Մատչելիության հղումներ

Ախուրյան խոշորացված համայնքի միացված գյուղերը պահանջում են առանձնանալ


9 ամիս առաջ Շիրակի մարզում խոշորացված համայնքներում կռիվ է ընկել: Միավորված որոշ գյուղեր այժմ առանձնանալ են ցանկանում: Շիրակի մարզպետն այսօր խոստման համաձայն եղավ երկու օր առաջ ճանապարհ փակած գյուղերում: Շիրակ գյուղն առաջին կանգառն էր: Այստեղ ոմանք կողմ էին խոշորացմանը, ոմանք էլ դեմ: Այդ պատճառով թեժ վիճաբանություն սկսվեց:

Խոշորացումից դժգոհ համայնքները միավորվել են Ախուրյանին: Կամոյում գյուղացիները մարզպետի ներկայությամբ խոշորացված համայնքի ղեկավար Արծրուն Իգիթյանին մեղադրեցին, որ վերջինս ամեն ինչ անում է իր համայնքում, իսկ մնացած 7-ին անտեսում: Ասում են՝ 9 ամսվա ընթացքում իրենց գյուղում ոչինչ չի փոխվել:

Գյուղերում կան կուտակված խնդիրներ, որոնք տարիներով լուծում չեն ստացել՝ ճանապարհները, խմելու ու ոռոգման ջրի հարցը և այլն: Այսօր որոշ խնդիրներ խոստացան լուծել: Բայց ամեն դեպքում առաձնանալու պահանջը մնում է օրակարգում:

Առավել թեժ բանավեճ ծավալվեց Բասեն համայնքում: Նախկին համայնքապետ Համլետ Պետրոսյանը ներկայացրեց, թե ինչ է թողել ու հիմա 9 ամիս անց ինչ վիճակ է գյուղում․ ֊ «Ես այդքան աշխատանքը կատարել եմ համայնքի միջոցների հաշվին, պետական միջոցների հաշվին, Եվրամիության միջոցների հաշվին: Էսօր բոլորը անտեսված է: Քլորակայանը ես կառուցել եմ անցած տարի 5 միլիոն դրամով: Էդքան ծախս եմ արել, որ որակով ջուր ունենանք: Էս պահը մինչև մի գրամ քլոր եղե՞լ է»:

Բասենցիների պահանջը ևս առանձնանալն է, ցանկությունն էլ մեկը՝ ունենալ սեփական գյուղից ընտրված համայնքի ղեկավար:

Արծրուն Իգիթյանը չընդունեց իր հասցեին հնչեցվող մեղադրանքները, թե համայնքների նկատմամբ խտրական մոտեցում է ցուցաբերում․ ֊ «Խոշորացման արդյունքում ստացվում է, որ ընդհակառակը՝ Ախուրյանի գումարները կրճատվել են, գյուղերում ավելանում են»:

Իգիթյանը նաև թվարկեց, թե որ համայնքում ինչ ծրագրեր են իրականացվելու․ դիմել են կառավարությանը, սպասում են պատասխանի ու ֆիանանսավորման:

Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը չի ընդունում, որ խոշորացման մոդելը ոչ մի օգուտ չի տվել․ ֊ «Ես այդ ամենը չեմ կապում խոշորացման հետ։ Ես այդ ամենը կապում եմ կոնկրետ անձանց աշխատանքի թերացումների հետ»:

Խոշարացված փոքր համայնքների բնակիչները մեկ այլ մտահոգություն ունեն, որ եթե չառանձնանան, ապա տասնամյակներով միայն Ախուրյան համայնքի թեկնածուն կընտրվի, քանի որ այն ավելի մեծ բնակչություն ունի: Ստորագրահավաքը գյուղերում շարունակվում է, գյուղացիները չբացառեցին՝ եթե իրենց պահանջը անտեսեն, ապա հնարավոր է՝ հրաժարվեն հարկ ու տուրք վճարելուց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG