Մատչելիության հղումներ

Փաշինյանը չմեկնաբանեց Քոչարյանի պնդումները․ «Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի գիտի պատասխանը»


Հայաստան - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բերդում բնակչության հետ հանդիպման ժամանակ, 10-ը օգոստոսի, 2018թ․
Հայաստան - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բերդում բնակչության հետ հանդիպման ժամանակ, 10-ը օգոստոսի, 2018թ․

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր առավոտյան սկսեց իր աշխատանքային այցը Տավուշի մարզ: Բերդում նա հանդիպում ունեցավ բնակիչների, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմնի ներկայացուցիչների հետ:

Պատասխանելով «Ազատության» հարցին, թե ինչպես կարձագանքի Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ նախորդ շաբաթ արած հայտարարությանը, որ Հայաստանի նոր կառավարությունը շեղվել է իր հավաստիացումներից և քաղաքական հետապնդում է իրականացնում, Փաշինյանը ասաց, որ Հայաստանում այժմ նոր իրավիճակ է, և բոլորը, այդ թվում՝ Ռուսաստանի գործընկերները, պետք է դրան ադապտացվեն:

Վարչապետին հարց ուղղվեց նաև Հայաստանի երկրորդ նախագահի կալանավորման վերաբերյալ, մեջբերվեցին Ռոբերտ Քոչարյանի խոսքերը, որ ինքը քաղաքական հետապնդման է ենթարկվում: Փաշինյանը ասաց, որ ի պաշտոնե չի կարող արձագանքել, քանի որ դա միգուցե մեկնաբանվի որպես «միջամտություն, ազդեցություն գործի վրա», բայց, միևնույն ժամանակ, ընդգծեց, թե իր կարծիքով՝ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի գիտի այդ հարցի պատասխանը:

Ռոբերտ Քոչարյանը 2008 թվականի մարտի 1-2-ի արյունալի իրադարձությունների գործով մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու մեջ, հուլիսի 27-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրել կալանավորումը:

Բերդ համայնքի ներկայացուցիչների հետ վարչապետի հանդիպումը տեղի ունեցավ քաղաքի կենտրոնական հրապարակներից մեկում: Նիկոլ Փաշինյանը իր ելույթում նշեց, որ այն, ինչ կատարվեց մայիսին Երևանում, դրան վերջին 20 տարիներին քաղաքացիները չէին հավատում, բայց դա տեղի ունեցավ, քանի որ բոլորը մի պահ հավատացին, և բոլորի ջանքերով կարողացան քաղաքական փոփոխությունների բերել:

Վարչապետը նշեց նաև, որ սահմանամերձ համայնքի հիմնական խնդիրները շարունակում են կառավարության ուշադրության կենտրոնում մնալ, ասաց, որ այստեղ բազմաթիվ բարեգործություններ են եղել, բայց կառավարության գերխնդիրն է բարեգործությունները փոխարինել աշխատանքով, այսինքն, ըստ Փաշինյանի, կարելի է բարեգործությամբ օգնել գյուղացուն, բայց դա նրա առօրեական խնդիրները միայն կլուծի:

Համայնքի բնակիչների հետ հանդիպումից հետո վարչապետը առանձին հանդիպում ունեցավ տեղական ինքնակառավարման մարմնի ներկայացուցիչների հետ: Հիմնական հուզող հարցերը համայնքի խոշորացումից հետո խնդիրներն էին: Փաշինյանն ասաց, որ այդ հարցերը նույնպես ուշադրության կենտրոնում են:

Մինչև երեկո, ժամը 20-ը վարչապետը նախատեսում է մի շարք համայնքներում լինել: Հաջորդ կանգառը կլինի Ոսկեպար համայնքում, այնտեղ նույնպես նախատեսված է Նիկոլ Փաշինյանի հանդիպումը բնակչության հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG