Մատչելիության հղումներ

Շիրակի մարզում հացահատիկի աննախադեպ բերք է գրանցվել


Շիրակի մարզում երկու շաբաթ է, ինչ սկսվել է հացահատիկի բերքահավաքը: Թեև նախորդ տարվա համեմատ 7000 հեկտարով ավելի քիչ են հացահատիկ ցանել, սակայն ստացած բերքը, ըստ մարզպետարանի գյուղվարչության պետ Մովսես Մանուկյանի, աննախադեպ է մարզի համար: «Շատ հավանական է, որ միջին բերքը կմոտենա մոտ 35 ցենտների, նման բերք մենք չենք ունեցել Շիրակի մարզում»,- ասաց Մանուկյանը:

Ցանքատարածությունները բերքահավաքից առաջ կարկտահարությունից չեն տուժել, փոխարենը կարկուտին հավասարազոր մեկ այլ աղետ է գրանցվել մարզում: Քամին ու անձրևները ցորենի ու գարու ցանքատարածություններին մեծ վնաս են հասցրել, կան տարածքներ, որտեղ պարզապես անհնար է բերքը քաղել, դժգոհում են գյուղացիները:

Մարզպետարանում հիմա հաշվառում են, թե որքան նման ցանքատարածություն կա: Կհաշվառեն, կուղարկեն կառավարություն, ասում է Մովսես Մանուկյանը: Վնասը կփոխհատուցվի, թե ոչ, պարզ չէ, քանի որ առաջին անգամ են նման աղետի բախվում, իսկ տուժած համայնքների թիվը գնալով ավելանում է:

Այս տարի Շիրակի մարզը կամբարի շուրջ 120 հազար տոննա հացահատիկ, այն դեպքում, երբ ցանքատարածությունները նվազել են: Միջինը 35 ցենտներ բերք է ապահովվում մեկ հեկտարից: Գյուղացինեը հիմնականում գոհ են: Դժգոհ են մթերման գնից: Երբ ծախսն ու բերքից ակնկալվող եկամուտը համեմատում են, հող մշակելը «անեկամտաբեր զբաղմունք է դառնում», ասում են նրանք:

Ըստ մարզպետարանի գյուղվարչության պետի, հրատապ խնդիր է գյուղտեխնիկայի թարմացումը: Երկարաժամկետ լիզինգով բանկերը գյուղացիներին տրամադրում են կոմբայններ, բայց պահանջվող կանխվճարը հողի մշակները պարզապես ի վիճակի չեն վճարել: Ստացվում է՝ գյուղացիները դեռ երկար են մնալու հին կոմբայնների հույսին: Ըստ մասնագետների՝ հնամաշ տեխնիկայի պատճառով կորչում է բերքի առնվազն 10 տոսկոսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG