Մատչելիության հղումներ

Քոչարյանի փաստաբանն ապօրինի է որակում երկրորդ նախագահի խափանման միջոցի վերաբերյալ ՀՔԾ երեկվա որոշումը


Փաստաբան Արամ Օրբելյան, արխիվ
Փաստաբան Արամ Օրբելյան, արխիվ

Հայաստանի երկրորդ նախագահի փաստաբան Արամ Օրբելյանն անօրինական է որակում Հատուկ քննչական ծառայության երեկվա որոշումը Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ։

«Հաշվի առնելով Վերաքննիչ դատարանի որոշումը առ այն, որ առաջադրված մեղադրանքների մասով գործում է անձեռնմխելիություն և համապատասխանաբար այդ առաջադրված մեղադրանքների մասով չի կարող իրականացվել քրեական հետապնդում, համապատասխանաբար որևէ գործողություն, որն ուղղված է քրեական հետապնդման, իսկ խափանման միջոցի կիրառումը նույնպես համարվում է քրեական հետապնդման գործողություններից մեկը, նախնական կարծում ենք, որ օրինական չէ։ Որոշումը դեռ չենք ստացել, որոշումը կտեսնենք, հետո ավելի մանրամասն գնահատական կտանք», - ասաց Օրբելյանը։

Նա նշեց՝ եթե այն է, ինչ կարծում են, համապատասխանաբար կբողոքարկեն։

Ռոբերտ Քոչարյան, արխիվ
Ռոբերտ Քոչարյան, արխիվ

Հատուկ քննչական ծառայության խոսնակ Մարինա Օհանջանյանը երեկ «Ազատության»-ը փոխանցեց, որ ՀՔԾ-ն որոշում է կայացրել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրել ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը։

Դա ենթադրում է, որ Քոչարյանը չի կարող մեկնել Հայաստանից։ Այլ մանրամասներ նախաքննական մարմինը դեռևս չի հաղորդում։

Ռոբերտ Քոչարյանը 2008 թվականի «Մարտի 1»-ի քրեական գործով մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու մեջ: Հուլիսի 27-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրել կալանավորումը:

Օգոստոսի 13-ին Վերաքննիչ դատարանը վերացրեց առաջին ատյանի դատարանի որոշումը և Քոչարյանին ազատ արձակեց:

ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանն «ապօրինի» որակեց Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու՝ Վերաքննիչ դատարանի և, մասնավորապես, գործը քննած դատավոր Ալեքսանդր Ազարյանի որոշումը։ Գլխավոր դատախազությունն օրերս բողոք ներկայացրեց Վճռաբեկ դատարան՝ պահանջելով բեկանել Քոչարյանին կալանքից ազատ արձակելու որոշումը։ Վճռաբեկ բողոք ներկայացրեցին նաև Քոչարյանի պաշտպանները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG