Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանի եղբորորդու փաստաբանը պնդում է, թե դատարանն ապօրինի է գործում


Դատական նիստը, որը քննում էր Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Հայկ Սարգսյանի փաստաբանի միջնորդությունը խափանման միջոցի փոխելու մասին, անցավ լարված մթնոլորտում անցավ։ Դատարանի որոշումը կհրապարակվի գալիք երկուշաբթի:

33-ամյա Հայկ Սարգսյանը մեղադրվում է սպանության փորձի համար, նա կալանավորված է։

Նրա փաստաբան Երեմ Սարգսյանն այսօր դատական նիստի ժամանակ մի քանի անգամ պնդեց, թե գործը պետք է կարճել, քանի որ Սարգսյանին կալանավորելու հիմքեր չկան․ - «Վերջին շրջանում հասարակական հնչեղություն ունեցող որոշ կատեգորիայի գործերով պետական որոշ մարմիններ ակնհայտորեն մրցակցության մեջ են մտել միմյանց հետ, թե ով ավելի հնչեղ բացահայտում կկատարի, ով ավելի հնչեղ անուններ կշրջանառի, ով ավելի խիստ մոտեցում կցուցաբերի այդ գործերով և այլն, միայն թե տպավորություն ստեղծվի, թե այդ պետական մարմինն անզիջում պայքար է մղում հանցավորության դեմ»:

Ըստ Քննչական կոմիտեի, 11 տարի առաջ՝ 2007 թվականին, հրազենային վնասածքով Երևանի հիվանդանոցներից մեկն էր տեղափոխվել Դավիթ Սիմոնյանը։ Նույն օրը ոստիկանություն էր ներկայացել Արթուր Ղևոնդյանը, ներկայացրել ատրճանակ և հայտնել, թե այն գտել է իրենց շենքին կից մանկապարտեզից դեպի նկուղ տանող աստիճանների մոտ և դրա հետ անզգույշ վարվելու հետևանքով կրակել ու մարմնական վնասվածք է պատճառել ընկերոջը՝ Դավիթ Սիմոնյանին: Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ, որը այնուհետև կարճվել էր:

Նիկոլ Փաշինյանի առաջնորդած հեղափոխությունից հետո, սակայն, այդ փաստի առիվ հարուցվեց նոր քրեական գործ, որի քննության արդյունքում պարզվեց, որ Դավիթ Սիմոնյանին մարմնական վնասվածքը ոչ թե անզգուշությամբ պատճառել է Արթուր Ղևոնդյանը, այլ Սիմոնյանին փորձել է սպանել Հայկ Սարգսյանը։

Սարգսյանի փաստաբանն այսօր պնդեց, թե քրեական գործի նյութերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դրանք իրավական ուժ ունենալ չեն կարող, քանի որ շատերը պատճեններ են:

Բացի այդ, փաստաբանի պնդմամբ, քրեական գործը ոչնչացվել է 2017 թվականին․ - «Ինչպե՞ս է դատախազը պարզել, Դավիթ Սիմոնյանից ստացված դիմումում նշված հանգամանքները նոր են ի հայտ եկել, որ այդ հանգամանքները նախկինում հայտնի չեն եղել, և այդ տվյալները քրեական գործում առկա չեն»:

Երեմ Սարգսյանը մի քանի անգամ հայտարարեց, որ դատարանը կանխակալ վերաբերմունք ունի և ապօրինի է գործում․ - «Մոռանանք էս քրեական գործը: Ես հասկանում եմ, որ այստեղ էմոցիաներ կան, հասկանում եմ, որ ինչ-որ հանգամանքներ կան: Բայց եթե որևէ էմոցիա կարա հակակշռի էն բանին, որ Հայաստանի Հանրապետության դատարանը էսօր էսօր կարա նման ապօրինի կերպով գործի, եթե սա որևէ էմոցիայից ավելի բարձր ա, ես ընդհանրապես համաձայն չեմ սրա հետ»:

Հայկ Սարգսյանի փաստաբանը ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց դատախազ Աբգար Առաքելյանին, նաև իր խոսքով ողջամիտ ժամանակ, այն է՝ մեկ օր խնդրեց դատավորին անվստահություն հայտնելու համար։

Սակայն դատավոր Աննա Դանիբեկյանը նրան 15 րոպե ժամանակ տվեց։ Ժամանակի ավարտին Երեմ Սարգսյանը հայտարարեց, թե իրեն պաշտպանելու իրավունքից զրկում են, անգամ ցանկություն հայտնեց լքել նիստերի դահլիճը, սակայն դատավորը թույլ չտվեց։

Դատախազ Աբգար Առաքելյանը պնդեց, որ Հայկ Սարգսյանի կալանք խափանման միջոցը պետք է անփոփոխ թողնել, քանի որ նախկինում նրա ու նրա բարեկամների կողմից տուժողի վրա ճնշում գործադրելու փորձեր են եղել․ - «Մասնավորապես ճնշումներ են գործադրվել դեռևս այն ժամանակ տուժողի նկատմամբ, գործով վկայի նկատմամբ, ինչի հետևանքով դեռևս այն ժամանակ չի բացահայտվել իրականում հանցանք կատարած անձը»:

Երեմ Սարգսյանը հերքեց սա, նաև նշեց, որ իր պաշտպանյալը ազատ արձակման համար այնքան գրավ կվճարի, որքան դատարանը կպահանջի։

Դատարանը որոշումը կհրապարակվի սեպտեմբերի 10-ին։

XS
SM
MD
LG