Մատչելիության հղումներ

ՎԶԵԲ-ը Գյումրիին ևս 3 ծրագիր է առաջարկում


Շինարարություն Գյումրիի կենտրոնում, արխիվ
Շինարարություն Գյումրիի կենտրոնում, արխիվ

Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկի 23,8 միլիոն եվրո կազմող ֆինանսավորմամբ Գյումրիում մեկնարկած փողոցաշինության ծրագրի ընթացքին ու առաջ եկած խնդիրներին տեղում ծանոթանալու համար բանկի տնօրենների խորհրդի անդամ Ֆրանց Վիկերսն այսօր այցելել էր Գյումրի: Նախ հանդիպեց քաղաքապետի հետ՝ ճշտելու, թե ծրագրի ընթացքը խոչընդոտող ինչ խնդիրներ կան և արդյո՞ք հնարավոր է արագորեն գտնել դրանց լուծումները:

Ծրագրի առաջին փուլով նախատեսվում է այս տարի Գյումրիում 12 կմ ճանապարհ հիմնանորգել: Մի քանի փողոցների նորոգումը նախատեսվում է ավարտել մինչև դեկտեմբեր, մնացածը՝ արդեն հաջորդ տարի: քաղաքապետ Սամվել Բալասանյանը դժգոհեց՝ բանկի ֆինանսավորման գործընթացն է երկար տևում:

Ֆրանց Վիկերսն իր հերին նշեց՝ բանկի տնօրենների խորհրդին կներկայացնի այդ խնդիրը, որպեսզի ֆինանսավորման ընթացակարգի ժամանակը հնարավորության դեպքում կրճատվի: «Որոշակի ուշացումներ կան՝ կապված բանկի ներքին ընթացակարգերի հետ, աշխատանքի որոշ մասը մի փոքր ուշանում է: Մենք կաշխատենք ամեն ինչ անել, որ մինչև ձմեռ կարողանանք ավարտին հասցնել այդ աշխատանքները»,- ասաց Վիկերսը:

ՎԶԵԲ-ի ծրագրերը Գյումրիում կշարունակվեն, եթե կառավությունը տա իր համաձայնությունը: Մի քանի ամիս առաջ ՎԶԵԲ-ի կազմակերպած «Կանաչ քաղաքներ» համաժողովին մասնակցել է նաև Գյումրին: Համաժողովի ժամանակ բանկն առաջարկել է 3 նոր ծրագիր իրականացնել: Քաղաքապետարանն այդ երեք ծրագրերը գրել ու նույնիսկ նախնական հաշվարկն է արել:

Ֆրանց Վիկերսը տեղեկացրեց, որ սեպտեմբերի վերջին Հայաստան կժամանեն ՎԶԵԲ-ի խորհրդի անդամները: Գյումրի այցելել նրանք չեն հասցնի, բայց խոստացավ, որ այդ 3 ծրագրերը կառավարության հետ կքննարկեն: Վիկերսը մինչ պատվիրակության, այցը, վաղը կառավարությունում կհանդիպի մի քանի նախարարների հետ:

«Ես վաղը և մյուս օրը հանդիպելու եմ նոր կառավարության անդամների հետ, հանդիպումների ընթացքում կքննարկենք ծրագրերը, բայց շատ կարևոր է, որ այս 3 ծրագրերի համար տան նախնական համաձայնություն, որից հետո միայն մենք կկարողանանք մտածել ու առաջ գնալ՝ ֆինանսավորման հետ կապված: Կարևոր հարցն այստեղ երկխոսությունն է կառավարության և Գյումրիի քաղաքապետարանի միջև, որպեսզի նրանք հաստատեն այդ ծրագրերը, քանի որ Հայաստանի բյուջեն ունի ֆիսկալ բյուջետային սահմանափակումներ, վարկային հնարավորությունները նկատի ունեմ»,- ասաց Վիկերսը:

Ըստ նրա՝ շատ կարևոր է, որ կառավարությունը համաձայնի՝ վարկառու դարձնել համայնքներին: Վիկերսը եղավ նաև բանկի ֆինանսավորմամբ կառուցվող փողոցներում: շինարարության ընթացքից գոհ էր՝ լուսանկարեց, զրուցեց շինարարների, տեխնիկական վերահսկողների հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG