«Հաց բերող» անվամբ հայտնի Արթուր Սարգսյանի իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Եգորյանը «Ազատության» հարցին՝ ինչ նոր զարգացումներ կան Սարգսյանի մահվան գործով նոր դատաբժշկական փորձաքննության նշանակման հետ կապված, պատասխանեց՝ փորձաքննությունը դեռ չի իրականացվել, և իրենք դեռ սպասում են:
Եգորյան- Նախորդ փորձաննությունը սկսվել էր 2017 թվականի օգոստոսին և ավարտվել, եթե չեմ սխալվում, այս տարվա մասյին: Դրա արդյունքներով հարցերի մի հսկայական շրջանակ պատասխան չէր ստացել: Նաև դրանով է պայմանավորված կրկնական փորձաքննության նշանակումը:
«Ազատություն»- Նախորդ փորձաքննության եզրակացության մեջ բուժաշխատողների հնարավոր մեղավորության մասին խոսք չկա՞ր: Եվ առհասարակ՝ տեղի ունեցած իշխանափոխության համատեքստում ի՞նչ ակնկալիքներ ունեք «Հաց բերողի» գործի հետ կապված:
Եգորյան- Արթուր Սարգսյանի մահվանը հաջորդած ժամանակահատվածում մենք հաղորդում էինք ներկայացրել հանցագործության մասին: Դրանից հետո մենք պահանջում էինք, որ գործը քննվի ՀՔԾ-ի կողմից՝ առավել լայն շրջանակով, քան հարուցման հոդվածն էր ենթադրում: Մենք այն ժամանակվանից պնդում ենք, որ Արթուր Սարգսյանի մահվան գործի քննության շրջանակներում պետք է անդրադարձ կատարվի ու քննության առարկա դառնան Արթուր Սարգսյանի նկատմամբ կալանքը խափանման միջոց կիրառելու միջնորդության համար պատասխանատու պաշտոնյաների գործողությունները, նաև այդ միջնորդությունը բավարարած դատարանների գործողությունները, քրեակատարողական հիմնարկի վարչակազմի գործողությունները, նաև Արթուր Սարգսյանին երկրորդ անգամ կալանավորելու միջնորդության համար պատասխանատու պաշտոնյաները, այն քննած դատավորի գործողությունները, նոր դրանից հետո՝ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի վարչակազմի գործողությունները:
Մեր այս պնդումներն այն ժամանակ, բնականաբար, անտեսվեցին: Եվ միայն իշխանափոխությունից հետո հնարավոր եղավ այս քրեական գործը տեղափոխել ՀՔԾ-ի վարույթ: Բնականաբար, ակնկալիքները մեծ են: Մի բան հստակ է՝ այս քննությունը բավական լայն շրջանակի է վերաբերում: Բայց, անկախ որևէ հանգամանքից, այս հարցի հետ կապված պետք է իրականացվի լիարժեք, արդյունավետ և համակողմանի քննություն:
Հարցազրույցն ամբողջությամբ ունկնդրելու համար սեղմել ստորև տեղադրված հղումը