Մատչելիության հղումներ

Լևոն Բարսեղյանն ընտրվեց Շիրակի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ


Շիրակի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նոր կազմն այսօր առաջին նիստն անցկացրեց, ընտրվեց խորհրդի նախագահ: Նիստին ներկա էին խորհրդի 24 անդամներից 14֊ը: Առաջադրվեց նախագահի 2 թեկնածու՝ Լևոն Բարսեղյանն ու Սեյրան Մարտիրոսյանը: Վերջինս ինքնաբացարկ հայտնեց և խորհուրդը միաձայն Լևոն Բարսեղյանին ընտրեց հոգաբարձուների խորհրդի նախագահ:

Իր ելույթում Բարսեղյանը նախ խոսեց այն մասին, որ բուհերն այլևս քաղաքական նպատակների չեն ծառայելու: - «Ոչ ոք այլևս չի համարձակվելու բուհի ուսանողներին, դասախոսներին տանել քաղաքական հանրահավաքների, պաշտպանել տալ այսինչ թեկնածուին և քարկոծել տալ այնինչ թեկնածուին», - հայտարարեց նա:

Բարսեղյանը 20 տարի անընդմեջ քննադատել է, թե բուհը թաղված է կոռուպցիայի մեջ: «Ազատության» այն հարցին, ինչպե՞ս է պատրաստվում պայքարել իր մշտապես իր քննադատության թիրախում հայտնված երևույթների դեմ, բուհի հոգաբարձուների նորընտիր նախագահը պատասխանեց․ - «Երբ նախարարն ինձ առաջարկեց լինել հոգաբարձուների խորհրդի անդամ, մտածելու բան ունեի իսկապես, որ արժե՞ գնալ այնտեղ, տանջվել, ինչ֊որ ջանքեր ներդնել: Հնարավո՞ր է ուղղել, կարգի բերել այնքան, որքան դա կարող է անել խորհրդի անդամը, թե ոչ, մտածեցի, որ՝ բեր այդ մի շանսը փորձենք: Եվ եկա՝ մարդիկ առաջարկեցին, ես դեմ չեղա: Քանի ես այստեղ եմ՝ այստեղ կոռուպցիա չի լինելու ու լիքը ուրիշ բան է փոխվելու»:

Շիրակի պետական համալսարանն այս տարի լուրջ խնդրի առաջ է կանգնած: Ռեկտորի պարտականությունները կատարող Երվանդ Սերոբյանը ներկայացրեց բուհի ֆինանսական վիճակը, ասաց, որ այս տարի ավելի քիչ թվով ուսանողներ են ընդունվել և ստիպված են լինելու հաստիքներ կրճատել, դրույքաչափեր նվազեցնել․ - «Նախնական հաշվարկներ եմ արել, ձեր թույլտվությունը ինձ անհրաժեշտ էր՝ 10-12 մարդ երևի աշխատանք կկորցնի»:

Նաև դիմեց հոգաբարձուների խորհրդին, որ թույլ տան 40 մլն դրամ վարկ վերցնել պետական հարկերն ու տուրքերը վճարելու և տույժ-տուգանքներից խուսափելու համար: Խորհուրդը չշտապեց համաձայնություն տալ, վտանգ տեսնելով, որ բուհը վարկի բեռի տակից դուրս չի գա: Որոշեցին ուսումնասիրել ներկայացվող հիմնավորումները, հետո միայն հաստատել կամ մերժել:

Բուհի ռեկտորի պարտականությունները կատարող Երվադ Սերոբյանին ավելի շատ մտահոգում է բուհում տիրող մթնոլորտը: Փորձում է բոլոր կողմերի հետ բանակցել, որ հրապարակային սոցիալական ցանցերում վերջ դրվի բուհի մասին քննադատությանը, որը ազդել է կրթական հաստատության իմիջի վրա: Բուհի նախկին ռեկտոր Սահակ Մինասյանին կաշառակերության, անօրինականության մեջ մեղադրող աշխատանքից հեռացված դասախոսներից Գագիկ Համբարյանը դատարանի վճռով վերականգնվել է աշխատանքի: Երվանդ Սերոբյանը ասաց, որ չի պատրաստվում բողոքարկել դատարանի վճիռը:

Եվս 2 դասախոսների աշխատանքի վերականգման հարցով դատական գործերն ընթացքի մեջ են: Հոգաբարձուների խորհրդի անդամներից՝ Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը մատնանշեց, որ խոսակցություններ կան, թե ռեկտորի պաշտոնակատար Երվանդ Սերոբյանը համարվում է նախկին ռեկտոր Սահակ Մինասյանի մարդը և փաստացի բուհը հենց Մինասյանն է ղեկավարում:

«Մինասյան Սահակը բուհից գնացել է մայիսի 17-ին: Ես դրանից հետո Մինասյան Սահակին Շիրակի պետական համալսարանի մասնաշենքերից որևէ մեկում չեմ տեսել», - արձագանքեց Սարուխանյանը: - «Ինձ ամենաշատը վիրավորում է, որ ես անընդհատ փորձելու եմ ապացուցել բոլորին, որ ես ուղտ չեմ: Ցանկացած օր, երբ որևէ մեկի թելադրանքը կլինի իմ նկատմամբ, ես այդ օրը կգրեմ դիմումս ու կգնան», - հայտարարեց նա:

Որոշվեց նաև, որ հոգաբարձուների խորհրդի հաջորդ նիստին կհայտարարվեն ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթի օրն ու պայմանները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG