Նրանք ընդամենը օրեր առաջ էին լրատվամիջոցներից տեղեկացել, որ իրենց հետ պայմանագիր կնքած Երևանի կոնյակի գործարանը խաղողը մթերելու է 140 դրամով: Սա հարուցել էր Արմավիրի մարզի խաղողագործների դժգոհությունը:
Նախ գործարանի Արմավիրի մասնաճյուղի տնօրինությանը հայտնեցին իրենց բողոքը, գոհացուցիչ պատասխան չստանալուց հետո որոշեցին դիմել ծայրահեղ քայլի:
Ցուցարարներից մեկն «Ազատությանը» ասաց․ - «Մեր վրա ինքնարժեքը նստում ա 120 դրամ, չհաշված բանկի տոկոսները: Բերել եմ, ասում ա՝ 140 դրամով եմ ընդունում: Ըտենց եմ ուզում, ըտենց եմ ընդունում: Ինքն ա մեր տեղի գին որոշում, ինքն ա ուզում մեր տեղը գերշահույթ ստանա․․․ Թող 100 դրամ որոշեին․․․»
Անցած տարի նույն գործարանը խաղողը մթերել է 130 դրամով, ինչին չէին ընդդիմացել գյուղացիները: «Ազատության» հետ զրույցում դա բացատրեցին պարարտանյութի, դեղանյութերի, դիզվառելիքի և մշակման համար անհրաժեշտ այլ միջոցների համեմատաբար ցածր արժեքով: Նրանց հավաստմամբ՝ մեկ տարվա ընթացքում թանկացումներ են եղել և մեկ կիլոգրամ խաղողի ինքնարժեքը 120 դրամ է դարձել:
Երեւանի կոնյակի գործարանի նախանշած գինը, ըստ խաղողագործների, այլ խնդիրներ էլ է առաջ բերել: Օրինակ, նրանց պնդմամբ՝ Պռոշյանի կոնյակի գործարանը ևս որոշել է նախկինում խոստացած 160 դրամի փոխարեն այսուհետ խաղողը մթերել 140 դրամով:
Ուշագրավ է, որ Երևանի կոնյակի գործարանը խաղողագործների հետ երկարամյա պայմանագրեր է կնքել առանց գնի հստակեցման: Ցուցարաներն ասացին՝ վերջին տարիներին այդպես են աշխատում: Գնի մասին տեղեկանում են բերքահավաքից օրեր առաջ: Այս տարի իրենց ակնկալիքներն ավելին են եղել:
Գնային քաղաքականության, գյուղացիների պահանջի վերանայման վերաբերյալ հստակ պատասխաններ խաղողագործներին չտվեց Երևանի կոնյակի գործարանի Արմավիրի մասնաճյուղի տնօրեն Արծրուն Սարգսյանը․ - «Խաղողի գինը էս տարի որոշվել ա 140 դրամ: Եթե դուք ունեք ինչ-որ ուրիշ պահանջներ, կուզենաք այլ հարցեր ներկայացնել, ասեք, ես ղեկավարությանը տեղեկություն կասեմ, կհաղորդեմ, կփոխանցեմ, ղեկավարությունը կորոշի»:
Փոխարենը խաղողագործներին խոստացավ հարցը գործադիր մարմնի տիրույթ տեղափոխել Արմավիրի փոխմարզպետ Գագիկ Գաբրելյանը: Ավելի ուշ նա հայտնեց, որ կառավարությունում փոխվարչապետի գլխավորությամբ մթերողների հետ գյուղացիներին հուզող հարցն են քննարկում:
Պատասխանին ժամեր շարունակ սպասող գյուղացիները որոշեցին կարճ ժամանակով բացել ճանապարհը՝ լիցքաթափելով խցանման մեջ գտնվող վրդովված վարորդների և ցուցարարների միջև լարվածությունը: Շտապող վարորդների, ուղևորների և ակցիայի մասնակիցների միջև լեզվակռիվը պարբերաբար վերածվում էր քաշքշուկի:
Գյուղացիները ի վերջո որոշեցին գնալ տուն և հաջորդ օրվանից վերսկսկել պայքարը՝ եթե մինչև երեկո կառավարությունից չստանան ցանկալի պատասխանը:
«Մեր կառավարությունը եթե կնմանվի նախկին կառավարությանը, որը ընտրությունից ընտրություն էր հիշում մեզ բոլորիս, նորից կփակենք», - հայտարարեց ցուցարարներից մեկը:
Ավելի ուշ խաղողագործներին պատասխանեց Երևանի կոնյակի գործարանը՝ վերահստատելով, որ 140 դրամն առավելագույնն է ընկերության համար: Փոխարենը խոստանում են տուգանքներ չկիրառել այն մատակարարների համար, որոնք պայմանագրային պարտավորությունները կշրջանցեն և բերքը կիրացնեն այլ ընկերություններում: