Ղարաբաղյան համակամարտությունը պետք է լուծվի այնպիսի մթնոլորտում, որտեղ բոլոր կողմերը պատրաստ են դրան, այսօր Բաղրամյան 26-ում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսում հայտարարեց Գերմանիայի կանցրել Անգելա Մերկելը:
«Մենք պատրաստ ենք պատասխանատվություն ստանձնել՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում: Գիտեք, Գերմանիան ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ է, և մենք խոսել ենք այն մասին, որ լավ կլինի, իհարկե, լուծել հակամարտությունները, բայց այն պետք է լուծվի այնպիսի մթնոլորտում, որտեղ բոլոր կողմերը պատրաստ են դրան, և Գերմանիան պատրաստ է նաև այստեղ քաղաքական պատասխանատվություն ստանձնել»,- ասաց Մերկելը:
Գերմանիայի կանցլերը պաշտոնական այցով Երևան է ժամանել այսօր՝ Վրաստան կատարած այցից հետո: Երևանում Անգելը Մերկելը առաջինը այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Նա նաև եղավ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում և PicsArt ընկերությունում, այնուհետև նրան ընդունեց Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը: Վաղը Անգելա Մերկելը Երևանից կմեկնի Բաքու:
Նիկոլ Փաշինյանի հետ բանակցություններից հետո տեղի ունեցած ասուլիսում, պատասխանելով գերմանացի լրագրողներից մեկի հարցին, թե ի՞նչ զգացողություններ ուներ՝ Ծիծեռնակաբերդում ծաղիկները խոնարհելիս՝ Մերկելն ասաց. - «Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ես հարգանքի տուրք մատուցեցի Գերմանիայի Բուդենսթագի կողմից 2016 թվականի հունիսին ընդունված բանաձևի ոգուն համահունչ: Կարծում եմ, որ կարևոր քայլ կատարվեց հիշողության մշակույթի զարգացման ուղղությամբ: Նաև քաղաքական կարգավորում եղավ, բայց դա ինձ համար իրավական խնդիր չէ: Ես հենց այդ մտայնությամբ եմ հարգանքի տուրք մատուցել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում»։
Անգելա Մերկելը նաև հայտնեց, որ Ադրբեջանի կողմից մուտքի արտոնագիր չստացած գերմանացի պատգամավորը կփոխարինվի մեկ ուրիշով: Պաշտոնական Բաքուն Մերկելի տարածաշրջանային այցի նախօրեին արգելել էր կանցլերի պաշտոնական պատվիրակության անդամ, Մերկելի կուսակից, Բունդեսթագի պատգամավոր Ալբերտ Վայլերին Ադրբեջան մուտք գործել՝ պատճառաբանելով, թե նա ժամանակին այցելել է Ղարաբաղ՝ առանց Բաքվի թույլտվության:
«Մենք որոշել ենք, որ Ադրբեջանի այցի ընթացքում մեզ կուղեկցի Բունդեսթագի մեկ այլ պատգամավոր: Խոսքը վերաբերում է, իհարկե, Հարավային Կովկասում խորհրդարանական համագործակցության խմբին: Մենք եկել ենք այս որոշմանը, որովհետև մեզ համար կարևոր էր այդ բանակցությունները վարել, և միայն բանակցությունների միջոցով ընդհանրապես կարելի է հակամարտությունները լուծել. եթե մարդիկ չեն խոսում, հակամարտությունները հնարավոր չէ լուծել: Մեզ համար, ինձ համար կարևոր էր, որ այս այցելությունը տարածաշրջան տեղի ունենա: Ժամանակն իհարկե չի սպասում, և մենք պետք է ամեն ջանք ներդնենք, որպեսզի այդ հակամարտությունը հնարավորինս արագ լուծենք»։
Նույն հարցի մասին խոսելիս Նիկոլ Փաշիյանը կարևորեց տարածաշրջանում կարգավորման մթնոլորտի հաստատումը։
«Ես ուրախ եմ արձանագրել, որ Գերմանիան լիարժեք կերպով աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ջանքերին Լեռնային Ղարաբաղի հարցի կագավորման առումով: Գերմանիան և տիկին կանցլերն անձամբ ունեն ըմբռնում, որ Լեռնային Ղարաբաղի հարցը կարող է լուծվել բացառապես խաղաղ ճանապարհով, և դրա համար անհրաժեշտ է տարածաշրջանում կարգավորման մթնոլորտ հաստատելը: Այս մթնոլորտի հաստատման առումով Հայաստանը շատ բարձր է գնահատում Գերմանիայի Դաշնային Հանրապետության ջանքերը»:
Գերմանացի լրագրողի՝ Նիկոլ Փաշինյանին ուղղված այն հարցին էլ, թե ի՞նչն է նրան այդքան լավատես դարձնում, որ Հայաստանը կարող է արդյունավետ հավասարակշռել Եվրամիության և Ռուսաստանի միջև, Հայաստանի վարչապետը պատասխանեց.- «Ես ուզում եմ արձանագրել հետևյալը, որ Հայաստանի Հանրապետությունն արտաքին քաղաքականութունը որևէ գործընկերոջ հետ չի վարում որևէ այլ գործընկերոջը հակակշռելու նպատակով: Մենք ասել ենք, որ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության մեջ թավշյա հեղափոխությունից հետո շրջադարձեր տեղի չեն ունենալու, ռևերսներ տեղի չեն ունենալու: Մենք մտադիր ենք և իրականացնում ենք այդ մտադրությունը՝ զարգացնելու մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ, նաև Եվրասիական տնտեսական միության և ՀԱՊԿ շրջանակում, մենք զարգացնում ենք հարաբերությունները Եվրամիության երկրների, այդ թվում՝ Գերմանիայի հետ: Եվ մեր քննարկման ընթացքում արձանագրվեց, որ արտաքին քաղաքական այս մոտեցումը լիարժեք կերպով ընկալելի է Գերմանիայի Դաշնային Հանրապետության կողմից և մենք այստեղ հակասություններ ու հակակշռելու անհրաժեշտություններ չենք տեսնում: Սա է մեր քննարկման ոգին, և կարծում եմ՝ տիկին կանցլերը նույնպես կհաստատի այս դիրքորոշումըհատում այդ ուղղությամբ Գերմանիայի ջանքերը»:
«Հայաստանը կարող է օրինակ ծառայել»
Պատասխանելով հարցին, թե արդյոք ավելի գործնական համագործակցություն հնարավո՞ր է Եվրասիական միության և Եվրամիության միջև, և այդ հնարավոր համագործակցության համատեքստում ինչպե՞ս է տեսնում Հայաստանի դերակատարությունը, Մերկելը օրինակելի համարեց Հայաստանի փորձը այս հարցում։
«Հայաստանը կարող է օրինակ ծառայել, թե ինչպես կարելի է լավ համագործակցություն իրականացնել Ռուսաստանի հետ և միաժամանակ լավ համագործակցել Եվրամիության հետ: Այստեղ, իհարկե, հնարավորությունները շատ չեն: Եվրասիական տնտեսական միությունը գործնականում ազատ առևտրային գոտի է: Այդտեղ, իհարկե, կան շատ այլ տնտեսական հնարավորություններ, որոնցից կարելի է օգտվել: Ամենամոտ ապագայում, ֆորմալ առումով Եվրասիական տնտեսական միության և Եվրամիության միջև բանակցություններ դժվար թե տեղի ունենան, բայց կարծում եմ, որ Հայաստանի լավ օրինակը կարող է ցույց տալ, որ երբևէ կարելի է նաև նման բանի դիմել:»,- ասաց նա:
«Բանակցությունները շատ արդյունավետ են անցել»
Նախքան լրագրողների հարցերին պատասխանելը Փաշինյանը և Մերկելը հանդես եկան կարճ ելույթներով: Հայաստանի վարչապետը նկատեց, որ իր և կանցլերի բանակցությունները «շատ արդյունավետ» են անցել, և դրանք վերաբերել են Հայաստանի ու Գերմանիայի հարաբերությունների, տարածաշրջանի հարցերին:
«Սա Գերմանիայի կանցլերի երբևէ տեղի ունեցած առաջին այցն է Հայաստան. սա պատմական կարելի է որակել: Այս հանգամանքը ավելի է ընդգծում Հայաստանում վերջին շրջանում տեղի ունեցող փոփոխությունները: Ուրախ եմ, որ կանցլերի հետ շատ արդյունավետ բանակցություններ ունեցանք, որոնք վերաբերում էին Հայաստանի ու Գերմանիայի հարաբերությունների հարցերին, տարածաշրջանի հարցերին: Այդ օրակարգի բազմաթիվ հարցերի վերաբերյալ մեր տեսակետները համընկնում էին, ինչը ցույց է տալիս, որ մեր հարաբերությունները զարգանալու հսկայական պոտենցիալ ունեն: Մենք հույս ունենք, որ մեր համագործակցության ծավալներն էական փոփոխություններ կկրեն: Մենք քննարկեցինք ու եկանք հայտարարի, որ այս այցից հետո համատեղ օրակարգ կունենանք տարբեր ոլորտների շուրջ ու աշխատանք կիրականացնենք դրանք իրագործելու համար»,- ընդգծեց Փաշինյանը:
Անգելա Մերկելը շեշտեց, որ Գերմանիան պատրաստ են խորացնել հարաբերությունները Հայաստանի հետ․ - «Մենք հյուրընկալվել ենք Երևանում՝ քաղաքի 2800-ամյա հոբելյանի շրջանակում, ինչը վկայում է այն մասին, որ Հայաստանը բարձր մշակութային և պատմական ավանդույթներ, բայց նաև բաց է նոր ապագայի առջև: Մենք անցյալ ամիսներին հետևել ենք ձեր երկրում տեղի ունեցող իրադարձություններին, խաղաղ ցույցերին և թավշյա հեղափոխությանը, ինչպես այն ընդունված է ասել: Խոսեցինք նաև այն մասին, թե ինչպիսին պետք է լինեն մեր հարաբերություններն առաջիկայում: Ոչ միայն երկկողմ, այլև Եվրամիության շրջանակում մեր հարաբերությունները շատ լավն են, բայց կարող են էլ ավելի լավը լինել, և կարծում եմ, որ մենք այսօր արդյունավետ օրակարգ քննարկեցինք ինչպես մշակութային, այնպես էլ տնտեսական ոլորտում փոխգործակցությունը զարգացնելու վերաբերյալ: Ինձ ուղեկցում է տնտեսական պատվիրակություն, որն առիթ կունենա շփվելու տեղի հայ գործընկերների հետ»:
«Մենք քննարկեցինք նաև Գերմանիայում ապաստան հայցողների խնդիրը: Մենք բավական լավ ենք համագործակցում այս ոլորտում, բայց կարելի է ավելին անել, որպեսզի Հայաստանի քաղաքացիները կարողանան բժշկական օգնություն ստանալ Գերմանիայում:
Ուրախ եմ, որ Հայաստանը Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր է ստորագրել Եվրամիության հետ. ուրախալի փաստ է, որ Հայաստանը, մի կողմից, Եվրասիական տնտեսական միության անդամ է, իսկ մյուս կողմից էլ ցանկանում է խորացնել համագործակցությունը Եվրոպական միության հետ, և Գերմանիան կանի ամեն ինչ, որպեսզի համաձայնագրի շրջանակում առկա հնարավորություններն օգտագործվեն, և Հայաստանը խորացնի համագործակցությունը Եվրամիության անդամ բոլոր երկրների հետ»,- ասաց Գերմանիայի կանցլերը: