Մատչելիության հղումներ

«Երեկ տեսանք, որ գործ ունենք ընտրովի և զանգովի արդարադատության հետ». Շարմազանով


Նախկին գլխավոր Դատախազ Գևորգ Կոստանյանի խոսքով՝ իրավական անվտանգությունը «կոտրված է»․ - «Սա շատ վտանգավոր և մտահոգիչ երևույթ է երկրի համար։ Ինչ վերաբերում է կոնկրետ հանգամանքներին, ես կանդրադառնամ դրան ավելի ուշ: Բայց երկրում իրավական անվտանգությունը ոչ թե վտանգված է, այլ կոտրված է»:

Քննիչ հանձնաժողովը, ըստ ԱԺ հանրապետական փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի, պետք է պարզի, ոչ միայն, թե ով և ինչպես կարողացավ գաղտնալսել առանցքային դերակատարություն ունեցող երկու պաշտոնյաներին, այլև գնահատական տա խոսակցության բովանդակությանը․ - «Երեկ մենք տեսանք, որ գործ ունենք ընտրովի արդարադատության և զանգովի արդարադատության հետ: Ինչքան էլ հարգելի պարոն վարչապետը հայտարարում էր տարբեր առիթներով, որ ինքը կապ չունի որևէ քրեական գործի հետ, Բաղրամյան 26-ից դատավորներին չեն զանգելու, ինքը չի խառնվում արդարադատության խնդիրներին, այս ձայնագրությունից պարզ դարձավ, որ թե՛ ՀՔԾ պետը, թե՚ ԱԱԾ պետը իրենց լիազորությունների շրջանակում չեն գործում: Բովանդակությունը խայտառակություն ա: Ի՞նչ ա նշանակում «ասեցի դուխով», ի՞նչ ա նշանակում «դատավորին ասեցի՝ ուզես-չուզես պետք է կալանքի տաս», ի՞նչ ա նշանակում «ապեր, դե Խաչատուրովին պըտի փակենք», «վարչապետն ասել ա փակեք»»։

Երեկ համացանցում հրապարակված ձայնագրության մեջ, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը ՀԾՔ-ի պետ Սասուն Խաչատրյանի հետ, մասնավորապես, խոսում է այն մասին, թե ինչպես է դատավորներից մեկը զանգել է իրեն և հարցրել, թե պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի ընտրության հարցով ի՞նչ որոշում է անհրաժեշտ կայացնել։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, պատգամավոր Ալեն Սիմոնյանն անհեթեթ է որակում հանրապետականների մեղադրանքները․ - «Իրենք ընկել են իրենց պատկերացրած Հայաստանի մեջ: Իրենք դուրս չեն եկել այն Հայաստանից, որը իրենք ստեղծել են և ապրել են․․․ Նայում են հայելու մեջ ու իրենց թվում է, թե մենք գործել ենք ու գործելու ենք նման ոճի մեջ»:

Սիմոնյանը պնդում է, որ եթե դատավորները իրենց հրահանգով որոշումներ կայացնեին, ապա պատգամավորների կեսն այսօր խորհրդարանում չէր լինի․ - «Եվ այն մարդիկ, որոնք որ էսօր ազատության մեջ են, ազատության մեջ չեն լինի: Եկեք կողմնորոշվեն․ ինչի՞ մեջ են մեզ մեղադրում: Մեզ մեղադրում են, որ այն մարդկանց, ովքեր, հանրության կարծիքով, հանցագործ են, մենք բաց ենք թողնում: Հիմա եկեք կողմնորոշվենք՝ ո՞ր մեղադրանքն է ավելի ճիշտ․ այն, որ մենք մարդկանց ուղղակի բա՞ց ենք թողնում, թե՞ այն, որ մենք զանգով ինչ-որ մեկին բանտարկում ենք»:

Երեկ երեկոյան թեմային անդրադարձավ նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Առանցքային պաշտոնյաներին գաղտնալսելը որակելով պետականության դեմ ուղղված դավադրություն՝ նա իրավապահներին հրահանգեց հայտնաբերել կատարողներին ու խստագույն պատժի ենթարկել։

Փաշինյանը երեկ վարչապետի պաշտոնում ընտրվելուց հետո առաջին անգամ հայտարարեց՝ 2008 թվականին Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը բռնի զավթել են իշխանությունը․ - «Ռոբերտ Քոչարյան և Սերժ Սարգսյան, դուք որոշել եք Հայաստանի ժողովրդին մարտահրավեր նետել: Դե մարտահրավերը տեսե՚ք, դե հիմա սպասե՚ք»:

Գաղտնալսված խոսակցության ու վարչապետի ելույթի թեմաները քննարկման առարկա են դարձել նաև Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում։ Ըստ Ազգային ժողովի հանրապետական փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանի, կառույցին Հայաստանում տիրող խոսքի ազատության բռնաճնշումների, ատելության քարոզի, հարուցված քրեական գործերի վերաբերյալ փաստեր ու տեսանյութեր ներկայացրել։

Ըստ Հովհաննիսյանի, ԵԽԽՎ-ում որոշում է կայացվել, որ մոնիթորինգի հանձնաժողովը, դատական իշխանության անկախության և քաղաքական հետապնդումների վերաբերյալ մոնիթորինգ կիրականացնի։

Անդրադառնալով քարոզարշավի շրջանակներում Դավթաշենում վարչապետի երեկվա ելույթին, Շարմազանովն ասաց՝ վարչապետից երեկ կշռադատված ելույթ չի լսել։

«Ես երեկ լուրջ կշռադատված ելույթ պարոն վարչապետից չեմ լսել։ Լսել եմ գոռգոռոց, միգուցե պանիկա, միգուցե փաստերի մանիպուլյացիա։ Ինքն էլ շատ լավ գիտակցում է, որ տեղի է ունեցել խայտառակություն, և փորձում է գնդակն ուղարկել ուրիշ դաշտ։ Պետք չէ թացը չորի հետ խառնել», - նշեց ԱԺ փոխնախագահը։

Շարմազանովն ընդգծեց՝ գաղտնալսումն ապօրինի է, և սա խայտառակություն է ու մտահոգիչ։

«Այստեղ երկու կարծիք լինել չի կարող, բայց մեզ վրա՞ ինչու եք մուննաթ գալիս, մե՞նք ինչ անենք, և երկրորդը՝ եթե դուք չեք կարողանում մեր պետության ամենակարևորագույն ուժային կառույցների հեռախոսազրույցները պաշտպանեք, որ չլսեն, բա ես՝ որպես Ազգային ժողովի փոխնախագահ, այդ նույն հեռախոսով, այդ նույն կապով կարող եմ տարբեր միջազգային համաժողովներից Ադրբեջանի կամ Թուրքիայի բանաձևերի հետ կապված Երևան զանգեմ, կոնսուլտացիաներ անեմ կա՛մ իմ գործընկերների, կա՛մ արտգործնախարարության հետ, իմ գարանտիան ո՞րն է, որ դա Ադրբեջանի և Թուրքիայի հատուկ ծառայությունների ձեռքը չի ընկնի։ Մե՛նք պետք է մուննաթ գանք», - ասաց Շարմազանովը՝ հարց ուղղելով վարչապետին. - «Հարգելի պարոն վարչապետ, եթե այս հարցը լիներ Գորիկ Հակոբյանի և Վահրամ Շահինյանի միջև, Դուք էլ լինեիք ԱԺ ընդդիմադիր փոխնախագահ, ի՞նչ կասեիք»։

Երեկ համացանցում տարածվեց հեռախոսային գաղտնալսված զրույցի ձայնագրություն, որտեղ Ազգային անվտանգության ծառայության տնօրենը և Հատուկ քննչական ծառայության պետը քննարկում են «Մարտի 1»-ի գործը:

Գաղտնալսման մեջ, մասնավորապես, խոսվում է այն մասին, թե ինչպես է դատավորներից մեկը զանգել ԱԱԾ տնօրենին և հարցրել, թե պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի ընտրության հարցով ի՞նչ որոշում է անհրաժեշտ կայացնել:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ մեկնաբանեց անանուն աղբյուրի տարածած հեռախոսային գաղտնալսված զրույցի ձայնագրությունը՝ նշելով, որ իրենք «շանտաժի չեն տրվելու»։

Ժամեր անց Արթուր Վանեցյանը հաստատեց՝ համացանցում տարածված ձայնագրությունում զրուցում են ինքն ու Սասուն Խաչատրյանը։

Երեկ Դավթաշենում «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավի Նիկոլ Փաշինյանը երկու ժամ տվեց ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանին և ոստիկանապետ Վալերի Օսիպյանին՝ զինաթափելու օլիգարխների թիկնազորներին:

ԱԱԾ-ի և ՀՔԾ-ի պետերի հեռախոսազրույցի հրապարակման փաստի առթիվ հարուցվել է քրգործ։ Քննչական կոմիտեն այսօր գործն ընդունել է վարույթ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG