«Մարտի 1-ի» հետաքննության նպատակն է «փակել» բոլոր նրանց, ովքեր ոճրագործություն են գործել 2008թ․ մարտի 1-ին՝ այսօր «Ազատության» հարցին ի պատասխան հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Կառավարության ղեկավարը նման կերպ արձագանքեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի երեկվա հայտարարությանը, ով Yerevan Today-ի հետ զրույցում նշել էր, թե Ազգային անվտանգության ծառայության և Հատուկ քննչական ծառայության ղեկավարների աղմկահարույց հեռախոսազրույցը ապացուցում է, որ կատարվել է հանցագործություն, եղել է ճնշում դատարանի վրա և որ «մարտի 1»-ի գործի միակ նպատակը իրեն «փակելն» է:
Օրերս Youtube-ում հրապարակվեց ԱԱԾ ու ՀՔԾ ղեկավարների հեռախոսային խոսակցության գաղտնալսումը, ուր, մասնավորապես, խոսվում է այն մասին, թե ինչպես է դատավորներից մեկը զանգել է ԱԱԾ տնօրենին և հարցրել, թե պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի ընտրության հարցով ի՞նչ որոշում է անհրաժեշտ կայացնել:
Ռոբերտ Քոչարյանը 2008թ․ «մարտի 1-ի» քրեական գործով մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու մեջ: Այս հուլիսի 27-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրել կալանավորումը: Օգոստոսի 13-ին վերաքննիչ դատարանը վերացրեց առաջին ատյանի դատարանի որոշումը և բավարարեց Քոչարյանի պաշտպանների ներկայացրած՝ խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունը: Օգոստոսի 20-ին Գլխավոր դատախազությունը բողոք ներկայացրեց Վճռաբեկ դատարան՝ պահանջելով բեկանել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ արձակելու Վերաքննիչ դատարանի որոշումը: