոյական վնասի համար: «Ազատության» հետ զրույցում Գասպարին ասաց՝ այդ գումարը կնվիրի Եվրոպական դատարանում 2004-ից 2018-ի հունիսն ընկած ժամանակաշրջանում Հայաստանի կառավարության ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանին։
«Մարդկային ճակատագիրն իր համար ընդամենը փող է, դիտավորյալ փաստերը շրջանցել է, դիտավորյալ բոլոր տուժածների իրավունքները կոպտագույն կերպով ոտնահարել է: Գևորգ Կոստանյանն ինձ համար պակաս արժանապատիվ է, քան զոն նայող Երոն, որը քացով խփում էր դռանը և ինձ սպառնում էր՝ կմորթեմ»,- ասաց Գասպարին:
Նրա բողոքը Եվրոպական դատարան 2008 թվականին ներկայացրել է փաստաբան Մուշեղ Շուշանյանը։ Բողոքում նշվել է, որ «Նուբարաշենի» բանտում Գասպարիին խոշտանգել են, նվաստացրել արժանապատվությունը։ «Ազատության» հետ զրույցում Գասպարին ասաց, որ իրեն հոգեբանական բռնության է ենթարկել կալանավոր Տիգրան Թադևոսյանը, որն իրեն Ռոբերտ Քոչարյանի նվիրյալ էր համարում։
«Այդ ամենը կատարվում էր գործող իշխանության աչքի առջև»,- պատմում է ակտիվիստն ու շարունակում․ «Երկարացման լար կար, դրանով փորձում էր ինձ խեղդել, գցել էր վիզս քաշում էր: Հետո գոտկատեղից հանեց ինքնաշեն դանակ, որով փորձում էր իմ երեսն ու որովայնը դանակահարել: Խցեր տանելուց էլ ռեժիմնիկն ինձ ուղղակիորեն սպառնաց՝ զգույշ եղիր, քաղաքականության մասին չխոսես, մենք խցերում ամեն ինչ գիտենք, ամեն ինչ լսում ենք: Գալիս էր, ջրի շիշ էր շպրտում ինձ վրա կամ գալիս էր գլխիս վերևում աղմուկ էր անում, վախեցնում էր՝ հենց հիմա տոկը կվերցնեմ, կխփեմ քեզ: Սա համատարած երևույթ է, որն իրականացվում է վարչակազմի և զոն նայողների սերտ համագործակցությամբ»:
Ակտիվիստի կարծիքով՝ ՄԻԵԴ-ի այս վճռից հետո պետք է նոր քննություն անցկացվի՝ պատասխանատվության ենթարկելու բոլոր նրանց, ում ամենաթողության պատճառով իրեն ազատազրկել են և բանտում ենթարկել կտտանքների։
Գասպարին ձերբակալվել էր 2008 թվականի մարտի 1-ին, նա մեղադրվում էր իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ: Դատարանը նրան մեկ տարվա ազատազրկման էր դատապարտել։
ՄԻԵԴ-ի մյուս վճիռը վերաբերում է 2008 թվականի մարտի 1-ին Ազատության հրապարակում ձերբակալվածներից Մուշեղ Սաղաթելյանին: Ավելի ուշ նա դատապարտվել էր 5 տարվա ազատազրկման և 900 հազար դրամ տուգանքի` մեղավոր ճանաչվելով սառը զենք կրելու և իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն կիրառելու մեջ:
ՄԻԵԴ-ի վճռում նշվում է, որ Սաղաթելյանի գործով խախտվել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մի շարք հոդվածներ, այդ թվում՝ խոշտանգումներից զերծ մնալու, անձնական ազատության անձեռնմխելիության, արդարացի դատաքննության և Ժողովների ու միավորումների ազատության իրավունքները։
Եվրադատարանը պարտավորեցրել է Հայաստանի կառավարությանը 15 հազար ևրո վճարել տուժողին՝ բարոյական վնասի, ինչպես նաև 5 հազար ևվրո՝ դատական ծախսերի համար:
Մուշեղ Սաղաթելյանի փաստաբան Վահե Գրիգորյանը «Ֆեյբսուքի» իր էջում անդրադարձել է Եվրադատարանի վճռին: «Այն Հայաստանի արդարադատության համակարգի քաղցկեղի բուժման առաջին քայլն է լինելու»,- գրել է փաստաբանը: Ըստ նրա, վճռում նշված է, որ Եվրոպական դատարանը հաստատված է համարել, որ 2008-ի մարտի 1-ին, ձերբակալման պահից մինչև ոստիկանության բաժին տեղափոխելը, Սաղաթելյանը ենթարկվել է խոշտանգումների, և այս հանգամանքն անտեսել են գործը քննած բոլոր իրավապահները, նաև դատարանները: Խոշտանգումների փաստով էլ արդյունավետ քննություն չի կատարվել։
«Ավելին՝ այս մասով քննությունը բացառվել է՝ խոշտանգողների հրոսակախմբերին պատասխանատվությունից ազատելու հստակ դիտավորությամբ: Դատարանը նշել է, որ կառավարության կողմից քննության ողջ նպատակն իրականում ոչ թե խոշտանգողներին պատասխանատվության ենթարկելն է եղել, այլ դիմողի դեմ ապացույցներ հավաքելը»,- գրել է Վահե Գրիգորյանը։ Ըստ ՄԻԵԴ-ի, Մուշեղ Սաղաթելյանի ձերբակալությունն ու կալանքը եղել են ապօրինի։
Եվրոպական դատարանը հաստատված է համարել, որ 2008 թ․ մարտի 1-ին Երևանի Ազատության հրապարակի հավաքը խաղաղ էր և ոչինչ չէր կարող ենթադրել հակառակը։ Որոշման մեջ նշվում է նաև, որ Հայաստանի կառավարությունը չի ներկայացրել իր այն պնդումները հիմնավորող որևէ համոզիչ ապացույց, ըստ որոնց 2008 թ․ մարտի 1-ին պետք է զենք բաժանվեր հավաքի մասնակիցներին:
2008 թվականի մարտի 1-ին վաղ առավոտյան ոստիկանները հարձակվեցին Երևանի Ազատության հրապարակում գիշերող ընդդիմադիր ցուցարարների վրա, ովքեր իրենց բողոքն էին հայտնում նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքների դեմ: Նույն օրն ավելի ուշ Ալեքսանդր Մյասնիկյանի արձանին հարող հրապարակում և դրա մերձակայքում ցուցարարների և ուժայինների միջև սկիզբ առած բախումների հետևանքով տասը մարդ զոհվեց, հարյուրավոր մարդիկ վիրավորվեցին:
Այս տարի Հայաստանում իրականացված թավշյա հեղափոխությունից հետո Հատուկ քննչական ծառայությունը հայտարարեց «Մարտի 1»-ի քրեական գործին նոր գործեր միացնելու մասին, սահմանադրական կարգը տապալելու մեղադրանք առաջադրվեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին, Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին, արդարադատությանը խոչընդոտելու մեղադրանք՝ Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գևորգյանին: