Մատչելիության հղումներ

Էմանյուել Մակրոնը՝ պաշտոնական Անկարայի քննադատության թիրախում


Էմանյուել Մակրոն, արխիվ
Էմանյուել Մակրոն, արխիվ

Պաշտոնական Անկարան խստորեն քննադատում է Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնին` շաբաթասկզբին Փարիզում կայացած դեսպանների ամենամյա հավաքի ընթացքում հնչեցրած հայտարարությունների համար:

Դիմելով տարբեր երկրներում հավատարմագրված ֆրանսիացի դիվանագետներին` Մակրոնը կասկած էր հայտնել, թե Թուրքիան կարող է Եվրամիության լիիրավ անդամ դառնալ: Պատճառը, ըստ Ֆրանսիայի նախագահի, Էրդողանի կառավարության վարած քաղաքականությունն է, որի արդյունքում թուրքական պետությունը զգալիորեն կորցրել է իր աշխարհիկ բնույթը:

«Նախագահ Էրդողանի Թուրքիան նախագահ Քեմալի Թուրքիան չէ: Բացի այդ՝ պետք է հասկանալ, որ Սառը պատերազմն այլևս անցյալում է: Այս երկու իրողություններից ելնելով է, որ մենք պետք է շատ հստակորեն պատկերացնենք բոլոր հնարավոր բարդությունները»,- նշել է Ֆրանսիայի նախագահը:

Մակրոնի խոսքով՝ ինքը չի նսեմացնում Թուրքիայի կարևորությունը ԵՄ-ի համար, սակայն պետք է հասկանալ, որ Էրդողանի իշխանության որդեգրած սկզբունքները շատ քիչ ընդհանրություն ունեն եվրոպական արժեքների հետ:

«Էրդողանը կյանքի է կոչում պան-իսլամիստական մի ծրագիր, որը պարբերաբար որպես հակաեվրոպական է ներկայացվում: Այդ ծրագրի հիմքում ընկած չափանիշները շատ հաճախ հակասում են մեր սկզբունքներին»,- հայտարարել է Ֆրանսիայի նախագահը, ընդգծելով՝ հենց այդ պատճառով է, որ Եվրամիությունը պետք է լրջորեն մտածի Թուրքիայի հետ ռազմավարական համագործակցությունը զարգացնելու, այլ ոչ թե ԵՄ-ին այդ երկրի անդամակցության մասին: «Պետք է վերջ տալ այն երեսպաշտությանը, որն ուղեկցում է Թուրքիայի` ԵՄ-ին անդամակցության շուրջ բանակցություններին»,- նշել է Էմանյուել Մակրոնը:

«Մակրոնի հայտարարությունները որևէ աղերս չունեն իրականության հետ»,- նշված է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Համի Աքսոյի՝ երեկ երեկոյան տարածած գրավոր հայտարարության մեջ:

«Մենք խորապես ցավում ենք դեսպանների հավաքի ընթացքում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հնչեցրած հայտարարությունների համար, որոնք վերաբերում էին մեր երկրին և մեր երկրի՝ Եվրամիությանն անդամակցելու գործընթացին»,- նշել է թուրքական արտգործնախարարության ներկայացուցիչը, ընդգծելով․ «Մակրոնի հայտարարությունները վկայում են, որ նա լավ չի ըմբռնում Թուրքիայում առկա իրողությունները, չնայած այն հանգամանքին, որ մենք տարբեր [դիվանագիտական] պլատֆորմների միջոցով շարունակաբար պարզաբանումներ ենք ներկայացնում»:

«Մեր երկիրը Եվրոպայի անքակտելի մասն է թե՛ քաղաքական, թե՛ աշխարհագրական, և թե՛ պատմական տեսանկյունից: Եվ Թուրքիան միշտ էլ ավելին է արել՝ եվրոպական անվտանգության ապահովման համար: Այս ամենի ֆոնին իրականությանը չեն համապատասխանում պնդումները, թե մեր երկիրն իբր հակաեվրոպական մոտեցումներ է որդեգրել»,- նաև նշել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության խոսնակ Համի Աքսոյն ու հավելել․

«Հակադրվելով ժամանակակից աշխարհի երկու հիմնական արատներին` պոպուլիզմին և խտրականությանը, մենք հայտարարում ենք, որ Թուրքիայի առաջնային նպատակն անդամակցությունն է ԵՄ-ին, ինչը հիմնված կլինի միասնական արժեքների վրա»:

Եզրափակելով իր հայտարարությունը, Համի Աքսոյը պնդել է․ «Իր ելույթում Մակրոնը հայտարարեց, որ սառը պատերազմն անցյալում է: Այս պնդմանն ի պատասխան՝ մենք ցանկանում ենք նշել, որ նոր դարաշրջանում, երբ աշխարհում անհամամատ ավելի բարդ և անկանխատեսելի վտանգներ կան, Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին առավել, քան կարևոր է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG