Մատչելիության հղումներ

Երևանի քաղաքապետի՝ ԲՀԿ-ի թեկնածուն Նաիրա Զոհրաբյանն է


Նաիրա Զոհրաբյան, արխիվ
Նաիրա Զոհրաբյան, արխիվ

Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցություններից չորսն արդեն բացահայտել է քաղաքապետի իրենց թեկնածուին:

Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքապետի թեկնածուն պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն է: Այսօր կայացած քաղխորհրդի նիստում կուսակցությունը որոշել է նաև սեպտեմբերին կայանալիք ընտրություններին մասնակցել միայնակ: Նաիրա Զոհրաբյանին ցուցակում կհաջորդի «Կենտրոն» հեռուստաընկերության հաղորդավար Պետրոս Ղազարյանը, իսկ երրորդ հորիզոնականում քաղաքագետ, ռադիոհաղոդավար Արման Աբովյանն է։ Նիստի ավարտին, «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը հայտարարեց՝ ընտրությունների են գնում հաղթելու տրամադրվածությամբ։

«Ես չեմ կարող ընկալել այն քաղաքական ուժին, որը միջակության տրամաբանությամբ կամ տոկոսային որոշակի հարաբերակցություն հրապարակելով է գնում ընտրությունների: Բնականաբար, մենք բոլոր նախադրյալներն ունենք՝ ամենաբարձր ցուցանիշ ապահովելու»,- «Ազատությանն» ասաց Էնֆիաջյանը:

Քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանն այսօր չխոսեց, բայց խոստացավ մինչ շաբաթավերջ ներկայացնել իր ծրագիրը։ Ըստ Էնֆիաջյանի, դրանում ներառված են երևանցիներին մտահոգող բոլոր այն խնդիրները, որոնց լուծումը «Բարգավաճ Հայաստանի» համար իրատեսական է․ «Ծրագիր, որին սպասում է երևանցին, ծրագիր, որի անհրաժեշտությունն ունի մեր մայրաքաղաքը»:

Կուսակցության ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Պետրոս Ղազարյանը բացակայում է երկրից: Եռյակը եզրափակող Արման Աբովյանն «Ազատության» հետ զրույցում նշեց, թե տարիներ շարունակ լուսաբանել ու վերլուծել է մայրաքաղի խնդիրները և այժմ ցանկանում է զբաղվել դրանց լուծմամբ։ «Իմ հիմնական նպատակը՝ գնալ ընտրություններին, դա է, որ ես ներգրավված լինեմ և ինչքանով թույլ կտան իմ ունակությունները, օգտակար լինեմ իմ քաղաքին»,- «Ազատությանն» ասաց Աբովյանը:

ԲՀԿ-ի` առաջիկա օրերին հրապարակվելիք ամբողջական ցուցակում, ըստ Աբովյանի, երևանցիները կտեսնեն անվանի ու սիրված շատ դեմքերի։ Նրա կարծիքով, ներկա իրավիճակում «Բարգավաճ Հայաստանը» հաղթանակի իրական հնարավորություն ունի․ «Որովհետև բացի այն պոտենցիալից, որ մենք ունենք, երբ մենք ինչ-որ մի բան խոստանում ենք, ուրեմն հաստատ կանենք»:

ԱԺ-ում սուր ելույթներով աչքի ընկնող պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի մրցակիցների մի մասն արդեն հայտնի է․ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագրի» քաղաքապետի թեկնածուն դերասան Հայկ Մարությանն է, «Երկիր Ծիրանին» այդ պաշտոնում կառաջնորդի կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանին, ՀՀՇ-ի ցուցակի առաջին հորիզոնականում տեղ կզբաղեցնի «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Արարատ Զուրաբյանը: «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցություններն այժմ քննարկում են արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի թեկնածությունը: ՀՅԴ-ն դեռ անուններ չի հրապարակում, բայց մասնակցելու է ընտրություններին: Առայժմ հստակ չէ՝ կմասնակցի՞ արդյոք Երևանի ավագանու ընտրություններին Հանրապետական կուսակցությունը։

«Ծառուկյան» խմբակցության քարտուղարի կարծիքով, նոր իրողությունները հիմք են տալիս հուսալու, որ ընտրությունները կլինեն արդար ու թափանցիկ։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, ըստ Էնֆիաջյանի, քարոզարշավին կմասնակցի քաղաքական ողջ թիմով, հնարավոր է՝ հարթակում լինի նաև Գագիկ Ծառուկյանը։

Երևանն արդեն ավելի քան 20 օր է չունի քաղաքապետ: Մայրաքաղաքը 7 տարի կառավարած հանրապետական Տարոն Մարգարյանը հուլիսի 9-ին հայտարարեց իր հրաժարականի մասին։ Ըստ Տարածքային կառավարման նախարարի, առաջիկա շաբաթներին կառավարությունը Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների օր կնշանակի, ընտրությունները կանցկացվեն սեպտեմբերի երկրորդ կեսին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG