Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը կարևորում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի շաբաթավերջին նախատեսված այցը Մոսկվա։ Նրա համոզմամբ, Հայաստանը պետք է «անընդհատ տաք պահի դիսկուրսը Ռուսաստանի հետ»։
«Կարծում եմ, որ էդ այցելությունը շատ կարևոր է։ Մենք Ռուսաստանի հետ պետք է մշտապես աշխատենք, ու ակնկալիքն, իմ կարծիքով, այն է, որ այդ կապը, համագործակցությունը մշտական լինի, քանի որ առաջանում են տարբեր հարցեր, ու այդ հարցերը պետք է օպերատիվ լուծես», - ասաց Գրիգորյանը՝ շարունակելով. - «Ի վերջո, Ալիևն այցելեց Սոչի, ինչ-որ հարցեր այնտեղ քննարկվեցին։ Պարզ է, որ Հայաստանը պետք է անընդհատ տաք պահի դիսկուրսը Ռուսաստանի հետ։ Հիմա՝ ակնկալիքը, կոնկրետ օրակարգը կասեն, նոր կասենք, բայց ես համոզված եմ, որ այնտեղ հարցեր կլինեն և՛ Ղարաբաղի հետ կապված, և՛ այսօրվա զարգացումների հետ կապված միջազգային, այդ թվում՝ Սիրիայի հետ, և՛ այլ հարցեր»։
«Ռուսաստանն էլ կսովորի, որ Հայաստանի իշխանություններն ուզում են նորմալ աշխատել Ռուսաստանի հետ, այլ ոչ թե զիջել Հայաստանի շահերը»
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասել է, թե Մոսկվան մտահոգ է Հայաստանում ծավալված իրադարձություններով, նաև ավելի վաղ հայտարարությամբ էր հանդես եկել, որում ասել էր, թե Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները հակասում են երկրի նոր ղեկավարների հայտարարություններին այն մասին, որ հրաժարվելու են նախորդների նկատմամբ քաղաքական հետապնդումներից։
Հարցին, թե Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավարի այս հայտարարություններն ինչի՞ մասին են խոսում, քաղաքագետը պատասխանեց. - «Պարզ է, որ Ռուսաստանն ուշադիր հետևում է, Ռուսաստանը տեսնում է, որ Հայաստանում լուրջ պրոցեսներ են, այդ թվում նաև Հայաստանում տարվում է գիծ նոր իշխանության կողմից՝ ուժեղացնել սուվերենությունը։ Ակնհայտ է, որ դա Ռուսաստանին չի կարող չմտահոգել, ի վերջո պետք չէ իրար խաբել՝ Ռուսաստանը սովոր է, որ գոնե վերջին 20 տարում ինչ ուզում է, Հայաստանը տալիս է, անում է, նույնիսկ այն բաներն էին Հայաստանի իշխանություններն անում, որոնք Հայաստանի ինքնիշխանությանը վնասում էին։ Հիմա պարզ է, որ Ռուսաստանը մտահոգված է՝ եկան մարդիկ, ովքեր ուզում են նաև Հայաստանի շահն առաջ տանել։ Էն մարդիկ, ովքեր ամեն ինչ տալիս էին Ռուսաստանին, մի քիչ նեղ վիճակում հայտնվեցին Հայաստանում։ Ռուսաստանն էլ պետք է սովորի, որ Հայաստանում նոր իշխանություններ են ու մոտեցումներն այլ են՝ տարբերվում են։ Կամաց-կամաց դա կհարթվի, քանի որ Ռուսաստանն էլ կսովորի, որ, այո՛, Հայաստանում կան հիմա իշխանություններ, ովքեր ուզում են նորմալ աշխատել Ռուսաստանի հետ, այլ ոչ թե զիջեն Հայաստանի շահերը»։
«Կարծում եմ ՝ Փաշինյանն ու Պուտինը կքննարկեն նաև էներգետիկային վերաբերող հարցեր»
Կիրակի օրը Ֆեյսբուքի ուղիղ եթերում՝ հարցուպատասխանի ժամանակ, Փաշինյանը, հայտարարելով Ռուսաստան իր առաջիկա այցի մասին, ասաց, որ հարաբերությունների օարկարգի բազմաթիվ հարցեր մանրամասն կքննարկեն, լուծումներ կտան բազմաթիվ հարցերի։
«Իհարկե ես չեմ ուզում պնդել, թե բոլոր հնարավոր հարցերը կլուծենք, կվերջացնենք, բայց ես վստահաբար ասում եմ, որ մեր բնականոն համագործակցությունը շարունակվում է, և համոզված եմ նաև, որ բնական կերպով կշարունակվի», - ասաց Հայաստանի վարչապետը։
Հարցին, թե ի՞նչ նկատի ունի վարչապետը՝ «բոլոր հնարավոր հարցեր» ասելով, Գրիգորյանը պատասխանեց. - «Ինչքան ես հասկանում եմ, այնտեղ կքննարկվեն նաև էներգետիկային վերաբերող հարցերը, էներգետիկայի սակագների հարցերը՝ և՛ գազի, և՛ էլեկտրականության, դա ուղղակիորեն կապված է Ռուսաստանի հետ, քանի որ շատուշատ օբյեկտներ հենց Ռուսաստանի ձեռքերում են գտնվում։ Ես կարծում եմ, որ այդ հարցերն ինքն առաջին հերթին նկատի ուներ»։