Մատչելիության հղումներ

Յուրի Խաչատուրովը գրավի դիմաց ազատ արձակվեց


ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը ՀՔԾ-ում, 26-ը հուլիսի, 2018թ.
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը ՀՔԾ-ում, 26-ը հուլիսի, 2018թ.

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը 5 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել, «Ազատությանը» փոխանցեց Յուրի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը:

Նա հայտնեց, որ «Զվարթնոց» օդանավակայանում գործող բանկերից մեկում վճարել է գումարը և անդորրագիրն անմիջապես փոխանցել քրեակատարողական հիմնարկ, ինչից հետո՝ գիշերը ժամը 2-ի սահմաններում, իր պաշտպանյալը դուրս է եկել մեկուսարանից։

Կեսգիշերին Խաչատուրովի խափանման միջոցի վերաբերյալ դատարանի որոշման հրապարակումից հետո փաստաբանը հայտնել էր, թե «հենց այս պահին բարեկամական-հարազատական շրջանակում զբաղված են այդ գումարը հավաքելով»։ Մինչ գումարը հավաքվել էր, Պողոսյանը մեկնել էր օդանավակայան և մուծել գրավը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին դատարանի շենքից տեղափոխել էին մեկուսարան։

2008-ին Երևանի կայազորի պետի, ապա՝ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնները զբաղեցրած Յուրի Խաչատուրովին, ինչպես և Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ու պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին, «Մարտի 1»-ի գործով մեղադրանք է առաջադրվել սահմանադրական կարգը տապալելու համար: ՀՔԾ-ն միջնորդություն էր ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` Խաչատուրովի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:

Ուրբաթ օրը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը դատարանի շենքում պատասխանելով «Ազատության» հարցին՝ ասել էր, թե չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG