Հարուցված քրեական գործի նախաքննությունը վարում է Հատուկ քննչական ծառայությունը: Ծառայության մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանն «Ազատությանը» փոխանցեց, որ գործը ՀՔԾ վարույթում է օգոստոսի 13-ից, այս պահին որևէ մեկին մեղադրանք առաջադրված չէ:
Շաբաթ օրը՝ օգոստոսի 25-ին ոստիկանությունը հաղորդագրություն տարածեց՝ նշելով, թե պարզել է, որ «Վեոլիա ջրի» կողմից մատուցվող ծառայությունների սակագների ճշգրտման 2017-2018 թթ. հայտը հաստատելու նպատակով ընկերության տնօրեն Կրիստիան Լըֆեն և գործառնական տնօրեն Գոռ Գրիգորյանը, կաշառք տալու դիտավորությամբ հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանի և ՀԾԿՀ ևս 7 պաշտոնատար անձանց համար «Վեոլիա ջրի» ֆինանսական ծախսային միջոցներից գնել են Երևան-Փարիզ-Երևան ուղղությամբ, ընդհանուր ավելի քան 4 մլն դրամի 8 ավիատոմս, իսկ հյուրանոցի ծախսերի համար փոխանցել են ևս 15 հազար եվրո:
Ոստիկանությունը նշում է, որ դրանից հետո ՀԾԿՀ-ը խմելու ջրի սակագինը մոտ 11 դրամով բարձրացնելու որոշում է կայացրել:
«Վեոլիա»-ում չարաշահումների մասին ոստիկանությանը տվյալներ է տրամադրել վարչապետի կոռուպցիայի դեմ պայքարի գծով օգնական Արեն Մկրտչյանը: Ըստ ուսումնասիրության, չարաշահումները հատում են 3.7 մլրդ դրամի սահմանը:
«Ընկերությունը և նրա գործառնական տնօրեն Գոռ Գրիգորյանը և ևս երկու բարձրաստիճան աշխատակիցներ 3,7 միլիարդ դրամի մատակարարումներ և ծառայությունների մատուցման պայմանագրեր են կնքել ընկերությունների հետ, որոնք իրենց հետ փոխկապակցված անձինք են: Միևնույն ժամանակ այդ ծառայությունները մատուցվել են շուկայականից մի քանի անգամ ավելի բարձր գներով: Այս տեղեկությունները հաստատվել են, և հարուցվել է քրեական գործ», - նշեց Մկրտչյանը:
Ոստիկանության հաղորդագրության համաձայն, 2017-2018 թթ. ընթացքում իրենց մերձավորների անվամբ հիմնադրված ու փաստացի նրանց պատկանող «ԷՄՕՇԻՆ», «ՇԻՆՄԱՍՏԵՐ», «ԳԱՎԱԹ», «ՀՈՐԻԶՈՆ», «ԴԵԼ-ՏԵԼԵԿՈՄ» և այլ ընկերությունների հետ շուկայականից անհամեմատ բարձր գներով «Վեոլիայի» երեք բարձրաստիճան պաշտոնյա կնքել է շուրջ 3մլրդ 730մլն դրամի պայմանագրեր ու յուրացրել են առանձնապես խոշոր չափի գումար։ «ԷՄՕՇԻՆ» և «ՇԻՆՄԱՍՏԵՐ» ընկերությունների ներկայացուցիչներն «Ազատության» հետ զրույցում հերքեցին մեղադրանքները՝ հրաժարվելով պատասխանել, թե արդյոք մտերիմ հարաբերությունների մեջ են Վեոլիայի ղեկավարության հետ:
Վարչապետի օգնական Արեն Մկրտչյանը 3,7 մլրդ դրամ գնումների համատեքստում հիշում է տարիներ շարունակ «Վեոլիա ջրի» պնդումները,թե ջրի կորուստները 70 տոկոսից ավելի են․ - «Արդյոք հարց չի առաջանում, թե 3,7 միլիարդի պայմանագրերը երբ կնքում են, ներքին մենեջմենթ անել և հասկանալ, թե ում հետ են այդ պայմանագրերը կնքվում, ինչ պայմաններով են կնքվում և այլն»:
««Վեոլիա ջուր» ընկերությունն իր վրդովմունքն է արտահայտում՝ ոստիկանության տարածած հաղորդագրության կապակցությամբ: Ընկերությունը չի ընդունում ոստիկանության հաղորդագրության մեղադրական ոճը, առավել ևս կոռեկտ չի համարում կոնկրետ անուններ հնչեցնել հիմա, երբ նախաքննությունը շարունակվում է, իսկ քաղաքացիների անմեղության կանխավարկածը՝ գործում», - ասված է ընկերության տարածած հաղորդագրությունում:
Ընկերության մամուլի քարտուղար Մուրադ Սարգսյանն «Ազատության» հետ զրույցում նշեց, որ հրաժարվում են թեմայի շուրջ հարցազրույց տալուց:
ՀԾԿՀ-ն այսօր հայտարարեց, որ «խիստ մտահոգությունն է հայտնում հանձնաժողովին հասցեագրած ոստիկանության անհիմն մեղադրանքների առնչությամբ»․ - «Սակագները ձևավորվում են «Վեոլիա ջրի» և կառավարության միջև կնքված 15 տարվա պայմանագրի հիման վրա:
Ուստի, բացառված է հանձնաժողովի ցանկացած միջամտություն»:
Արեն Մկրտչյանը հակադարձում է՝ ՀԾԿՀ գործառույթը հայտերի անաչառ քննությունն է, և եթե ընկերությունում 70 տոկոսի ջրի կորուստներ կային ու անարդյունավետ գնումներ, հանձնաժողովը պետք է հաշվի առներ այդ փաստերը սակագին բարձրացնելու հայտը քննելիս:
Հանձնաժողովի կարծիքով, պարզապես մտացածին է Ֆրանսիա կատարած այցը սակագների հետագա բարձրացման փաստի հետ կապելը: Նման գործուղում տեղի է ունեցել, սակայն, ըստ ՀԾԿՀ հայտարարության, այն ունեցել է փորձի փոխանակման նպատակ:
Նշեմ, որ սկանդալի մեջ ներքաշված Ռոբերտ Նազարյանի՝ որպես ՀԾԿՀ նախագահի պաշտոնավարման ժամկետն ավարտվել է այս տարվա հուլիսի 1-ին։
Ի դեպ, «Վեոլիա ջուր» ընկերությունն օգոստոսի սկզբին ՀԾԿՀ ևս մեկ հայտ է ներկայացրել՝ կրկին սակագնի բարձրացման համար: Այն դեռևս չի քննարկվել:
Իսկ համաձայն կառավարության և «Վեոլիա ջրի» կնքած պայմանագրի՝ ջրի սակագինը մինչև 2023 թվականը աճելու է, իսկ դրանից հետո՝ նվազելու: