Խորհրդարանական ուժերն ու կառավարությունը Ընտրական օրենսգրքի փոփոխությունների թերևս ամենաառանցքային՝ գործող ռեյտինգային ընտրակարգը վերացնելու հարցում եկել են համաձայնության։ ԱԺ չորս ուժերից ձևավորված աշխատանքային խումբն արդեն կառավարությանն է ներկայացրել փոփոխությունների վերաբերյալ վերջնական հայեցակարգը։
Ըստ վարչապետին առնթեր ընտրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանի, անգամ ռեյտինգային համակարգը ներդրած հանրապետականներն այն պահպանելու ցանկություն չեն հայտնել։
«Ստացված առաջարկների մեջ չկա գործող ընտրակարգը պահպանելու առաջարկ: Մի բան է մի քիչ ցավալի, որ մենք առաջարկների հետ միասին, գոնե առայժմ, չենք ստացել հիմնավորումները: Որովհետև մենք փաստերով ենք աշխատում: Նայում ենք հիմնավորումները և տեսնում՝ արդյո՞ք դրանք ավելի ծանրակշիռ են մեր հիմնավորումներից: Եթե ավելի ծանրակշիռ են, մենք կարող ենք մեր մոտեցումը փոխել: Բայց եթե դա ընդամենն առաջարկ է և որևէ հիմնավորմամբ փաստարկված չէ, իսկ մեր դիրքորոշումը փաստարկված է հիմնավորումներով, ապա ես չեմ կարծում, որ մեր հանձնաժողովը կփոխի իր դիրքորոշումը»,- «Ազատությանն» ասաց Իոաննիսյանը:
Սակայն ռեյտինգային համակարգը վերացնելու հարցում համաձայնության հասած քաղաքական ուժերը դեռևս տարաձայնություններ ունեն գործող համակարգի փոփոխման մոդելի հարցում: Կառավարության դիրքորոշումն այս առնչությամբ հստակ է՝ ընտրությունները պետք է անցկացվեն 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգով, և կուսակցությունը պետք է ներկայացնի մեկ ցուցակ։
Խորհրդարանական ուժերից երեքը՝ ՀՅԴ-ն, Հանրապետականն ու «Ծառուկյանը», սկզբունքորեն դեմ չլինելով կառավարության տարբերակին, միաժամանակ, երկրորդ մոդելն են առաջարկում՝ ընտրություններն անցկացնել համամասնական կարգով, բայց բաց ցուցակներով, այդպիսով ընտրողներին հնարավորություն տալով իրենց քվեով որոշել, թե տվյալ կուսակցության ցուցակում ընդգրկվածներից հատկապես ով պետք է պատգամավոր դառնա։ Իոաննիսյանի խոսքով՝ այս առաջարկը տեխնիկական լուրջ խնդիրներ կարող է ստեղծել։
«Բացի այդ, մենք տեսնում ենք բազմաթիվ ռիսկեր, ըստ էության՝ բոլոր այն ռիսկերը, որոնք կան տարածքային ցուցակների պարագայում, և դարձյալ չենք ստացել հիմնավորումներ այն մասին, որ այդ ռիսկերն իրականում չկան կամ կան դրանց նվազեցման մեխանիզմներ: Օրինակ՝ զուտ պրոցեսի կազմակերպման տեսանկյունից շատ դժվար է, որ տեղամասային հանձնաժողովը 1500 տրցակ ունենա քվեաթերթիկների: Դա իրագործելի չէ»,- նշեց Իոաննիսյանը: